Բանավեճեր Ղարաբաղի հարցով. «Ժառանգությունը» կոչ է անում ճանաչել ԼՂՀ-ն, հանրապետականները դա անպատեհ են համարում

Ազգային ժողովում ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը վերջին երկու տարում արդեն երկրորդ անգամ առաջարկում է օրակարգ մտցնել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը:

Նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցության` խորհրդարանի փոքրամասնության խմբակցությունն Ազգային ժողով է ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծ, որը, ըստ խմբակցության ղեկավարի, կոչված է կանխելու «սպասվող անցանկալի զարգացումները»:

Անցյալ շաբաթ ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները Ստեփան Սաֆարյանը բնութագրում է որպես Լեռնային Ղարաբաղի հարցով հայ-ադրբեջանական ձգձգված հակամարտությունում հաշտեցման քայլերի նախաբան:

«Ժառանգություն» կուսակցությունն այսօր ունի երկու գերխնդիր` կանխել այդ տխրահռչակ [հայ-թուրքական] արձանագրությունների վավերացումը և այս օրինագծով կանխել Հայաստանի իշխանությունների կողմից Ղարաբաղի Հանրապետության շահերին հակասող փաստաթղթի ստորագրումը»,- ասում է Սաֆարյանն «ԱրմենիաՆաուին»:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի` հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում (Շվեյցարիա) ստորագրված հայ-թուրքական արձանագրություններից հետո հաջորդ քայլը լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ որոշակի «ոչ հայանպաստ» գործողությունների ձեռնարկումը: «Խորհրդարանի կողմից Ղարաբաղի ճանաչումը հնարավոր կդարձնի կանխելու այդ գործընթացը»,- պնդում է Սաֆարյանը:

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նման օրինագիծ էր ներկայացրել խորհրդարան դեռ 2007-ին: Սակայն 2008 թ. ապրիլի 28-ին ձայների 64:15 հարաբերակցությամբ այդ հարցն օրակարգում չընդգրկվեց:

Այսօր «Ժառանգության» պատգամավորները հուսով են, որ անցյալ տարվանից օրենսդիրները «որոշակի դասեր քաղած կլինեն» և այս անգամ հարցն օրակարգից դուրս չեն թողնի:

«Եթե ասվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ընթացքում Ղարաբաղի հարցը որևէ առնչություն չի ունենալու, ապա այդ կասկածները փարատելու լավագույն ձևն այս օրինագիծն ընդունելն ու Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է»,- «ԱրմենիաՆաուին» ասում է «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Այս օրինագծի ընդդիմախոսների հիմնական փաստարկն այն է, որ նման քայլը կվնասի Ադրբեջանի հետ միջազգային միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին:

Իշխող ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն ասում է, որ բանակցություններն ընթացքի մեջ են, և «ցանկացած այլ միջամտություն կարող է վնասել Մինսկի խմբի այդ գործընթացին»:

«Մենք միշտ ասել ենք, որ ճանաչումը վերջին փամփուշտն է, որը կօգտագործվի, եթե այլ միջոցներ չմնան»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Շարմազանովը:
Անցյալ տարի այս օրինագծի տապալումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը ևս նշել էր, որ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, քանի որ բանակցային գործընթացի մեջ է:

«Հիշո՞ւմ եք` Կոսովոյի և մյուս դեպքերում էլ ասվում էր, որ ճանաչումը վերջին միջոցն է: Եթե որևէ այլ միջոց չմնա, ապա Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- 2008 թ. սեպտեմբերի 20-ին ասել էր նախագահը օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Մինչդեռ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին 2008-ի մարտին ասել էր նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նախկին նախագահն այդ հայտարարությունն արել էր այն բանից հետո, երբ 2008 թ. մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձևը` հաստատելով, որ միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Այն ժամանակ Քոչարյանը Ղարաբաղում հայտարարեց, թե զարգացումների նման ընթացքի դեպքում Հայաստանն էլ կարող է ճանաչել Ղարաբաղի անկախությունը կամ էլ ռազմական պայմանագիր կնքել Ղարաբաղի հետ` ապահովելով նրա անվտանգությունը:

Այդ հայտարարությունն առաջ բերեց Բաքվի բուռն արձագանքը, ինչպես նաև Զեյնո Բարանի, որը ԱՄՆ-ի Հադսոնի ինստիտուտի եվրասիական քաղաքականության գծով ծրագրերի տնօրենն է ու Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի ամերիկացի-թուրք կինը:

Այդ օրերին «Day.az» ինտերնետային պարբերականին Բարանն ասել էր.
«Եթե նույնիսկ Հայաստանը ընդունի նման որոշում, ոչ ոք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը, այդ որոշումը չի պաշտպանի ոչ ոք, ներառյալ` Մինսկի խումբը ու նրա անդամ Ռուսաստանը, որը շատ հարցերում Հայաստանի դաշնակիցն է: Այդ պատճառով ես լուրջ չեմ ընդունում հայաստանյան ղեկավարության նման հայտարարությունները»:

Իսկ Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչման ամեն մի հայտարարության Բաքուն արձագանքում է պատերազմի վերսկսման սպառնալիքներով:

«Եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ապա դա կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը», - 2008-ի ապրիլին հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Իսկ երևանցի մի վերլուծաբանի կարծիքով` Հայաստանի նման քայլը չի կարող սպառնալ բանակցային գործընթացին:

«Ադրբեջանի սպառնալիքները վկայում են, որ իրականում ադրբեջանական կողմը պատրաստ չէ զիջումների, և պատերազմի վերսկսման մասին հայտարարություններն արվում են ընդամենը իր համար անբարենպաստ զարգացումները կանխելու համար»,- ասում է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդգար Հելհելյանը:

Վերլուծաբանը կարևորում է բանակցություններին Ղարաբաղի լիիրավ մասնակցության իրավունքի վերականգնումը:

«Իսկ այդ գործընթացի սկիզբը կլինի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը»,- ամփոփում է նա: