Համաշխարհային ճգնաժամը և զբոսաշրջությունը. հայ պաշտոնյաները խոսում են ոլորտում աճի, իսկ մասնագետները` անկման մասին

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը, թեև ոչ շատ, սակայն որոշակիորեն ազդել է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման վրա: Թեև պաշտոնական թվերը վկայում են ոլորտի զարգացման մասին, փորձագետներն արդեն անկում են արձանագրում:

Ըստ «Լևոն թրեվել» տուրիստական գործակալության տնօրեն Անահիտ Փափազյանի` համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը երկրի զբոսաշրջության ոլորտի վրա ավելի զգալի կլինի 2010 թ.:

Նա ասում է, որ 2008 թ.` Երևանում մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների, իսկ հետո նաև օգոստոսին ռուս-վրացական պատերազմի պատճառով, դեպի Հարավային Կովկաս և, մասնավորապես, Հայաստան նախօրոք գնված ուղեգրերը հետ են վերադարձվել:

«Միայն մեկ ամիս առաջ ենք մոտեցել նախկին` 2007 թ. մակարդակին: Մինչ այդ վնասով ենք աշխատել»,- ասում է Փափազյանը:

Նա ընդգծեց, որ տուրիստական գործակալություններն իրենց վիճակագրության մեջ արձանագրում են ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև ընդհանրապես Հայաստան ժամանողներին, այդ թվում` գործուղման եկող օտարերկրացի քաղաքացիներին:

Պաշտոնական տվյալների համաձայն`2009 թ. առաջին կիսամյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը, նախնական տվյալներով, կազմել է 207 729 մարդ (նախորդ տարվա համեմատությամբ 0,1% ավելի, երբ այդ նույն ժամանակահատվածում 207 500 մարդ էր արձանագրվել):

Ըստ «Լևոն թրեվել» գործակալության զբոսաշրջության բաժնի պետ Դավիթ Խաչինյանի` իրենց գործակալության միջոցով Հայաստան են արդեն այցելել և դեռ կայցելեն (նախապես ձեռք բերված տուրերի համաձայն) ավելի քան 700 զբոսաշրջիկ, հիմնականում` ԱՄՆ-ից, Իտալիայից և Ֆրանսիայից, ընդ որում ԱՄՆ-ից զբոսաշրջիկների 90%-ը սփյուռքահայեր են: Ֆրանսիայից եկող սփյուռքահայերը կազմում են 50%:

Ըստ Խաչինյանի` Հայաստանում տուրիստական ծառայությունների միջին գինը, ներառյալ` հյուրանոցում մնալը, սնունդը և մեկ կամ մի քանի օրով տեսարժան վայրերի տուրերը, կազմում է 50-150 դոլար:

Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Արմեն Հակոբյանը համակարծիք է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բացասաբար է անդրադարձել Հայաստանում ներգնա զբոսաշրջության զարգացման վրա:
Ըստ նրա` 2009-ին մեկ այլ խնդիր էլ առաջացավ. հայ ընտանիքների բյուջեի կրճատման պատճառով շատերը չկարողացան գնալ հանգստանալու Հայաստանի շրջաններ, ինչպես նաև Ղարաբաղ:

Ինչ վերաբերում է տուրիստական ծառայությունների գներին, ապա, Հակոբյանի խոսքով, գների անկում չի նկատվել: Այս առնչությամբ Հակոբյանը հավելեց, որ զբոսաշրջության ոլորտն այն եզակի ոլորտներից է, որտեղ մենաշնորհ չկա, և հյուրանոցների տերերը իրենք են սահմանում իրենց ծառայությունների սակագները:

Նա նաև հավելեց, որ ոլորտի բազմաթիվ շինարարական նախագծեր սառեցվել են, և առաջիկայում ներդրումներ չեն սպասվում:

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի և տարածքային տնտեսական վարչության պետ Մեխակ Ապրեսյանի` կան մի շարք օբյեկտիվ գործոններ, որոնց շնորհիվ ոլորտում անկում չկա, և այդ գործոններից է սփյուռքը:

«Սփյուռքը միշտ էլ իր ներդրումն է ունեցել զբոսաշրջության և տնտեսության զարգացման ոլորտում»,- նշեց Ապրեսյանը` հավելելով, որ սփյուռքի գործոնը հատկապես զգալի է այժմ` տնտեսական ճգնաժամի պայմաններում:

Ապրեսյանն ասում է, որ 2009-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը հիմնականում պատկանում է ավագ տարիքային խմբին, որոնք հավատարիմ են իրենց ձևավորված նախապատվություններին, և որոնց վրա ճգնաժամը չի կարող ազդել: