«Ալ Ջազիրա». Դավութօղլուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում է ղարաբաղյան հակամարտության լուծման հետ և պնդում «պատմությունը վերանայելու» անհրաժեշտությունը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կրկին ասաց, որ վերջերս ստորագրված դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմ հարաբերությունների զարգացման հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը անմիջականորեն կապված կլինի Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հետ: Նա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անվանեց «քարոզչական պատերազմ»:

Հայաստանի իշխանությունները հերքում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Երևանի հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիայի նախապայմանն է:

Երկուշաբթի «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Դավութօղլուն ասաց, որ հայ-թուրքական արձանագրությունները «կնպաստեն Հարավային Կովկասում կայունությանը և, մասնավորապես, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը` վերջ դնելով Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիային»:

«Նման առաջընթացը դրական ազդեցություն կունենա մեր խորհրդարանում վավերացման գործընթացի վրա: Սակայն եթե իրավիճակը վատթարանա, կամ եթե նման զարգացման հույս չլինի, մեր խորհրդարանի անդամները դեմ կքվեարկեն,- ասաց Դավութօղլուն: - Մենք ցանկանում ենք քաղաքական և հոգեբանական հենք նախապատրաստել… Մենք որոշ առաջընթացի կարիք ունենք խաղաղ բանակցություններում, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է և նրա խնդիրները մեր արտաքին քաղաքականության մասն են: Ադրբեջանի տարածքի մոտ 20 տոկոսի օկուպացիան անօրինական է: Միջազգային հանրությունը պետք է պահանջի և վերջ դնի սրան»:

Թուրքիայի արտգործնախարարը անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանությանը` անվանելով այն «քարոզչական պատերազմ» և պնդեց, որ հայ-թուրքական արձանագրությունների մաս կազմող միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծումը կօգնի հասնելու «արդար հիշողության»:

«Ես գիտնական եմ և պատմաբան: Պատմական փաստերը պետք է ուսումնասիրվեն պատմական փաստաթղթերի հիման վրա: Կան պատմական փաստեր, և կա քարոզչական պատերազմ: Մինչև այժմ մենք ականատես ենք եղել քաղաքական նպատակներով իրականացվող քարոզչական պատերազմի: Այս նոր հանձնաժողովն այն իր ճիշտ ուղղությամբ կտանի` դեպի պատմական փաստերի վրա հիմնված հետազոտություն… Այս հանձնաժողովի միջոցով մենք ցանկանում ենք հասնել արդարացի, այլ ոչ թե միակողմանի հիշողության,- ասաց Դավութօղլուն: - Ես վստահ եմ, ես ծանոթ եմ արխիվներին»:

Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում շատերը մտավախություն ունեն, որ անորոշ առաքելությամբ նման միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծմանն առնչվող արձանագրությունների համապատասխան դրույթը նշանակում է կասկածի տակ դնել ցեղասպանության փաստը, այսինքն` վերջ դնել ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին: Նախագահ Սերժ Սարգսյանը և նրա քաղաքական դաշնակիցները հերքում են, որ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան որևէ նախապայման է առաջադրել և խոստանում են, որ ոչ Ղարաբաղի, ոչ էլ ցեղասպանության հարցում փոխզիջման չեն գնա: