Հայկական ռեփ մերձեցում. Հայ տղեք Միշոն ու Հայկոն հաշտության արձանագրություն են կնքում «թուլայի ռազբիրատում» (մենք ոչինչ չենք հնարում)

Հայկական ռեփ մերձեցում. Հայ տղեք Միշոն ու Հայկոն հաշտության արձանագրություն են կնքում «թուլայի ռազբիրատում» (մենք ոչինչ չենք հնարում)


Հայկոն ու Միշոն ասում են, որ արձանագրություններից հետո երկրորդ ամենաքննարկվող թեման իրենք են

Հայ ռեփեր լավ տղա Միշոն կարծում է, որ վերջին օրերին Երևանում երկու շատ կարևոր թեմա է քննարկվել`«հայ-թուրքական մերձեցումը» և իր ու նախկին գործընկերոջ թունդ վիճաբանությունը:

Միշոն (իսկական անունը` Միքայել Աբրահամյան, 27 տարեկան) և մյուս երիտասարդ ռեփեր ՀՏ (Հայ տղա) Հայկոն (իսկական անունը` Հայկ Մարգարյան, 24 տարեկան) հայտարարություն են արել, որ իրենց վեճը մնացել է անցյալում:

Հինգշաբթի հինգրոպեանոց մամուլի ասուլիսում ռեփերներն ասացին, թե չէին պատկերացնում, որ «իրենց վիճաբանության լուրը կհանգեցներ նման ագրեսիայի ու նման տարածում կգտներ»:

Դեռահասների շրջանում հսկայական ժողովրդականություն վայելող ռեփերները հրաժարվեցին պատասխանել իրենց վիճաբանության մասին հարցերին, որի մասին, նրանց հավաստմամբ, «սաղ քաղաքն ա խոսում»:

Միշոն հանդես եկավ համատեղ պաշտոնական հայտարարությամբ:

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ իմ ու Հայկոյի մեջ ամեն ինչ նորմալ է, ամեն հարց լուծված է, ու կուզենայի կոչ անել ժողովրդին, որ էսպիսի հարցերում չփորձեին առիթավորվել, քանի որ, ի վերջո, մարդիկ մեր արածը պիտի գնահատեն, ոչ թե խոսեն, թե ինչ հարաբերություններ ունենք ես ու Հայկոն»,- ասաց Միշոն:
Պարզվեց, որ իրենց ռեփերական կարիերան նույն խմբում սկսած երգիչների առանց այն էլ վատ հարաբերությունները հատկապես լարվել էին երկու շաբաթ առաջ, երբ ՀՏ Հայկոն իր «Քուանշ» կոչվող ձայնասկավառակում «Քուանշ-մաս 2» երգով «ռեփ»-քննադատության էր ենթարկել Միշոյին:

Երգում, որն ունի երկու տարբերակ, ինչպես նրանց երգերի մեծ մասը (հայհոյանքներով ու առանց դրանց), ՀՏ Հայկոն ջղայնանում է Միշոյի վրա, որը հայտարարել էր, թե Հայաստանում «Ապե ջանից» (անգլերեն ռեփ երգող երկու ամերիկահայերի խումբ է) ու «Հայ թիմից» (Միշոյի խումբն է) էն յան էլ ռեփ չկա»: Երգում ՀՏ Հայկոն Միշոյին նաև անվանել էր «թուլա»:

Ի պատասխան այս երգի` մեկ շաբաթ առաջ «Յութուբում» հայտնվեց Միշոյի հայհոյախառն երգը` «Ես մեղավոր եմ» վերնագրով: Միշոն, հետ չմնալով Հայկոյից փոխադարձ վիրավորանքների հարցում, երգում վերջինիս դիմելով ասում է.
«Քոնը ռեփ չի, արա´, քոնը գռդոն ա… Եթե սրանից հետո ինձ բան ունես ասելու, կգաս տղավարի կասես, արա´, ոչ թե սենց… Բայց քո խաղում ես քեզ կրեցի, ջոգո՞ւմ ես: Հայկական ռեփ պատերազմը սկսվել ա, արդեն սաղ փաբլիք են իրանց ասելիքը ասում: Լավ չի, որ արդեն տենց ա, բայց, դե, ինչ արած»:

Երգերը բուռն քննարկումներ առաջ բերեցին օնլայն ֆորումներում, որտեղ երկու երգիչների երկրպագուները հանդես եկան փոխադարձ հայհոյանքներով ու քննադատությամբ:

Այժմ «Յութուբում» երգերը բացելիս մի տեքստ է երևում, որում ասվում է, թե «Հայկոյի ու Միշոյի միջև էլ կոնֆլիկտ չկա, ու ոչ Հայկոն է Միշոյից ներողություն խնդրել, ոչ էլ Միշոն` Հայկոյից: Երկուսն էլ համ ճիշտ են, համ էլ սխալ»:

Մամուլի ասուլիսում ռեփերները նաև հայտարարեցին, որ իրենց հաշտեցումը PR-ի ու իրենց վարկանիշը բարձրացնելու համար չի արվել:

«Շատ կարծիքներ կան, որ մենք էս ամեն ինչը արել ենք մեզ ավելի հայտնի դարձնելու համար: Դա սուտ է»,- հայտարարեց ՀՏ Հայկոն:

Միշոն էլ իր կողմից ավելացրեց, որ «իրենք իրենց ինքնասիրությունն ավելի են սիրում»` նման բաները պարզապես PR-ի համար անելու համար:

Վերջում երկուսն էլ իրենց միջնամատները ցույց տվեցին բոլոր նրանց, ովքեր երազում էին ու դեռ շարունակում են երազել, որ այդպիսի բան տեղի ունենար: