Իրական շարժառիթ. Սարգսյանը Բաքվին կոչ է անում ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում «խելամիտ» մոտեցում ցուցաբերել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ արեց Բաքվի իշխանություններին մի կողմ դնել «ամեն ինչ` ինձ» կարգախոսը և լրջորեն կենտրոնանալ Երևանի հետ խաղաղ բանակցությունների ներկա փուլի վրա` լուծելու Լեռնային Ղարաբաղի խնդրին առնչվող ձգձգվող հակամարտությունը:

Լեռնային Ղարաբաղ երկօրյա այցի վերջում` հինգշաբթի, Սարգսյանը հարցազրույց տվեց Արցախի հանրային հեռուստատեսությանը, որի ընթացքում կրկնեց, որ հայկական կողմը փնտրում է «իրատեսական լուծումներ, որոնք, իրոք, խաղաղություն կբերեն և այն կլինի տևական»:

Հայաստանի ղեկավարն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արած հայտարարությանը, որում նա ասել էր, թե ձեռք են բերվել համաձայնություններ ԼՂՀ հարակից շրջանները վերադարձնելու շուրջ:

«Իհարկե, ցանկացած բանակցությունում կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է ստանալ առավելագույնը, բայց ես չեմ հասկանում այն, երբ բանակցությունների ընթացքում կողմերից մեկը ձգտում է ստանալ ամեն ինչ, ղեկավարվում է «ամեն ինչ` ինձ» կարգախոսով: Նման պարագայում այդ կողմի համար բանակցությունները կարող են լինել ոչ դուրեկան, և բանակցությունների արդյունքները կարող են չբավարարել, բայց դա արդեն մեր մեղքը չէ»,- Սարգսյանի խոսքն է մեջբերում նրա մամլո գրասենյակը:

«Երբ որ բանակցությունների մեր գործընկերները գան այն եզրակացության, որ պետք է լինի տրամաբանական լուծում, ապա այդ լուծումները հեշտությամբ կարող են գտնվել,- շարունակում է Սարգսյանը: - Երբ որ նրանք իրատեսորեն մոտենան խնդրին և, դեկլարացիաներ անելուց բացի, իսկապես ցանկանան այն լուծել, այդ ժամանակ խնդիրը կլուծվի... Կարծում եմ` ճիշտ կլինի, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիները մեր ջանքերը կենտրոնացնենք բանակցությունների ներկա փուլի վրա, ոչ թե փորձենք ինչ-որ հատված կտրել նախկին բանակցություններից և ներկայացնել սեփական լսարանին»:

Կարծես պատասխանելով Ալիևի ռազմատենչ հայտարարություններին` Սարգսյանն ասաց. «Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է առանձնասենյակի մանրահատակի վրա ճեմելով` խոսել զորքերի մարտունակության, դրանց մարտական ոգու կամ տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի մասին»:

Կրկին անդրադառնալով Ադրբեջանին (և ակնարկելով, որ Հայաստանը ռազմական առումով գերազանցում է հակառակորդին) Սարգսյանն ասաց. «Նրանք վաղուց արդեն կայացել են, և մենք ունենք իրոք մարտունակ զինված ուժեր` ի տարբերություն տարածաշրջանի որոշ երկրների, որոնք ունեն զինված մարդկանց հոծ խմբեր: Իսկ դրանք տարբեր բաներ են»:

Այս հայտարարությունները Սարգսյանն արել է Լեռնային Ղարաբաղ այցի ժամանակ, որի ընթացքում նա եղավ պաշտպանական դիրքերում, հանդիպեց ԼՂՀ բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչների հետ:

Հակամարտության շուրջ այլ պետությունների միջնորդությամբ բանակցությունները հանգեցրին խնդրի կարգավորմանն առնչվող սկզբունքների առաջարկմանը, որոնք հայտնի են որպես մարիդյան սկզբունքներ, և որոնց շուրջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնության դեռ չեն եկել:

Մոտ երկու շաբաթ առաջ Սարգսյանը և իր ադրբեջանցի գործընկերը հանդիպեցին Մոլդովայում:

Միջազգային միջնորդներն այն ժամանակ հայտարարեցին, որ հանդիպման արդյունքում կողմերն ավելի են մոտեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած շրջանակային համաձայնագրի առնչությամբ իրենց տարաձայնությունների հաղթահարմանը: Սակայն Ալիևը հանդիպումն «անարդյունավետ» համարեց և ասաց, որ «կողմերը չկարողացան համաձայնության գալ քննարկման հիմնախնդիրների առնչությամբ»:

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությամբ միջնորդ խմբի առաջարկությունների առանցքային տարրերից մեկը հայկական ուժերի դուրս բերումն է բուն Լեռնային Ղարաբաղի հարակից մի քանի շրջաններից: Տեղի բնակչության ապահովության երաշխիքներից զատ, առաջարկությունների կետերից մեկն էլ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին, որը կապահովի անվտանգության երաշխիքները և ինքնիշխանությունը և ապագայում տարածքի իրավական կարգավիճակի վերջնական որոշումը` «պարտադիր ուժ ունեցող կամքի արտահայտման միջոցով»: