Լավ նորությո՞ւն. Հայաստանը բարելավել է դիրքերը գործարարության բնագավառում և տնտեսության արդյունավետության տեսանկյունից

Այս շաբաթ հրապարակված երկու տնտեսական փաստաթղթերից պարզվել է, որ Հայաստանը միջազգային ասպարեզում մրցունակության տեսանկյունից անցում է կատարել որակապես զարգացման նոր փուլ և գործարարության բնագավառում բարելավել է իր դիրքերը միջազգային ասպարեզում, ինչն անսպասելի դրական զարգացում է Հայաստանի տնտեսության անկման ցուցանիշների և հոռետեսական տրամադրությունների ֆոնի վրա:

Երեքշաբթի Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Համաշխարհային բանկի հրապարակած «Գործարարություն -2010» զեկույցի համաձայն` 183 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 43-րդ տեղը, ինչն առաջընթաց է նախորդ տարվա 50-րդ տեղի համեմատ: Հարևան երկրներն ավելի բարձր դիրքեր են զբաղեցրել` Վրաստանը 11-րդն է, իսկ Ադրբեջանը` 38-ը, ինչն էլ հիմք է ծառայել, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրապարակավ պարծենա, թե իր երկիրը «գործարարության ասպարեզում անցել է աշխարհի առաջնության բարձրագույն խումբ»:

Համաշխահային բանկի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն` Հայաստանում առաջընթացը պայմանավորված է բարեփոխումներով երեք հիմնական ոլորտներում՝ բիզնես սկսել, վարկային տեղեկատվության ստացում և սահմանային առևտուր:

Տնտեսագետ Անդրանիկ Թևանյանի խոսքով` չնայած Համաշխարհային բանկի նկատած վարկային տեղեկատվության ստացման բարելավմանը` վարկ ստանալը շարունակում է դժվար գործ մնալ:

«Այսօր, այո, բանկերն աշխատում են թափանցիկ և տրամադրում են վարկեր որոշակի տոկոսադրույքով, բայց արդյոք հասանելի՞ է այդ վարկը սովորական մարդկանց, սա արդեն վիճելի է, քանի որ իրականում տոկոսադրույքները բարձր են, իսկ վարկը` ոչ մատչելի»,- ասում է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Թևանյանը:

Հաջորդ կարևոր փաստաթուղթը «Համաշխարհային տնտեսական ֆորում» (ՀՏՖ) կազմակերպության «Համաշխարհային մրցունակության զեկույց-2009∕10»-ն է, որի համաձայն` Հայաստանը թեև մրցունակության տեսանկյունից իր դիրքերը չի փոխել՝ 133 երկրների շարքում 97-րդն է, բայց անցում է կատարել զարգացման որակապես նոր փուլ: Եթե նախկինում այն ռեսուրսների արտահանման հաշվին մրցունակության ապահովումից դեպի տնտեսական արդյունավետության փուլ անցման ճանապարհին էր, ապա այժմ տնտեսական արդյունավետության փուլում է գտնվում:

Ըստ զեկույցի հեղինակների` Ադրբեջանը, որն ավելի մեծ համախառն ներքին արդյունք ունի և զբաղեցնում է 51-րդ տեղը համաշխարհային մրցունակության աղյուսակում, մրցունակության որակով կամ զարգացման փուլի առումով դեռ զիջում է Հայաստանին, քանի որ նրա արտահանման մեջ հանքահումքային ռեսուրսների բաժինը հասնում է 98 տոկոսի:

«Դիրքերն ամրապնդելու և երրորդ ինովացիոն փուլ անցնելու համար Հայաստանին անհրաժեշտ է կատարելագործել ապրանքային շուկաների արդյունավետությունը, տեխնոլոգիական պատրաստվածությունը, բիզնեսի կատարելագործումը, հակամենաշնորհային քաղաքականությունը և ինովացիոն գործունեությունը,- ասաց Երևանում գտնվող «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի տնօրեն Մանուկ Հերգյանը (զեկույցի պատրաստման գործում կազմակերպությունը համագործակցել է ՀՏՖ-ի հետ): - Այս ուղղությամբ լուրջ քայլեր իրականացնելու շարժառիթների ստեղծման տեսանկյունից ներկայիս ճգնաժամային պայմաններն ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում»:

Այս արմատական փոփոխությունը, Հերգնյանի խոսքով, կարևոր է, քանի որ ճգնաժամից հետո մեր տնտեսությունն անկում է ապրում մասնավոր տրանսֆերտների և շինարարության ծավալների կրճատման պատճառով:

Իսկ Թևանյանի կարծիքով` ամենակարևորը հակամենաշնորհային քաղաքականություն իրականացնելն է: Նրա հավաստմամբ` «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնը պատրաստել է համապատասխան նախագիծ` ԱԺ քննարկմանը ներկայացնելու համար:

«Այսօր մեզ անհրաժեշտ են մրցունակ տնտեսական համակարգ, մատչելի և երկարաժամկետ վարկեր և համապատասխան օրենսդրություն»,- եզրափակում է Թևանյանը: