Հայաստան-Թուրքիա. կխթանե՞ն արդյոք տնտեսական դիվիդենտները արձանագրությունների վավերացումը

2009 թ. երկրորդ կիսամյակը խոստանում է դառնալ Հայաստանի նորագույն պատմության ամենալարված ժամանակաշրջաններից մեկը` օգոստոսի 31-ին ստորագրված երկկողմ հարաբերությունների կարգավորում նախատեսող հայ-թուրքական արձանագրություններից հետո:

Ստորագրված արձանագրություններում Թուրքիան Երևանի առաջ դրել է այնպիսի նախապայմաններ, ինչպիսին են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ներկա հայ-թուրքական սահմանի ճանաչումը:

Առայժմ հայտնի չէ` կվավերացնի՞ արդյոք Հայաստանի խորհրդարանն այս արձանագրությունները, սակայն ակնհայտ է, որ դա որոշակի տնտեսական օգուտ է խոստանում:

Համենայն դեպս, հայկական կողմը, կարծես, արդեն ձեռնամուխ է եղել երկաթուղային տեխնիկա գնելուն:

Վերջերս ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ «Լեհաստանի Պոզնան քաղաքի գնացքաշինական գործարանը Հայաստանին է տրամադրելու երեք ապրանքատար շարժակազմ` շոգեքարշներով»:

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը հայտնել է, որ տեղյակ չէ Լեհաստանից գնացքների հնարավոր գնմանը, սակայն լեհական թերթերն արդեն լուսաբանում են այդ թեման:

«Wyborcza» թերթը հաղորդում է Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանի` Պոզնան կատարած այցի մանրամասները. «Խոսքը Հայաստանի գնած 120 ապրանքատար վագոնների մասին է: Հենց այդ գործարքի հետ է գործարանը կապում այս ճգնաժամից դուրս գալու իր հույսերը»:

Դեռևս այս տարվա սեպտեմբերին գործարանում նախատեսվում էին զանգվածային կրճատումներ` մոտ 530 մարդ, սակայն Հայաստանի դեսպանի այցը, ըստ երևույթին, նոր պատվերի հույսեր է տվել: Լեհական թերթերը գրում են, որ դեսպանը ներկայացել է որպես Հայաստանի խոշոր ընկերություններից մեկի միջնորդ:

«Թուրքիայի հետ սահմանի բացումից հետո Հայաստանն անմիջական սահման կունենա Եվրոպայի հետ,- օրերս նշեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: - Թուրքիան բավական դիվերսիֆիկացված տնտեսություն ունի և մեծ տեխնոլոգիական փոփոխություններ է ապրում: Թուրքիան լավ կապեր ունի Եվրոպայի ու Ասիայի հետ և մեծ հետաքրքրություն է ներկայացնում հայկական բիզնեսի համար: Եթե մեր գործարարները նախաձեռնող լինեն, ապա կարող են ելք ապահովել դեպի Ասիայի, Միջին Արևելքի և Եվրոպայի շուկաներ»:

Հայաստանի Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նույնպես կիսվեց հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների մասին իր մտքերով:

«Սահմանի բացումը կարող է բերել ՀՆԱ-ի 4, արտահանման 17,7 և ներմուծման 13 տոկոս աճին»,- ասում է Այվազյանը:

Տրանսպորտի նախարար Սարգսյանը, իր հերթին, հայտարարել է, որ «Բոսֆորի հատակով կառուցվում է երկաթուղային թունել, որի շինարարությունը կավարտվի 2011-ին, ինչը հնարավորություն կտա Չինաստանի ապրանքների տարանցումը Հայաստանով ու Թուրքիայով դեպի Եվրոպա»:

Սա ցույց է տալիս հայ պաշտոնատար անձանց ընդհանուր առմամբ դրական ու լավատեսական մոտեցումը հայ-թուրքական սահմանի բացման և երկկողմ հարաբերությունների հաստատման հեռանկարներին:

Ավելին` օրերս «Բլումբերգ» պարբերականը նույնիսկ տեղեկություններ է տարածել այն մասին, որ հնարավոր է, շատ շուտով Հայաստանը փոխարինի Վրաստանին որպես տարանցիկ երկիր` Վրաստանում ներքաղաքական անկայունության աճի պատճառով: Թուրքական «Սթար» թերթը` վկայակոչելով սեփական աղբյուրները, գրում է, որ «Թուրքիան կարող է սատարել «Նաբուկո» ծրագրին Հայաստանի անդամակցությանը` երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման ֆոնի վրա»:

Մոտ ապագայում Հայաստանի հասարակությունում առկա հակասությունները երկկողմ հարաբերությունների կարգավորման մեթոդների, մեխանիզմների և սկզբունքների մասին կթևակոխեն վճռորոշ փուլ:

Հնարավոր է` ստեղծվեն կարճաժամկետ դաշինքներ այս կարևորագույն հարցի շուրջ դիրքոշումները պարզելու նպատակով:

«Սահմանն ապաշրջափակելու իր պատրաստակամությունը Թուրքիան փորձում է ներկայացնել որպես «բարի կամքի ակտ», սակայն դա ամենևին էլ այդպես չէ,- ասում է քաղաքագետ Արմեն Ավագյանը: - Թուրքիան արդեն 15 տարի շրջափակում է Հայաստանը, իսկ շրջափակումը պատերազմ վարելու ձևերից մեկն է: Փաստորեն, Անկարան պատերազմ է վարում Երևանի դեմ, մինչդեռ միջազգային հանրությունն ինչպես հարկն է տեղեկացված չէ այդ մասին»:

Այս շաբաթ մի շարք միջոցառումներ է նախաձեռնել Հայ հեղափոխական դաշնակցությունը` ուղղված Հայաստանի խորհրդարանում արձանագրությունների վավերացման դեմ այն տեսքով, ինչպես դրանք նախաստորագրվել են:

Բողոքի ակցիաների կազմակերպիչների կարծիքով` Հայաստանը պետք է միջազգային քաղաքական ասպարեզ բարձրացնի մի շարք կարևորագույն հարցեր, օրինակ` Հայաստանի կոմունիկացիաների շրջափակումը` աննախադեպ երևույթ Եվրախորհրդի ամբողջ տարածքում, երբ ԵԽ երկու լիիրավ անդամ շրջափակում են ԵԽ երրորդ լիիրավ անդամին: Հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը չի կարող համարվել բարի կամքի արտահայտություն, եթե Թուրքիան չի փոխհատուցում այն ընդհանուր վնասը, որ միտումնավոր կերպով հասցվել է Հայաստանին շրջափակման ամբողջ ընթացքում: