Ղարաբաղի երիտասարդները` մտահոգ ներկայով, նվիրված ապագային

Ոչ վաղ անցյալում ո՞վ կպատկերացներ Լեռնային Ղարաբաղում` պատերազմի բովով անցած այս երկրում, ուրվականների նման հագնված երիտասարդներին Հելոուին նշելիս:


Անցյալ տարվա հոկտեմբերին նրանք Հելոուինը նշեցին: Ինքնարտահայտման այդ պարզ, բայց և ապշեցնող արարքը վկայում է, թե ինչպես կարող է մի սերունդ, որը հնարավոր է՝ երբևէ չթոթափի պատերազմի ազդեցությունը, կարողացել է հաղորդակից դառնալ արտաքին աշխարհին և կոփել ազատությունն ամեն ինչից վեր դասող ոգի:

ԼՂՀ պաշտպանության բանակի պաշտոնական թերթի՝ «Մարտիկի» գլխավոր խմբագիր 35-ամյա Սուրեն Սարումյանն ասում է, որ Արցախում կա մի շերտ, որից պատերազմը խլեց մանկությունը, պատանեկությունը:

«Նախապատերազմյան ու հետպատերազմյան սերունդների միջև տարբերությունները շատ են: Ես եղել եմ հոկտեմբերիկ, պիոներ, դասագրքերում կարդացել եմ Վլադիմիր Իլյիչ Լենինի մասին, մեզ բերված բոլոր օրինակները նրա մասին են եղել, մինչդեռ մեր երեխաներն այսօր ոգեշնչվում են մեր ազգային հերոսներով: Այդ երեխաներն իրենց աչքը բացել են անկախ երկրում, գիտեն, որ սա իրենց հայրենիքն է, այս երկրի տիրոջ զգացողությունն ունեն հենց իրենց ծննդյան առաջին օրից»,- ասում է Սարումյանը:

Ըստ Սարումյանի՝ Արցախում գյուղերի և քաղաքների երիտասարդների միջև չի կարող շատ մեծ ջրբաժան լինել, քանի որ մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնից մինչև պատերազմ, սահմանագիծ, ընդամենը 30 րոպե է, և բոլորն էլ լավ գիտեն, թե որտեղ են ապրում, մինչդեռ Երևանում շատերը չեն պատկերացնում կյանքը մայրաքաղաքից դուրս, շատերի համար հայրենիքը սահմանափակվում է միայն Երևանով, իսկ Արցախում պատերազմին մոտ լինելու հանգամանքն ամեն դեպքում միավորում է մարդկանց:

1969-ից Ստեփանակերտում հիմնադրված Ադրբեջանի Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղը 1992-ի Արցախյան պատերազմի թեժ օրերին վերակազմավորվեց որպես Լեռնային Ղարաբաղի պետական համալսարան:

Ու թեև 1988-1992 թթ. համալսարանի գլխավոր մասնաշենքում տեղակայված էր գումարտակ, սակայն պատերազմի ավարտից հետո համալսարանում լայն թափ ստացան վերականգնման աշխատանքները, ու արդեն այսօր Արցախի պետական համալսարանում (ԱրՊՀ) գործում են 6 ֆակուլտետ, 21 ամբիոն, որտեղ աշխատում են 338 դասախոս, իսկ առկա և հեռակա բաժիններում սովորում են ավելի քան 4700 ուսանողներ, մագիստրանտներ, ասպիրանտներ:

Այսօր պատերազմական տարիներին տեղակայված երբեմնի գումարտակի շենքն ամբողջությամբ վերանորոգվել ու զինվել է նոր լաբորատորիաներով, լավագույն տեխնիկայով: Շենքի առջև բարձր և մեծ հովանոցներով, WiFi անվճար ինտերնետ կապով սրճարան է, որտեղ օրվա երկրորդ կեսից հետո գրեթե անհնար է ազատ սեղան գտնել:

ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու Վիտյա Յարամիշյանը վստահեցնում է, որ այսօր համալսարանում հրաշալի սերունդ է ուսում ստանում:

50-ամյա պրոռեկտորը թեպետ այսօր ժպիտով է հիշում Խորհրդային Միության տարիներին անցկացրած իր երիտասարդությունը, սակայն ասում է, որ նախանձում է այսօրվա երիտասարդների ազատությանը:

«Երբ մենք էինք երիտասարդ, այդքան շատ խնդիրներ չունեինք, մեր փոխարեն ամեն բան որոշված էր. դպրոցից հետո ուսումը, աշխատանքն ինքնըստինքյան լինում էին, մինչդեռ հիմա երիտասարդները դժվարանում են ընտրության հարցում, բայց նրանք ապրում են ազատ երկրում և ազատ են իրենց որոշումների մեջ, ինչը մեծագույն ձեռքբերում է»,- ասում է Յարամիշյանը:

Ըստ հոգեբանական գիտությունների թեկնածուի՝ պատերազմն ամենամեծ չարիքն է, որն ամբողջ կյանքում հետապնդում է պատերազմ տեսած մարդուն:

«Հետպատերազմյան առաջին տարիներին, երբ ընտանիքիս հետ մի քանի օրով մեկնել էինք Երևան, մեր թաղամասը, որտեղ ապրում էինք, մոտ էր օդակայանին, ու լսվում էր օդանավերի հռնդյունը, ամեն անգամ 5-ամյա աղջիկս վախից թաքնվում էր մոր փեշի տակ: Աղջիկս մինչև հիմա էլ բարձր ձայն լսելիս զգաստանում է»,- ասում է Յարամիշյանը:

Խոր հետքեր

1994-ի մայիսին հրադադարի ռեժիմի պայմանագիր կնքելուց 2 ամիս առաջ Ստեփանակերտում ծնված Անժելիկա Զախարյանը, ով այսօր սովորում է ԱրՊՀ պատմաքաղաքագիտական ֆակուլտետի քաղաքագիտության բաժնում և ֆակուլտետի ուսխորհրդի նախագահն է, թեև ոչինչ չի հիշում պատերազմից, բայց ասում է, որ պատերազմը շատ խոր հետքեր է թողել, որոնց սպիացումը երկար ժամանակ կպահանջի:

«Պատերազմի տարիներին զոհվել է պապս, հայրս վիրավորվել է: Արցախում երևի չեք գտնի մի ընտանիք, որ հարազատ կորցրած չլինի, իսկ կորուստները մեծ ազդեցություն են ունեցել բոլորիս վրա, կարելի է ասել` մենք դեռ հետ չենք վերադարձել պատերազմից,- ասում է 18-ամյա ուսանողուհին՝ հավելելով, որ մասնագիտությունն ընտրել է, քանի որ մտահոգված է հայրենիքի կոնֆլիկտային վիճակով: - Իմ ծնողներն ու նախնիները շատ են պայքարել այս հողերի համար, ես էլ փորձում եմ այդ պայքարին դիվանագիտորեն օգնել»:

Զախարյանն իր ընկերներով 2011-ին ստեղծել է «Ազատ Արցախ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է բնապահպանությամբ, իրականացնում մշակութային ծրագրեր, որոնք սերմանում են հայրենասիրություն: Կազմակերպությունն ունի 50-ից ավելի անդամ:

1996-ին Ստեփանակերտում հիմնադրված «Գրիգոր Նարեկացի» քոլեջ-համալսարանի ռեկտորի օգնական, 23-ամյա ռուսերենի դասախոս հադրութցի Գայանե Օհանյանի հուշերում պատերազմը զուգորդվում է հոր հետ, ով այդ տարիներին հայրենի հողի սահմաններն էր գծում:

«Պատերազմից քիչ բան եմ հիշում, հիշում եմ միայն հորս մորուքն ու նրա կանաչ համազգեստը, որից տհաճ՝ արյան, ժանգի հոտ էի առնում: Հիշում եմ պայթյունների ձայները և նկուղները, որտեղ լիքը երեխաներ կային, բայց մենք միշտ լուռ էինք ու սովորական երեխաների պես չէինք խաղում: Հետո մենք տեղափոխվեցինք Երևան, իսկ պապան շարունակեց մնալ մարտադաշտում, ու հիշում եմ, թե ինչպես էի ամեն գիշեր վերմակիս տակ թաքուն լալիս հորս կարոտից ու աղոթում, որ նա շուտ վերադառնա»,- թախծոտ ժպիտը դեմքին հիշում է Գայանեն:

Պատերազմից հետո Գայանեի ընտանիքը մեկնում է Ուկրաինա, սակայն հայրենիքի նկատմամբ կարոտը տարիներ անց ստիպում է վերադառնալ հայրենի Հադրութ և այստեղ կերտել ապագան:

«Պատերազմից հետո կամաց-կամաց սկսեցինք ոտքի կանգնել, բայց եթե պատերազմը չլիներ, մենք շատ ավելի առաջ կլինեինք: Այդ տարիներին մենք իհարկե շատ բան կորցրեցինք` մարդիկ տներ էին կառուցել, լավ աշխատանք ունեին, բայց պատերազմում մեկը որդուն կորցրեց, մյուսը` հորը: Երեխաները, ովքեր կորցրել են իրենց ծնողներին, իմ տարիքին են, և նրանց համար շատ դժվար է առանց ծնողի ոտքի կանգնել: Իսկ եթե պատերազմը չլիներ, գուցե այդ երեխաներն արդեն ապահովված կյանք ունենային»,- ասում է երիտասարդ դասախոսը՝ հավելելով, որ չնայած հետպատերազմյան դժվարություններին` հպարտանում է Արցախի ձեռքբերումներով և գոհ է արցախցի երիտասարդների կյանքից:

Թեև Գայանեն ԱրՊՀ-ի ռուսաց բանասիրական բաժինը ավարտելուց հետո ներկայումս ապրում և աշխատում է Ստեփանակերտում, սակայն ասում է, որ ուրախ ժամանց անցկացնելու համար մեկնում է Հադրութ, քանի որ այնտեղ երիտասարդների ժամանցն ավելի լավ է կազմակերպվում, քան Արցախի որևէ այլ վայրում:

Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքում է գործում հանրապետության առաջին և դեռևս միակ դիսկոտեկը: Ակումբներ Արցախում շատ կան, իսկ դիսկոտեկներ, թեև մի քանի անգամ բացվել են, սակայն կարճ ժամանակ անց փակվել են, քանի որ պահանջարկն այնքան էլ մեծ չի եղել:

«Արցախի յուրաքանչյուր շրջան ունի իր առանձնահատկությունը, օրինակ` Հադրութում կյանքն ուրախ է անցնում, շաբաթը երկու անգամ երեկոյան երիտասարդությունը հավաքվում է դիսկոտեկում, մինչդեռ, օրինակ, Մարտակերտում երեկոյան 6-ից հետո երիտասարդներին թույլ չեն տալիս փողոց դուրս գալ պարզապես քայլելու համար: Այնտեղ բարքերը փոքր-ինչ խիստ են»,- ասում է Գայանեն:

«Եղիր մեզ պես…»

Արցախցի երիտասարդները համոզված են, որ իրենք ոչնչով չեն զիջում մեծ, եվրոպական, զարգացած երկրներում ապրող իրենց հասակակիցներին:

Նրանք ապրում են չճանաչված երկրին բնորոշ սահմանափակումներով, բայց գունավոր են, մշտազբաղ, ակտիվ:

17-ամյա Վաչե Քոչարյանը իր ժամանակակից գունավոր հագուկապով ու սանրվածքով տարբերվում է Ստեփանակերտի փողոցներով քայլող տղաներից, ովքեր նախընտրում են զուսպ հագնվել և ամենակարևորը, ինչպես ընդունված է Ղարաբաղում, մուգ գույների մեջ, աննկատ և առանց իմպրովիզացիաների:

Վաչեն սովոր է այն խեթ հայացքներին, որոնք ամեն օր ոտքից գլուխ չափում են իրեն:

«Օրինակ` Երևանում այդ խնդիրը չկա, ավելի ազատ են այդ առումով,- ասում է նա և ավելացնում, որ հնարավորության դեպքում կուզեր որոշ ժամանակ այլ երկրում ապրել, «լավ կրթություն ստանալ և, ինչու չէ, հենց այլ երկրներից փորձել օգտակար լինել հայրենիքին»:

