Երկու սենատոր ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը

Հայամետ հայացքներ ունեցող ամերիկացի երկու սենատորներ` Ռոբերտ Մենենդեսն ու Ջոն Էնսայնը, Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը ներկայացրել են ԱՄՆ-ի Սենատում, հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ):

«Հակառակ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտմանը, մենք ողջունում ենք սենատորներ Մենենդեսի ու Էնսայնի պատրաստակամությունն այս ակնհայտ փաստը վերահաստատելու, ինչպես նաև Ամերիկայի պատմության մեջ հպարտանքի արժանի էջը պահպանելու գործում. Միացյալ Նահանգներն օգնել է գոյատևելու մարդկության դեմ գործած այդ սարսափելի ոճրագործությունից վերապրածներին»,- ասել է համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Անցած շաբաթ ԱՀՀ-ի` Միացյալ Նահանգների կողմից այս անհերքելի փաստի ճանաչման տևական ջանքերի շնորհիվ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ևս յոթ կոնգրեսականներ միացան Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի կողմնակիցներին: «Միայն ցեղասպանության փաստը ընդունելով ու այդ մասին աշխարհին տեղեկացնելով է հնարավոր կանխել այն: Համագումարը չի հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ շարունակում են Հայոց ցեղասպանությունը ժխտել»,- վստահեցրել է Արդունին:

Այս կարևորագույն միջոցը (օրինագիծը) ներկայացնելով` Մենենդեսը նշել է. «1,5 միլիոն հայ այս երկրի վրա դժոխքի միջով են անցել: Եվ նրանց տառապանքն ու նրանց դեմ գործած ոճիրը ողջ աշխարհից թաքցնել` նշանակում է վիրավորել ոչ միայն այդ մարդկանց հիշատակը, այլև նրանց ժառանգներին: Արդեն երկար ժամանակ է, ինչ մեր ժողովուրդը փորձում է հաստատել այս փաստի գոյությունը, օգնել մարդկությանը հասկանալու դրա ակունքները` այդպիսով կանխելով հետագա ոճրագործությունները»:

Էնսայնն էլ իր հերթին ավելացրել է. «Համախմբելով մեր ուժերը և հաստատելով, որ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն է կատարվել` մենք ծանրակշիռ ուղերձ ենք հղում համաշխարհային հանրությանն այն մասին, որ աչք չենք փակի անցյալի հանցագործությունների վրա զուտ այն պատճառով, որ դրանք անցյալում են տեղի ունեցել»:

Հայոց ցեղասպանության օրինագիծը Միացյալ Նահանգների նախագահին կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի ԱՄՆ արտաքին քաղաքականությունն համարժեք ըմբռնում և զգայունություն հանդես բերի այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են մարդու իրավունքները, էթնիկ զտումները և ցեղասպանությունները, որպեսզի դրանք փաստաթղթերով ամրագրվեն Միացյալ Նահանգներում` ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլև ուրիշ նպատակներով: