«ԱՄԱՓ». Ուղենշված է «Հայաստանի Մետաքսի ճանապարհ» երթուղին

«ԱՄԱՓ». Ուղենշված է «Հայաստանի Մետաքսի ճանապարհ» երթուղին


800 մոմերի լույսի ներքո շատ հին և ցուրտ քարավանատունը կարծես միջնադարյան տաճար լիներ

Անցյալ հինգշաբթի գետնին, կամարների ելուստների քարերի վրա դրված մոտ 800 մոմեր լուսավորել էին Սելիմի լեռնանցքի քարավանատունը` հիացնելով մի քանի հարյուրի հասնող հյուրերի:

Սելիմի լեռնանցքում գտնվող 14-րդ դարի այս քարավանատունը ի թիվս նման մի շարք այլ շինությունների որպես իջևանատուն է ծառայել Մետաքսի ճանապարհի Հայաստանով անցնող առևտրականների համար: Այս կառույցն ընդգրկվեց այն պատմամշակութային հուշարձանների շարքում, որտեղ տեղեկատվական վահանակներ տեղադրվեցին Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի շրջանակներում:

Ավելի քան երկու տարվա ընթացքում «ԱՄԱՓ»-ի պատրաստած 5 լեզվով տեղեկատվական վահանակների և 6 այլ լեզուներով լամինացված թերթիկների շնորհիվ ավելի իմաստալից են դառնում այցելություններն այդ հնավայրեր` ինչպես տեղացիների, այնպես էլ օտարերկրյա այցելուների համար: Սելիմը 13-րդն էր «ԱՄԱՓ»-ի 2009 թ. ծրագրում ընդգրկված 16-ից հնավայրերից:

Նախագիծը գործում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի, Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոսի և Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի մրցունակ մասնավոր հատված» ծրագրի (CAPS) հովանավորության շնորհիվ:

Մետաքսի ճանապարհը Չինաստանը Առաջավոր Ասիայի և Եվրոպայի հետ կապող շուրջ 7000 կմ ձգվող առևտրաքարավանային երթուղի էր, որը գործել է Ք. ա. 2-րդ դարից մինչև մեր թվարկության 16 դ.: Մետաքսի ճանապարհի Հայաստանի 550 կմ երկարությամբ հատվածը ձգվում է հայ-վրացական սահմանից մինչև Իրան` ուղենշվելով 5 լեզուներով 13 տեղեկատվական վահանակներով, որոնք տեղադրված են ի թիվս այլ վայրերի Գորիսում, Մեղրիում, պատմական Մոզ բնակավայրում, Ուխտասարում, Սելիմի լեռնանցքում:

«Երբ առաջին անգամ եկա Հայաստան, ինձ ասացին, որ Հայաստանն աշխարի կենտրոնն է, բայց ինձ համար, իհարկե, կենտրոնն ԱՄՆ Տեխաս նահանգն էր, քանի որ ես այնտեղից եմ,- ասաց ծրագրի համահեղինակ Ռիկ Նայը (որը 1992 թվականից ապրում է Հայաստանում): - Իսկ երբ սկսեցինք իրականացնել այս ծրագիրը, հասկացանք, որ քաղաքակրթությունների խաչմերուկում Հայաստանն է, այսինքն` Հայաստանն իսկապես կենտրոնն է»:

Ռիկն ասաց, որ Մետաքսի ճանապարհի ուղենշման մտահղացումը դեռ տասը տարի առաջ բարձրաձայնվել է Վրաստանի կողմից, սակայն չի իրականացվել: Իսկ մեկ տարի առաջ Հայաստանում քննարկվող գաղափարն արդեն իրականություն է դարձել:

Երթուղու շնորհանդեսին մասնակցում էին հույներ, հնդիկներ, իտալացիներ, չինացիներ, այսինքն` ներկայացված էին այն երկրները, որոնք Մետաքսի ճանապարհի գլխավոր հանգրվաններն էին:

Բրունո Սկապինին` Հայաստանում Իտալիայի դեսպանը, խոստովանեց, որ եթե չլիներ Միջերկրական ծովը, ապա Հարավային Իտալիայից Հայաստան անցնելու սահմանը գրեթե չէր զգացվի, այնքան նման են այդ երկու երկրները:

Հնդկաստանից բժշկական համալսարանի ուսանողներ Նիտաշա Ջուլկան և Սանդի Կումարը (երկուսն էլ 23 տարեկան) ներկայացրեցին իրենց ազգային պարերից մեկը` «Փենջաբ» (Հինգ գետ): Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան նաև Հունաստանի, Չինաստանի և Իտալիայի ներկայացուցիչները:

Երիտասարդ հնդիկներն ասացին, որ Հայաստանում ձեռք են բերել ընկերներ և հույս ունեն, որ այդ ընկերությունը կշարունակվի ամբողջ կյանքի ընթացքում:

Առաջատար բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր խոսքն ուղղեց երիտասարդներին` կոչ անելով շարունակել իրենց սկսած գործը ապագայում:

Վառվեց խարույկ, և «Կարին» պարային համույթը «Քոչարի», «Յարխուշտա» կատարեց խարույկի շուրջ, իսկ մի քանի ժամ հետո քարավանատան մոմերը հանգեցին, և նորից տիրեց այն լռությունը, որի մեջ ապրում է այս հուշարձանը դարեր շարունակ` սպասելով նոր հյուրերի, որոնք արդեն հնարավորություն ունեն ծանոթանալ Հայաստանի մշակութային այս կոթողի պատմությանը: