Սիրված դերասանները` ճանապարհային ողբերգության զոհ. «Որոգայթ» սերիալի Գոքորն ու Գարիկը զոհվել են գիշերային ավտովթարի հետևանքով

Հայկական հեռուստատեսության երկու հանրահայտ դերասաններ զոհվել են երկուշաբթի` կեսգիշերի մոտ, Երևան-Արմավիր մայրուղում տեղի ունեցած վթարի հետևանքով, երբ նրանց ավտոմեքենան մխրճվել է ծառերի մեջ:

Դեպքի վայրում մահացել է 35-ամյա Գեղամ Ղանդիլյանը, որը հազարավոր հայաստանցիների հայտնի է որպես քրեական աշխարհի մասին պատմող «Որոգայթ» սերիալի հերոս Գոքորի դերակատար:

Տեղում մահացել է նաև 36-ամյա Արամ Միսկարյանը, որը նույն սերիալում կատարում էր Գարիկի դերը:

Օպերատոր 26-ամյա Էդգար Տեր-Ադամյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Փրկարար ծառայության տվյալներով` Արմավիր-Երևան ավտոմայրուղու Առատաշեն գյուղի հատվածում BMW մակնիշի ավտոմեքենան գերազանցել է արագությունը, մեքենան վարող Տեր-Ադամյանը կորցրել է վերահսկողությունը, և այն մխրճվել է ծառերի մեջ:

Էջմիածնի հիվանդանոցի տնօրեն Վաչագան Մկրտչյանն «ԱրմենիաՆաուին» ասաց, որ Տեր-Ադամյանին տեղափոխել են Երևան, որտեղ նրա վիճակը կայուն ծանր է:

Հանրապետական դատաբժշկական փորձաքննության կենտրոնի մոտ, որտեղ բերվել էին դերասանների դիակները, հավաքվել էին նրանց ընկերները:

«Դատաբժիշկն ասաց, որ կասկածելի որևէ փաստ առայժմ չկա, հաստատ դժբախտ պատահար է»,- ասաց ֆիլմի դերասաններից մեկը, ով հրաժարվեց իր անունը տալուց:

Քրեական սերիալի հերոսներ Գարիկն ու Գոքորը ֆիլմում մարմնավորում էին մի օրենքով գողի հավատարիմ ընկերներին: Միսկարյանի ու Ղանդիլյանի հերոսների նկատմամբ ֆիլմի սյուժեով շարունակ մահափորձեր էին կատարվում:

«Նախախնամությանը չեմ հավատում, բայց այն, ինչ ֆիլմում չհաջողվեց անել նրանց թշնամիներին, արեց դաժան ճակատագիրը»,- «ԱրմենիաՆաուին» ասաց նույն ֆիլմի դերակատար Արմեն Մարությանը:

«Շատ սիրված էին, կիրթ, համեստ, շնորհքով, նման բան ուղղակի չպիտի լիներ»,- շարունակում է Երևանի Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան Մարությանը:

Երկուսն էլ պրոֆեսիոնալ դերասաններ չէին: Միսկարյանը (Գարիկ) մարզիկ էր, ղեկավարում էր Հայաստանի թեքվանդոյի ֆեդերացիան: Ղանդիլյանը (Գոքոր) մասնագիտությամբ ոսկերիչ էր:

Նրանք ամուսնացած չէին և երեխա չունեին: