Պաշտպանությո՞ւն, թե՞ մրցակցություն. հայ արտադրողները մտահոգ են թուրքական շուկայի մարտահրավերի առաջ

Հայ արտադրողները մտավախություն են հայտնում, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում ստիպված կլինեն պարապուրդի մատնվել, կամ կկասեցվի արտադրությունը, եթե կառավարությունն արմատական միջոցներ չձեռնարկի:

Երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը հայտարարեց, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում ՀՀ կառավարությունը պետք է արմատապես փոխի իր տնտեսական քաղաքականությունը` տեղական արտադրողներին պաշտպանելու նպատակով, այլապես տեղական արտադրողները կարող են հայտնվել «ոչ նախանձելի վիճակում»:

«Մի կողմից` մեր սպառողի համար շահեկան է էժան ապրանքներ ձեռք բերել, բայց մյուս կողմից` մենք դրանով մեր տեղական արտադրողին դատապարտելու ենք պարապուրդի կամ իր արտադրության կասեցմանը: Դրա համար պետք է կարողանալ պետության աջակցությամբ գտնել պայմաններ և տեղական արտադրությունը զարգացնել, այլապես մեր շուկան ամբողջովին կուլ կգնա էժան թուրքական ապրանքին»,- ասաց Սաֆարյանը:

Անցյալ տարի Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 269 մլն դոլարի թուրքական արտադրանք, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանվել` 1,8 մլն դոլարի։ Հայաստանից Թուրքիա է արտահանվում հիմնականում մշակված և անմշակ մորթի, սև մետաղներ՝ ջարդոնի ձևով և ալյումինե արտադրանք՝ փայլաթիթեղ: Թուրքիայից Հայաստանը հիմնականում ներմուծում է բիտումային արտադրանք, հանքային վառելանյութ և տրիկոտաժեղեն:

«Քանի որ մեր հարաբերությունները Թուրքիայի հետ կանոնակարգված չեն եղել, ապա այսպիսի ոչ լիարժեք համամասնություն է ձևավորվել»,-բացատրեց Սաֆարյանը:

Հայրենական ապրանք արտադրողների միությունը հոկտեմբերին Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական հանձնաժողովի քննարկմանը կներկայացնի իր մշակած հայեցակարգը` հայրենական արտադրողներին պաշտպանելու և նրանց մրցունակությունը բարձրացնելու վերաբերյալ:

«Պետք է ցածր տոկոսադրույքներով և երկարատև վարկերով վարկավորենք մեր տեղական արտադրողներին: Սա առաջին քայլերից մեկը պետք է լինի: Երկրորդ` մաքսային որոշակի սահմանափակումներ պետք է դրվեն այն ապրանքների վրա, որոնք կարող են արտադրվել մեր երկրում, և դրանց ներմուծումը պետք է հնարավորինս արգելվի»,- ասաց Սաֆարյանը:

Միությունն առաջարկում է նաև, որ կառավարությունը վերանայի իր հարկային և սակագնային քաղաքականությունը:

«Գազի սակագինը բարձրանում է, դրա հետ մեկտեղ բարձրանում են նաև էլեկտրաէնեգիայի ու ջրի սակագները: Այս ամենը հանգեցնում է նրան, որ տեղական ապրանքների ինքնարժեքն ավելի է բարձրանում, և մեր ապրանքները պակաս մրցունակ են դառնում` ի տարբերություն այլ շուկաների»,- ասաց Սաֆարյանը:

Այսուհանդերձ, Սաֆարյանը հայ-թուրքական սահմանի բացման մեջ նաև դրական կողմեր է տեսնում:

«Մեր ապրանքներն այժմ տարանցվում են Վրաստանով, որը բավական կոշտ սակագնային քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ: Սահմանի բացումով պայմաններ կստեղծվեն հայկական ապրանքները Թուրքիայով դեպի Եվրոպա արտահանելու»,- ասաց Սաֆարյանը:

Անցյալ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը ևս տնտեսական առումով դրական գնահատեց հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը:

«Թուրքիան կարող է գրավիչ շուկա դառնալ հայաստանյան ապրանքների և ծառայությունների համար: Բացի այդ, սահմանի բացումը կտանի դեպի տրանսպորտային ծախսերի կրճատում»,- ասաց Լյուիսը:

Ըստ նրա` դրա հետևանքով կբարձրանա հայաստանյան ընկերությունների մրցունակությունը, ինչպես նաև Հայաստանի բնակչության կենսամակարդակը:

«Ցածր տրանսպորտային ծախսերի դեպքում ավելի էժան կլինեն ներմուծվող ապրանքները, ինչը կբարձրացնի բնակչության գնողունակությունը»,- կարծում է Լյուիսը: