Ձևափոխումներ. վերլուծաբանների կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կփոխի տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը

Հայաստանի առաջատար քաղաքական վերլուծաբանները կարծում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման դեպքում Հայաստանը կարող է տարածաշրջանում առավել կարևոր երկիր դառանալ:

Այս ամսվա սկզբին Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմ հարաբերութունների զարգացման վերաբերյալ արձանագրություններ ստորագրեցին: Այդ փաստաթղթերը պետք է վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից:

Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Քեռյանն ասում է, որ հարևան երկրի հետ հարաբերությունների կարգավորումը համաշխարհային քաղաքականությանը մասնակցելու նոր դուռ կբացի Հայաստանի համար, որը ներկայումս այս առումով ունի ընդամենը մեկ գործընկեր` Ռուսաստանը:

«Փաստորեն միջազգային ասպարեզ դուրս գալու մեկ դուռ ունենք: Վատն այն է, որ մեր ռազմավարական գործընկերը (Ռուսաստանը) Հայաստանի հետ անմիջական սահման չունի: Իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև ընկնող Վրաստանն ու Ադրբեջանը բավական անհուսալի են Ռուսաստանի հետ համագործակցելու համար»,- ասում է Քեռյանը:

Նրա կարծիքով` Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը փոփոխություններ կառաջացնի Ռուսաստանի և հարևան մյուս պետությունների հետ Հայաստանի հարաբերություններում:

«Չեմ ասում, թե սահմանի բացումը կվնասի հայ-ռուսական հարաբերություններին, սակայն Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա հարաբերությունները կդառնան հավասարազոր: Մինչև այժմ չունենալով արտաքին աշխարհ դուրս գալու [այլընտրանքային] ելքեր` մենք ստիպված ենք ընդունել Ռուսաստանի արտաքին քաղաքականության թելադրանքը շատ և շատ ասպարեզներում»,- ասում է Քեռյանը:

Քաղաքագետը չի բացառում, որ Ադրբեջանը, հիասթափվելով Թուրքիայից, փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը և սկսի հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ:

Ըստ Քեռյանի` Հայաստանը չպետք է թողնի, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ջերմանան ռազմավարական գործընկերության ոլորտում, «քանի որ դա չի բխում Հայաստանի ազգային շահերից»:

Երեկ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը ևս կարծիք էր հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը սեպ է խրել թուրք-ադրբեջանական հարաբերություններում:

«Մեկ ազգ, երկու պետություն կոնցեպտը խիստ թուլացել է, եթե չասենք` վերացել է: Հայ-թուրքական դիվանագիտությունն ազդել է թուրք-ադրբեջանական դիվանագիտության վրա»,- վերջերս մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կիրակոսյանը:

Քեռյանը միաժամանակ նշում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ ուրախ չեն նաև հարևան Վրաստանում, քանի որ այս կերպ այն կկորցնի տարածաշրջանում բոլոր գերտերությունների համար հետաքրքրվածությունը:
«Սա կբերի նաև հայ-վրացական հարաբերությունների որոշակի փոփոխության: Հայաստանը, օրինակ` կարող է ջավախահայության հարցում կոշտ դիրքորոշում ներկայացնել»,- ասում է Քեռյանը:

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը ևս համակարծիք է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը լուրջ փոփոխությունների կհանգեցնի տարածաշրջանում, մասնավորապես` կփոխվի Վրաստանի դերը, և կթուլանա Ադրբեջանի նշանակությունը: Ըստ նրա` սա կհանգեցնի նրան, որ տարածաշրջանում իրավիճակն ավելի կայուն կլինի:

Քեռյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման դեպքում կարող են վատթարանալ Իրանի և Հայաստանի հարաբերությունները:

«Իրանը մեր գործընկերն է Հայաստանի անկախության հաստատումից ի վեր: Սակայն հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանը կարող է կորցնել այդ ջերմ հարաբերությունները: Այդ պատճառով էլ այս հիմնախնդիրը պետք է հիմնովին ուսումնասիրվի»,- կարծում է Քեռյանը:

Քեռյանի խոսքով` Իրանը, որը ծայրահեղ հակաարևմտամետ երկիր է, երբեք չի ողջունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը` ելնելով միայն այն փաստից, որ Թուրքիան հստակ արևմտամետ դիրքորոշում ունեցող երկիր է: