Սեպտեմբերի մեկ. նոր ուսումնական տարին երեխաների համար մարտահրավեր է, ծնողների համար` ծախս

Երեքշաբթի հանրապետության մոտ 48 հազար առաջին դասարանցիներ 6 տարեկան ծաղիկներով ու փուչիկներով ոտք դրեցին տարրական դպրոց, որտեղ կանցկացնեն իրենց կյանքի 12 տարին:

Մինչ երեխաները վայելում են տոնական օրը, գեղեցիկ պայուսակներն ու հագուստները, ծնողները փորձում են վերականգնել ընտանեկան բյուջեին հասցված առաջին զանգի հարվածը:

Երեք դպրոցականների մայր Նարինե Մկրտչյանը դժվարությամբ է զսպում իրեն` տոնական օրը չփչացնելու բողոքներով:

«Դժվար է, բայց ինչ արած, կոշիկները, հագուստը փոքրացել են, պայուսակները` մաշվել, պետք էր նորը գնել»,- ասում է Մկրտչյանը` զայրանալով, որ միայն ծաղիկների հետ չմնալով ուսուցիչներին ծաղկեփունջ նվիրելու ավանդույթից վրա ծախսել է 6000 դրամ (16 դոլար):

Միջին հաշվով` մեկ երեխայի միայն հագուստի վրա ծախսվում է 10-20000 դրամ (26-53 դոլար), պայուսակն արժի 3000-8000 դրամ (8-21 դոլար), իսկ կոշիկը` 6000-15000 դրամ (16-40 դոլար):

Ամենահամեստ հաշվարկներով` մեկ երեխային դպրոց ուղարկելու համար ծնողը պետք է ծախսի մոտ 19000 (50 դոլար), եթե դրան էլ գումարվի գրքերի, գրենական պիտույքների ու սեպտեմբերի մեկին կրկնակի թանկացող ծաղիկների գումարը, ապա մոտ` 30000 դրամ (80 դոլար):
«Սոցիալական այս վիճակը պատճառ է դառնում, որ շատ երեխաներ ուղղակի դպրոց չեն գնում, իսկ դա անթույլատրելի է»,- ասում է 15 տարվա մանկավարժ Սեդա Մինասյանը:

Հանրապետության նպաստառու ընտանիքների առաջին դասարանցի յուրաքանչյուր երեխայի համար արդեն չորրորդ տարին պետությունը միանվագ դրամական օգնություն է տալիս`անցյալ տարվա 20000-ի (53 դոլար) փոխարեն 25000 (66 դոլար) դրամ:

Միանվագ գումարը ստանալու համար նպաստառու ընտանիքը պետք է սոցծառայությանը ներկայացնի դիմում և տեղեկանք այն դպրոցից, որտեղ հաճախելու է երեխան:

Այս նախաձեռնությունը, ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի, բավական նպաստել է, որ դպրոցահասակ երեխաները դուրս չմնան դպրոցից: