ԱՄՀ. գործադիր տնօրենները դրվատանքի խոսքեր են ասում և խորհուրդներ են տալիս Հայաստանի կառավարությանը ճգնաժամի հաղթահարման առնչությամբ«Համաշխարհային ճգնաժամը ծանր հարված է հասցրել Հայաստանին: 2009 թ. համար Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ ԱՄՀ կանխատեսումը բացասական 15 տոկոս է: Հայաստանը դժվարությունների է հանդիպել` կապված արտերկրից փոխանցումների նվազման, օտարերկրյա ներդրումների կրճատման և, ինչպես շատ այլ երկրներում, հարկային մուտքերի կրճատման հետևանքով»,- ասաց ԱՄՀ գործադիր տնօրենների խորհրդի անդամ Ամբրուազ Ֆայոլը, որը հիմնական բանախոսն էր երկուշաբթի լրագրողների հետ իրենց հայաստանյան այցի ավարտին նվիրված հանդիպման ժամանակ: Խմբի հրապարակած զեկույցում, մասնավորապես, ասվում է. «Մենք դրվատում ենք իշխանություններին` այդ մարտահրավերներին արդյունավետ կերպով արձագանքելու համար: Ֆիսկալ քաղաքականությունը շարունակում է լայնորեն կիրառվել, և, ըստ այդմ, ԱՄՀ և այլ դոնորների աջակցությամբ կառավարությանը հաջողվել է ծախսերը պահել 2009-ի նախնական բյուջեին մոտ` միաժամանակ ավելացնելով հատկացումները գերակա ենթակառուցվածքային նախագծերի համար»: Դեռևս հունիսին ԱՄՀ-ը կանխատեսել էր, որ ՀՆԱ-ի անկումը Հայաստանում 2009-ին չի գերազանցի 10 տոկոսը: «Մենք շարունակում ենք հույս փայփայել, որ սխալվել ենք մեր վերջին հաշվարկներում, և որ անկումն ավելի փոքր կլինի, քան մեր ներկայացրած ցուցանիշը, բայց այս պահին ավելին ասել չենք կարող»,- ասաց Ֆայոլը: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի կտրուկ ազդեցությունը հանգեցրել է նրան, որ ԱՄՀ-ն հավանություն է տվել այս տարվա մարտին հաստատված Հայաստանին տրամադրվող 540 մլն դոլար վարկը հասցնել 823 մլն դոլարի: ԱՄՀ պատվիրակությունը Հայաստան է ժամանել Վրաստանից, իսկ Երևանից կմեկնի Ուզբեկստան և Թուրքմենստան: ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդը բաղկացած է 24 անդամից, որոնք նշանակվում կամ ընտրվում են անդամ երկրների կամ երկրների խմբի կողմից: Հայաստան կատարած այցի ընթացքում վեց գործադիր տնօրենները հանդիպել են ՀՀ նախագահին, վարչապետին, կենտրոնական բանկի նախագահին և ֆինանսների նախարարին: Ֆայոլը նշեց, որ իրենք ԱՄՀ հաստիքային աշխատակիցներ չեն և չեն եկել Հայաստան քննարկելու ԱՄՀ-ի ծրագրերը: «Մեր նպատակն է տեսնել, թե գործնականում ինչպես են ընթանում ԱՄՀ-ի և Հայաստանի հարաբերությունները, ինչպես նաև քննարկել Հայաստանի ներկա իրավիճակն ու մարտահրավերները»,- ասաց Ֆայոլն առանց մանրամասնելու: ԱՄՀ գործադիր տնօրենները դրական գնահատեցին Հայաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագիրը, սակայն նրանց անհանգստացնում են Հայաստանի բյուջեի դեֆիցիտն և արտաքին պարտքը: Նրանք ասացին, որ «տնտեսության վերականգնվելուց հետո կառավարությունը պետք է կրճատի ֆիսկալ դեֆիցիտը, որպեսզի պահպանի միջնաժամկետ ֆիսկալ և դեբիտային կայունությունը` միաժամանակ շարունակելով աջակցել դրա կարիքն ունեցող հանրային ծախսերին ու ներդրումներին»: «Բարեբախտություն էր, որ ճգնաժամից առաջ Հայաստանի արտաքին պարտքի ցուցանիշը ցածր էր։ Երբ տնտեսությունը վերականգնվի, մենք և Հայաստանի իշխանությունները պետք է քննարկենք ավելի զսպողական հարկաբյուջետային քաղաքականության հարցը, որպեսզի հնարավոր լինի ապահովել պարտքի կառավարելիությունը»,- ասաց Ֆայոլը: (2008 թ. Հայաստանի 1,5 մլրդ դոլարի արտաքին պարտքը (ՀՆԱ-ի 13 տոկոսը) այս տարի կրկնապատկվել է` գերազանցելով 3 մլրդ դոլարը, ինչը, ըստ տնտեսագետների, վտանգավոր է տնտեսական անվտանգության առումով: Ավելի վաղ ԱՄՀ հայաստանյան գրասենյակը կանխատեսել էր, որ այս տարի ՀՆԱ-ում արտաքին պարտքը կարող է հասնել 38 տոկոսի, իսկ մինչև 2011 թ. կդառնա 46 տոկոս): Թեև ԱՄՀ-ն հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հետևանքների վերլուծություն է արել, սակայն այս մասին ևս գործադիր տնօրենները միայն ընդհանուր տեղեկություններ տվեցին: «Ընդհանուր առմամբ, ԱՄՀ-ն աշխարհի այլ տարածաշրջանների փորձից քաղել է այն դասը, որ սահմանների բացումը և տարածաշրջանային ինտեգրումը նպաստում են պետության տնտեսական աճի պահպանմանը»,- ասաց Ֆայոլը: Հայաստանում այս տեսակետին դեմ արտահայտվող ընդդիմադիր Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության կատարած տնտեսական վերլուծությունն ասում է, որ Հայաստանը պատրաստ չէ սահմանի բացմանը, քանի դեռ չի լուծել տնտեսական քաղաքականության և օրենսդրական մի շարք հիմնախնդիրներ, որոնք կպաշտպանեն տեղական արտադրողներին և թույլ չեն տա քայքայել Հայաստանի տնտեսությունը: |
|