Վաչեն ասում է, որ միշտ զարմանում է, երբ այլ երկրներում կարծում են, թե Ստեփանակերտը խրամատ է, և այստեղ ամբողջ օրը կրակում են մարդկանց վրա:

«Համոզված եմ, որ պատերազմ չի սկսվի: Պատերազմն ընթանում է դիվանագետների միջև, որովհետև ոչ ոք չի ցանկանա ռազմական գործողություններ: Ոչ ոք չի ուզի, որ էս քսան տարիների ընթացքում կառուցած իր շքեղ առանձնատունը ռմբակոծվի՝ թե´ Ադրբեջանում, թե´ Ղարաբաղում»:

Տևական խաղաղության պայմաններում ապրող Ղարաբաղի երիտասարդությունը, չնայած բազմաթիվ զրկանքներին, կարծես թե չի ուզում հավատը կորցնել իր երկրի ապագայի հանդեպ:

«Ծնողներս շատ են պատմել պատերազմի տարիներից, շատ վախենալու տարիներ էին: Բայց այդքանից հետո էլ նույնիսկ Մոսկվայում չկարողացանք ապրել, վերադարձանք Ղարաբաղ ու էլ չենք ուզում ոչ մի տեղ գնալ, ուզում եմ միշտ էստեղ ապրեմ»,- հուզմունքը թաքցնելով պատմում է 18-ամյա Օլգա Դավիդյանը, ով սովորում է Արցախի պետական համալսարանի տուրիզմի բաժնում:

Երկու ծամիկներով, մանկական ժպիտով Օլգան երազում է, որ գա այն օրը, երբ Երևանի և այլ քաղաքների իր հասակակիցները նախանձեն իրեն:

«Որ իրենք փորձեն մեզ նմանվել, մեզ պես տեղեկացված լինեն, աշխատասեր, զարգացած լինեն: Գիտեմ` մի օր այդպես է լինելու, մեզ սովորեցնում են այդպիսին լինել»,- ոգևորված պատմում է նա:

Օլգան ասում է, որ շատ է վախենում պատերազմ ասվածից: Բայց և ներքուստ վստահ է, որ պատերազմը չի լինի:

«Ես կարծում եմ, որ մեր և ադրբեջանցի ժողովուրդները չեն ցանկանա նոր պատերազմ: Բացի այդ, մեր հակամարտությամբ արդեն ուրիշ երկրներ են սկսել զբաղվել, և հեռուստատեսությամբ միշտ լսում եմ, որ նրանք կոչ են անում խաղաղություն պահպանել»,- ասում է Օլգա Դավիդյանը:

22-ամյա Արսեն Օհանջյանն ավելի կտրուկ է խոսում պատերազմի մասին: Նա էլ է համոզված, որ Ադրբեջանը չի համարձակվի այդ քայլին դիմել:

«Իսկ ի՞նչ են շահել նախորդ պատերազմից և ինչո՞ւ են վստահ, որ այս անգամ կշահեն: Սկսելու լինեին՝ վաղուց կսկսեին»,- ասում է ծնունդով մարտակերտցի Արսենը, ով արդեն մի քանի տարի է` աշխատանքի բերումով ապրում է Ստեփանակերտում:

Նա պատմում է, որ չնայած իր երիտասարդ տարիքին` մի քանի տեղ է աշխատում, որպեսզի գումար կուտակի և ամուսնանա:

«Ընտանիք ստեղծելը յուրաքանչյուր ղարաբաղցի երիտասարդի պարտականությունն է: Մենք պետք է բազմանանք: Այո´, կառավարությունը խրախուսում է, փորձում է պայմաններ ստեղծել, բայց դա բավարար չէ, պետք է նաև մենք աշխատենք ու չծուլանանք»,- ասում է Արսենը՝ խոստովանելով, որ շատ անգամ է արտագնա աշխատանքի հնարավորություն ունեցել, բայց դեռ շատ չի զգում դրա կարիքը:

«Ո՞ւմ է պետք իմ վաստակած դրամը, եթե ես պիտի ապրեմ առանց իմ սիրած աղջկա, առանց իմ ընկերների և հարազատների: Ի՞նչ պիտի անեմ այդ բարձր աշխատավարձը, եթե պիտի մենակ լինեմ մի ինչ-որ օտար երկրում»:

Արսենն ուզում է ապրել այնտեղ, որտեղ իր հարազատներն են: Իսկ իր բոլոր հարազատները Արցախում են:

«Ով էլ գնացել է՝ կա´մ եկել է, կա´մ էլ գումար է հավաքում, որ հետ գա»:

Մայրաքաղաք Ստեփանակերտից շուրջ 10 կմ հեռավորության վրա գտնվող Շուշի քաղաքի 20-ամյա բնակչուհի Նելլի Արզումանյանն ասում է, որ Շուշիի երիտասարդներն ավելի մեկուսացած են, քան Ստեփանակերտինը: Սակայն նա օրինակելի է համարում ղարաբաղցի իր հասակակիցների վճռականությունը:

Նելլիի ընտանիքը Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից է եղել, որն այսօր Ադրբեջանի և Ղարաբաղի միջև չեզոք գոտում է:

Նելլիի հայրը մասնակցել է գյուղի ինքնապաշտպանական մարտերին, իսկ ադրբեջանցիների կողմից գյուղի գրավման օրերին նրա ընտանիքը բռնագաղթել է Շուշի՝ Սեյսուլանում թողնելով տունն ու ամբողջ ունեցվածքը:

Արզումանյանն ասում է, որ ապրելով պատերազմի արհավիրքներ տեսած Շուշիում, որտեղ հրադադարի պայմանագիրը կնքելուց տարիներ անց էլ շատ բան պատերազմն է հիշեցնում, իհարկե զգում է պատերազմի վերսկսման վտանգ:

«Մենք հիմա էլ ենք պատերազմի մեջ, ապրում ենք չճանաչված հանրապետությունում, դիրքերից հաճախ վատ լուրեր ենք ստանում, զինվորներ են սպանվում ադրբեջանցի դիպուկահարների գնդակից, հիմա էլ չեն դադարում Ադրբեջանի սպառնալիքները Արցախի օդակայանի դեմ, ու երբ ամեն օր կա վտանգ, որ պատերազմ կսկսվի, դա արդեն իսկ նշանակում է, որ մենք պատերազմի մեջ ենք»,- ասում է Արզումանյանը՝ հավելելով, որ ժամանակ առ ժամանակ ժողովրդի մեջ շշուկներ են տարածվում պատերազմի վերսկսման մասին, և նման խոսակցությունները մտահոգության պատճառ են դառնում:

«Այս գարնանը, երբ ադրբեջանցիների կողմից մի քանի դիվերսիաներ եղան Արցախի, Հայաստանի սահմաններում, ու պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները թարմացան, նույնիսկ խուճապ սկսվեց, նման պահերին ուզում եմ թողնել-գնալ մի ապահով վայր, բայց հետո նայում եմ այն ամենին, ինչ 20 տարի առաջ ծնողներս զրոյից են ստեղծել՝ տուն, հարմարավետ պայմաններ, էս ամենը այսպես թողնել ու գնալ չի լինի»,- ասում է Արզումանյանը:

20-ամյա շուշեցին վերջին տարիներին Արցախից հեռանալու տարբեր առաջարկներ է ստացել և ունի Շուշին լքելու շատ հնարավորություններ` մայրական կողմի բոլոր բարեկամները Ռուսաստանում են ապրում, տարբեր ծրագրերով եղել է արտասահմանում, դրսի երիտասարդների հետ շփում ունի, սակայն Շուշիից, որտեղ անցել են մանկությունն ու պատանեկությունը, որտեղ հաստատված է 6 հոգանոց ընտանիքը, դժվար կարողանա հրաժարվել:

«Ես չեմ պատկերացնում իմ կյանքը դրսում, չեմ պատկերացնում, որ կգնամ հեռուներ ու չեմ վերադառնա էն հողը, որի համար իմ բարեկամներն արյուն են թափել: Ուզում եմ պսակվել Ղազանչեցոցում, ապրել Շուշիի հին, պատմական շենքերից մեկում ու հենց այդտեղ էլ մեծացնել ապագա երեխաներիս»,- ասում է Արզումանյանը: