H1N1. առողջապահության պաշտոնյաների հավաստմամբ` Հայաստանը շարունակում է մնալ «խոզի գրիպից զերծ» տարածք

Հայաստանը շարունակում է զերծ մնալ ամբողջ աշխարհը համակած խոզագրիպի վերջին վարակից` հայտնում են Հայաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչները:

Մինչդեռ Հայաստանի բոլոր հարևան երկրներում արձանագրվել են խոզագրիպի դեպքեր:

Աշխարհում «խոզի գրիպ» անունով հայտնի H1N1 վիրուսի մասին (որի վարակը տարածվում է մարդկանց վրա) առաջին հաղորդագրությունները ստացվեցին այս տարվա ապրիլին: Դրանից հետո Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սեպտեմբերի 18-ի տվյալներով` աշխարհում այժմ մոտ 300.000 վարակվածներ կան: Ամենից շատ վարակից տուժել են Մեքսիկան, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան: ԱՀԿ տվյալներով` առ այսօր խոզագրիպից աշխարհում մահացել է 3486 մարդ: Կազմակերպությունն աշխատում է արդյունավետ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի կանխի վարակի տարածումը, որը համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կարող է բազմաթիվ մարդկային կյանքեր խլել:

Հայաստանում խոզագրիպի կասկածով լաբորատոր ստուգումներ անցած վեց անձանցից ոչ մեկի մոտ հիվանդությունը չի հաստատվել: Այդուհանդերձ, առողջապահության ոլորտի մասնագետները հորդորում են բնակչությանը զգուշություն պահպանել, քանի որ վիրուսի ներթափանցման վտանգը բավական մեծ է հատկապես տարվա այս եղանակին, երբ շատ տարածված է սովորական սեզոնային գրիպը:

ՀՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիաննա Թորոսյանը հինգշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ H1N1 վիրուսի ներթափանցման վտանգը բավական մեծ է, քանի որ հիվանդացության դեպքեր են հայտնաբերվել Հայաստանին սահմանակից բոլոր երկրներում: Բացի այդ, նրա խոսքով` տարվա այս եղանակին Հայաստան են վերադառնում մեկ այլ վարակված երկիր` Ռուսաստան, արտագնա աշխատանքի մեկնածները:

«Այդ պատճառով հիվանդության կանխարգելման միջոցառումները, որ ձեռնարկվել էին դեռևս ապրիլ ամսից, ավելի են խստացվել»,- ասել է Թորոսյանը:
Ըստ Թորոսյանի` ուժեղացվել է հսկողությունը նաև Հայաստանի պետական սահմանի անցակետերում, «Զվարթնոց» և «Շիրակ» օդակայաններում:

«Զվարթնոց» օդակայանում արդեն երկու ջերմացույց ունենք, որոնք հնարավորություն են տալիս հեռավորության վրա հայտնաբերել ջերմող ուղևորներին»,- ասաց համաճարակաբանը:

Թորոսյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանն ունի «Տամիֆլյու» հակավիրուսային պատվաստուկի անհրաժեշտ պաշար, որը տրամադրվել է Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին, ինչպես նաև պետական հիգիենիկ համաճարակային տեսչության մարզային կենտրոններին:

H1N1 գրիպի ախտանիշները շատ նման են սովորական գրիպի ախտանիշներին (բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա և այլն): Այդ պատճառով ԱՀԿ-ն գրիպանման երևույթների ժամանակ խորհուրդ է տալիս անհապաղ դիմել բժշկի, ինչպես նաև չզբաղվել ինքնաբուժությամբ և առանց բժշկի նշանակման չօգտագործել հակավիրուսային «Տամիֆլու» պատվաստուկը:

Թորոսյանը նշեց, որ հիվանդությունը հայտնաբերելու համար պարտադիր է լաբորատոր հետազոտությունը, որը, նրա հավաստմամբ, Հայաստանում իրականացվում է անվճար:

Հայաստանը նաև քայլեր է ձեռնարկում H1N1 վիրուսային վարակի պատվաստանյութ ձեռք բերելու ուղղությամբ: Թորոսյանի հավաստմամբ` ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է ԱՀԿ-ին և Ռուսաստանի Դաշնության համապատասխան գերատեսչություններին` առաջին հնարավորության դեպքում պատվաստանյութ տրամադրելու խնդրանքով: Եթե տրամադրած պատվաստանյութը բավարար չլինի, ապա երկիրը միջոցներ կձեռնարկի հավելյալ պատվաստանյութ գնելու համար:

Պատվաստումները կատարվելու են խոցելի խմբերի շրջանում, ինչպիսին են առաջնային օղակի բուժաշխատողները, շտապօգնության ծառայության աշխատակիցները, հղի կանայք, ինչպես նաև քրոնիկական հիվանդություններով տառապող անձինք:

Առայժմ զանգվածային պատվաստումներ իրականացվում են միայն ԱՄՆ-ում ու Չինաստանում: Ռուսաստանում դեռ պատվաստման փորձարկումներ են կատարվում: