Թագավորն իշխում է. Աբրահամն սկսում է Սուպեր վեցնյակի մրցաշարը` հաղթանակ տոնելով «չար մտադրություններ» ունեցող ամերիկացու նկատմամբՇաբաթ երեկոյան Բեռլինի մարզադահլիճում իր երկրպագուների առաջ Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող 29-ամյա Աբրահամը, որն այս տարվա սկզբում հրաժարվեց IBF վարկածով չեմպիոնի իր գոտուց` անպարտելի մնալով միջին քաշային կարգում, որպեսզի մասնակցի Սուպեր վեցնյակի մրցաշարին, նոկաուտի ենթարկեց «Չար մտադրություններ» մականվամբ Ջերմեյն Թեյլորին (ԱՄՆ Արկանզասի նահանգ), երբ 12-րդ ռաունդի ավարտին մնացել էր վեց վայրկյան: Աբրահամը (31 հաղթանակ` 25-ը նոկաուտով, ոչ մի պարտություն) Թեյլորին (28 հաղթանակ` 17-ը նոկաուտով, 4 պարտություն, 1 ոչ-ոքի) տապալեց մարզագորգին` աջ բռունցքով հարված հասցնելով ամերիկացու ծնոտին: «Ինձ մի քանի ռաունդ էր պետք` վերլուծելու հակառակորդիս: Հետո թողեցի, որ հարվածելով հոգնի, և պատասխան հարված տվեցի»,- մրցամարտից հետո Աբրահամի խոսքերն են մեջբերում լրատվամիջոցները: Աբրահամի պարտված հակառակորդն ասաց. «Նա ինձ պարզապես անակնկալի բերեց աջ հարվածով: Ես չնկատեցի այն»: Սուպեր վեցնյակի մրցաշարը (Super Six World Boxing Classic), որը կազմակերպել է «Showtime» ընկերությունը` «Sauerland Event»-ի հետ համատեղ, WBA և WBC վարկածներով գերմիջին քաշի բռնցքամարտիկների մրցաշար է, որին մասնակցում են գերմիջին քաշային կարգի աշխարհի վեց ուժեղագույն բռնցքամարտիկներ (երեք բռնցքամարտիկ ներկայացնում են Եվրոպան, երեքը` Ամերիկան): Մասնակիցների թվում են նաև Անդրե Դիրելը և Անդրե Ուորդը (երկուսն էլ ԱՄՆ-ից), ինչպես նաև Կարլ Ֆրոշը և Միկկել Կեսլերը (համապատասխանաբար` Մեծ Բրիտանիայից ու Դանիայից): Մրցաշարի առաջին փուլում բռնցքամարտիկները կմրցեն շրջանային համակարգով, որտեղ յուրաքանչյուրը երեք անգամ ռինգ դուրս կգա և կստանա 3 միավոր նոկաուտով կամ տեխնիկական նոկաուտով հաղթանակի համար, 2 միավոր` միավորներով հաղթանակի համար, 1 միավոր` ոչ-ոքիի համար և 0 միավոր` պարտության համար: Խմբակային փուլի լավագույն քառյակը դուրս կգա կիսաեզրափակիչ, որտեղ 1-ին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը կհանդիպի 4-րդ տեղը զբաղեցրածի, իսկ 2-րդը` 3-րդի հետ: Հաղթողները դուրս կգան եզրափակիչ: Աբրահամի հաջորդ մրցակիցը` «Մատրիքս» մականվամբ Դիրելը (18 հաղթանակ, մեկ պարտություն), Սուպեր վեցնյակի մրցաշարի իր առաջին մրցելույթում մրցավարների որոշմամբ պարտվեց Միացյալ Թագավորությունից Ֆրոշին: |
|