Սիրված քրեականներ` էկրանին, կարգին տղաներ` կյանքում. երկրպագուների խոսքով` սերիալը «նույնը չի լինի առանց Գոքորի ու Գարիկի»

Սիրված քրեականներ` էկրանին, կարգին տղաներ` կյանքում. երկրպագուների խոսքով` սերիալը «նույնը չի լինի առանց Գոքորի ու Գարիկի»


Հեռուստասերիալների սիրահարները սգում են երկուշաբթի գիշերը ավտովթարի հետևանքով զոհված դերասաններ Արամ Միսկարյանի (Գարիկի դերակատար) և Գեղամ Ղանդիլյանի (Գոքորի դերակատար) մահը

Շարունակվում են երկրպագուների ցավակցությունները երկուշաբթի կեսգիշերի մոտ Երևանի մերձակայքում ավտովթարից զոհված երկու սիրված դերասանների մահվան առնչությամբ:

Լուրերը 35-ամյա Գեղամ Խանդիլյանի և 36-ամյա Արամ Միսկարյանի մահվան մասին, որոնք շատերին հայտնի էին պարզապես որպես սիրված «Որոգայթ» սերիալի քրեական կերպարներ Գոքոր և Գարիկ, երկուշաբթի արագորեն տարածվեցին Հայաստանով մեկ: Մարդիկ տարբեր վայրերում ծաղիկներ էին դնում` ի նշան հարգանքի, այդ թվում`մահաբեր ավտովթարի վայրում` Արմավիր-Էջմիածին մայրուղու վրա` մայրաքաղաք Երևանից մոտ 35 կմ դեպի արևմուտք:

Գիշերվա ընթացքում զոհվածների ընտանիքներին ուղղված 140-ից ավելի ցավակցություն է ստացել նաև «ԱրմենիաՆաուն»:

Երկու դերասանները տեղում մահացել են, երբ նրանց «ԲեԷմՎե»-ն, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհից և մխրճվել ծառերի մեջ: Մեքենայում գտնվող երրորդ անձը` օպերատոր Էդգար Տեր-Ադամյանը, ըստ Նոր Նորքի շտապօգնության հիվանդանոցից «ԱրմենիաՆաուի» ստացած վերջին տեղեկությունների, ծայրահեղ ծանր վիճակում է:

Եվ մինչ շատերը Հայաստանում ու արտերկրում իրենց ցավակցության ու աղոթքի խոսքերն են արտահայտում դերասանների մահվան առնչությամբ, մարդկանց մտահոգում է նաև` արդյոք «Շանթ» հեռուստաընկերությունը կշարունակի Հայաստանի քրեական աշխարհի կյանքը ներկայացնող սերիալի նկարահանումները, որում այդ երկու դերասաններն առանցքային դեր էին կատարում:

Ոչ Խանդիլյանը, ոչ էլ Միսկարյանը պրոֆեսիոնալ դերասաններ չէին, երբ ներգրավվեցին սերիալի նկարահանումներին` ճանաչում ձեռք բերելով Հայաստանում ու սփյուռքում: Միսկարյանը (Գարիկ) մարզիկ էր, Հայաստանի թեքվանդոյի ֆեդերացիայի նախագահը, իսկ Խանդիլյանը (Գոքոր) մասնագիտությամբ ոսկերիչ էր:

«Որոգայթը» ծնվել է հայկական առաջին ընտանեկան սերիալի` «Վերվարածների» սյուժետային գծերից մեկից, որը չափից ավելի կենտրոնացավ քրեական կյանքի արտացոլման վրա: Այդ ժամանակ սերիալի հեղինակները որոշեցին այդ գիծն առանձնացնել և նոր սերիալ նկարահանել: Այդպիսով, հիմնականում ընտանեկան կատակերգական սերիալ «Վերվարածների» շատ երկրպագուներ դարձան նաև «Որոգայթի» նվիրված հեռուստադիտողներ:

«Շանթ» հեռուստաընկերությունը երեքշաբթի երեկոյան հայտարարեց, որ որոշ ժամանակով դադարեցնում է «Որոգայթի» ցուցադրումը` հետագա քայլերի մասին այլ տեղեկություններ չհայտնելով:

Հեռուստադիտողները, մինչդեռ, չեն պատկերացնում սիրված սերիալն առանց հարազատ դարձած հերոսների:

Երևանի միակ կին տրոլեյբուսավար 57-ամյա Էմմա Մանյանի տրոլեյբուսի անբաժան մասն է վարորդի հայելու մոտ փակցված Գոքորի նկարը:

Տիկին Էմման երկուշաբթի առավոտյան է իմացել սիրված դերասանի մահվան մասին:

«Տեղս չեմ գտնում, չգիտեմ` ինչպես արտահայտեմ ապրումներս: Ես նրան երբեք չեմ տեսել իրական կյանքում, չեմ ճանաչել, անձամբ հետը չեմ խոսել, բայց նրա խաղը, նրա անմիջականությունն ինձ գրավել են: Չգիտեմ` վաղը կկարողանա՞մ աշխատել, թե՞ ոչ,- ասում է Խանդիլյանի երկրպագուհին: - Ինձ թվում է` սերիալն այն էֆեկտը չի ունենա առանց նրանց: Մարդիկ նայում էին այն հատկապես Գոքորի համար: Նույնիսկ երեխաները, երբ տրոլեյբուսիս մեջ տեսնում էին նրա նկարը, ասում էին` մամա, պապա, տես`Գոքորի նկարը»:

Արամ Միսկարյանի` Գարիկի երկրպագուհի Հասմիկ Առաքելյանը նույնպես չի պատկերացնում սերիալն առանց սիրված դերասանի:

«Ոչ միայն ես, այլև հարևաններս, բոլորն են մտածում, որ առանց նրանց սերիալը նույնը չի լինի: Նրանք էին սերիալի համն ու հոտը: Ես անձամբ Գարիկին շատ էի հավանում: Իսկապես ցավում եմ»,- ասում է 24-ամյա Հասմիկը:

Սերիալի մեկ այլ դերակատար` Արմեն Մարությանը, «ԱրմենիաՆաուին» ասաց, որ Խանդիլյանն ու Միսկարյանը կյանքում ու նկարահանման հրապարակում նման չէին իրենց մարմնավորած քրեական կերպարներին:

«Կիրթ, համեստ, սուս ու փուս տղաներ էին, նման բան ուղղակի չպիտի լիներ,- ասաց Մարությանը: - Ոչ պրոֆեսիոնալ դերասաններ լինելով` նրանք կարողանում էին իսկապես շատ լավ խաղալ ու կերտել իրենց կերպարները»: