Թռեք «Արմավիա»-ով. ազգային ավիափոխադրողն ակնկալում է հաջող տարի նոր ուղղությունների շնորհիվ

Հայաստանի ազգային փոխադրողը հույս ունի, որ այս տարի իր ուղևորների թիվը կաճի` հիմնականում նոր շուկաների և խոշոր ավիադաշինքներից մեկի հետ համագործակցության շնորհիվ:

Այս շաբաթ իրականացված Երևան-Փարիզ չվերթն առաջինն էր «Արմավիայի» և AIR FRANCE-ի միջև կնքված համաձայնագրից հետո:

Այսուհետ Երևան-Փարիզ չվերթները կիրականացվեն շաբաթը հինգ անգամ, Փարիզ-Երևանը`չորս անգամ:

«Ընկերության համար այս պայմանագրի կնքումն առաջին քայլն էր դեպի խոշոր եվրոպական ավիափոխադրողների հետ համագործակցությունը: Շատ լուրջ ռազմավարական քայլ է, և մի ուրիշ մակարդակի է բերում մեր ընկերության աշխատանքը»,- ասում է «Արմավիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրենի պաշտոնակատար Թերեզա Ղազարյանը:

AIR FRANCE-ը պատկանում է եվրոպական ամենախոշոր դաշինքներից մեկին` Sky team-ին: Ըստ Ղազարյանի` «Արմավիան», հնարավոր է, հետագայում ինտեգրվի այդ դաշինքին:

«Արմավիա» ընկերության թռիչքային ծառայության տնօրենի տեղակալ Սերգեյ Խառատյանը նշում է, որ AIR FRANCE-ի հետ աշխատելու են հավասար պայմաններում:

«Նրանք էլ են թռիչքներն իրականացնում A-320-ով, մենք էլ: Ինքնաթիռների միջև տարբերություն չկա, տարիքային ու տեխնիկական մակարդակը բավական հավասար պայմաններում է»,- ասում է նա:

Ըստ ընկերության պատասխանատուների` վերջերս գրանցվել է «Արմավիայի» 400-հազարերորդ ուղևորը: Նրանք համոզված են, որ, չնայած շարունակվող համաշխարհային տնտեսական ճգնաժամին, 2009 թ. այդ թիվը կկրկնապատկվի: Ղազարյանն ասում է, որ դա կապված է այն հանգամանքի հետ, որ իրենք անընդհատ աշխատում են բացել նոր ուղղություններ` պահպանելով հները:

«Եվ մենք հպարտ ենք, որ հայերն ընտրում են իրենց ազգային փոխադրողին»,- ասում է Ղազարյանը:

«Արմավիան» աշխատանքներ է իրականացնում` մինչև տարեվերջ դեպի Լոս Անջելես ուղղություն բացելու համար: Ավիաընկերության ներկայացուցիչներն ասում են, որ A-330 կամ «Բոինգ-777» ինքնաթիռների ձեռք բերման հետ կապված խնդիրներ կան:

«Սակայն աշխատում ենք, ու դա մեզ համար շատ կարևոր է, քանի որ մենք խոշոր հայկական համայնք ունենք այնտեղ»,- ասում է Խառատյանը:

Ղազարյանն ասում է, որ «Արմավիան», հնարավոր է, մինչև տարեվերջ կբացի Երևան-Թեհրան չվերթ` փորձելով բավարարել բազմաթիվ ուղևորների խնդրանքը, հատկապես հուլիսի15-ից հետո, երբ ռուսական արտադրության «Տու-154» օդանավը, որը պատկանում էր «Կասպյան ավիաուղիներին», վթարի ենթարկվեց: Ինքնաթիռի բոլոր 168 ուղևորները, այդ թվում` Հայաստանի մի քանի քաղաքացի և մի քանի տասնյակ պարսկահայ զոհվեցին:

«Նրանք մեծ ցանկություն ունեն, որ «Արմավիան» իրականացնի չվերթները, որ հայ օդաչուներ թռչեն, հայկական անձնակազմ լինի»,- ասում է Թերեզա Ղազարյանը: