Օրենսդրական մոտեցո՞ւմ, թե՞ ազգային օրակարգ. Հայոց ցեղասպանության ժխտումը նախ պետք է պատժվի Հայաստանում

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ավելի արդիական են դարձել Հայոց ցեղասպանության մասին սեփական օրենքի բացակայության հարցի քննարկումները, և որոշ շրջանակներում հարց է առաջանում, թե ինչո՞ւ Հայաստանը չունի օրենք, որը կարգելի ցեղասպանության ժխտումը:

Դեռ 1988 թ. ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց օրենք, որով դատապարտվում էր 1915 թ. Արևմտյան Հայաստանում Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի անկախացումից հետո չեղյալ են ճանաչվել նախկինում գործող ՀԽՍՀ օրենքները, բացառությամբ վերոնշյալ օրենքի, բայց այդպես էլ հատուկ օրենք չի ընդունվել, որով ՀՀ-ը պաշտոնապես կհաստատեր, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: (Ըստ գործող օրենքի` ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:)

«Մեզ մոտ գործում է միայն քրեական օրենսգրքի 397.1 հոդվածը, որում ընդհանրապես դատապարտվում է ցեղասպանությունը, իսկ Հայոց ցեղասպանությունն առանձին նշված չէ»,- ասաց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արմեն Այվազյանը:

«Այնինչ կան բազմաթիվ պետություններ, որոնք ունեն այդպիսի օրենք. նույն Իսրայելը, որտեղ կա հոլոքոստը ճանաչող հատուկ օրենք, նույն ԵՄ-ն հանձնարարական է ուղարկել բոլոր անդամ երկրներին` ընդունել օրենքներ ցեղասպանությունը ժխտելու դեմ»,- ավելացրել է նա:

ՀՅԴ ներկայացուցիչները դեռ մեկ ամիս առաջ մշակել են օրենքի նախագիծ, որը ներգրավված է ԱԺ պետաիրավական մշտական հարցերի հանձնաժողովի օրակարգում:

ՀՅԴ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ այդ հարցը միշտ էլ ծառացած է եղել, սակայն քաղաքական դաշտում կատարված վերջին զարգացումները օրենքի ընդունումն ավելի հրատապ են դարձնում. «Բայց կապ չունի` կվավերացնե՞ն, թե՞ չեն վավերացնի արձանագրությունները, մենք պետք է օրենքը ընդունենք»: