Դավանանքի ազատություն-2009. ԱՄՆ պետդեպարտամենտը քննադատել է Հայաստանին` կրոնական փոքրամասնությունների ազատությանը վերաբերող աննշան բարեփոխումների պատճառով

ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած «Կրոնական դավանանքի ազատություն- 2009 թ.» զեկույցի համաձայն` չնայած ՀՀ սահմանադրությամբ ամրագրված է կրոնական դավանանքի ազատությունը, այդուհանդերձ օրենքում տեղ են գտել հավատացյալների դավանանքի ազատության սահմանափակումներ, եղել են հաղորդումներ սոցիալական բռնությունների և կրոնական պատկանելության, հավատի կամ հոգևոր գործունեության վրա հիմնված խտրականության դեպքերի մասին:

Զեկույցի հրապարակման առնչությամբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այս շաբաթ ներկայացրել է 194 երկրներում անցկացված մոնիթորինգի արդյունքները:

Զեկույցը վերաբերում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում և քրեական օրենսգրքում տեղ գտած վիճահարույց նախնական փոփոխություններին, որոնք օրենքով սահմանում են քրիստոնեական հավատքը որպես «հավատք առ Հիսուս Քրիստոս` որպես Աստված և Փրկիչ և ընդունում Սուրբ Երրորդությունը»` որպես կրոնական կազմակերպությունների գրանցման նախապայման: Այս նախնական փոփոխությունները նաև փորձում են որակել և քրեականացնել հոգեորսությունը, մի տերմին, որը բացասական նշանակությամբ է օգտագործվում և հոմանիշ է հոգևոր կազմակերպություններին բռնի անդամագրման:

Այս օրենքների նախնական փոփոխությունները բուռն հասարակական քննարկումների առարկա են դարձել բազմաթիվ տեղական փորձագետների և կրոնական կազմակերպությունների ակտիվիստների, ինչպես նաև կրոնական փոքրամասնությունների շրջանում, որոնք այդ փոփոխությունները (դրանք դեռ պետք է խորհրդարանական ընթերցումներ անցնեն` օրենքի ուժ ստանալու համար) դիտարկում են` որպես երկրում կրոնական փոքրամասնությունների և դավանանքի ազատության դեմ նպատակաուղղված գործունեություն:

Զեկույցի պատրաստման ամբողջ ընթացքում իրեն «Մեկ ազգ» կոչող կուսակցությունը շարունակել է իշխանությունների կողմից խրախուսված (և նրանց լուռ թողտվությամբ) Երևանի տարբեր վայրերում թռուցիկներ տարածել` «Եհովայի վկաներին» հասարակական պարսավանքի ենթարկելով և նախազգուշացնելով աղանդների մասին: Տեղի դիտորդների համաձայն` նույն կազմակերպությունը, որն իրեն նաև «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինք է անվանում, զրպարտիչ բովանդակության հազարավոր թռուցիկներ են տարածել: Թռուցիկներում ՀՀ-ում օրենքով գրանցված կազմակերպություններին համեմատել են «սատանիստների» հետ` պիտակավորելով բոլորին որպես աղանդներ, որոնք հակազգային և կործանարար գործունեություն են ծավալում և կոչ անելով հայերին պայքարել դրանց դեմ:


Բազմաթիվ կրոնական փոքրամասնությունները հաղորդել են դպրոցներում դրսևորված անհանդուրժողականության ընդհանուր մթնոլորտի մասին, որի թիրախը կրոնական փոքրամասնություններին պատկանող ուսուցիչներ ու երեխաներ են, և ոչ թե Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետևորդները: Հաղորդումներ են եղել, որ ուսուցիչները դասերի ժամանակ առանձնացրել են կրոնական փոքրամասնություններին պատկանող երեխաներին, իսկ համադասարանցիների համար այդ երեխաները բռնությունների և ծաղրի առարկա են դարձել:

Երևանի «Եհովայի վկաներին» մեջբերելով` զեկույցում նշվում է, որ 2009 թ. հունիսի դրությամբ` այդ խմբի 71 անդամներ անազատության մեջ են` զինծառայությունից խուսափելու կամ խղճի ու կրոնական համոզմունքների հիման վրա այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու համար:

Մի քանի դիտորդների կարծիքով` ընդհանուր բնակչությունը բացասաբար է տրամադրված բոլոր կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Այդուամենայնիվ, ըստ տեղի փորձագետների, այս վերաբերմունքը չի ազդել անձնական կամ բարեկամական հարաբերությունների վրա, սակայն ընդհանուր առմամբ կրոնական փոքրամասնություններն ընկալվում են որպես սպառնալիք պետականությանը:

Միևնույն ժամանակ կրոնական փոքրամասնությունները շարունակում են Հայաստանյայց Առաքելական եկեղեցու սպասավորների թշնամական քարոզչության թիրախ մնալ, դրանց անդամները սոցիալական խտրականության և անհանդուրժողականության են ենթարկվում, ներառյալ աշխատավայրում: «Եհովայի վկաները» հայտնել են, որ ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում տեղի բնակիչները փորձել են խոչընդոտել Վանաձորում պաշտամունքի նորակառույց կենտրոնի աշխատանքները (Լոռու մարզ): Ոստիկանությունը վերահսկողության տակ է վերցրել ստեղծված իրավիճակը, և շինարարական աշխատանքները վերսկսվել են առանց հետագա միջադեպերի: Ըստ ԶԼՄ-ի` բնակիչներն ընդդիմացել են պաշտամունքի նոր կենտրոնի կառուցմանը, քանի որ այն շատ մոտ էր դպրոցին և մանկապարտեզին` անհանգստանալով, որ խումբը կարող է ներքաշել իրենց երեխաներին:

Բազմաթիվ ԶԼՄ-ներ իրենց հեռուստաեթերում շարունակում են պիտակավորել փոքրամասնություններին որպես Հայաստանյայց Առաքելական եկեղեցու նկատմամբ աղանդներ, որոշ ԶԼՄ-ներ էլ նրանց վարկաբեկող հաղորդումներ են պատրաստում և հեռարձակում:

Զեկույցում նշվում է նաև «Հոգեորսություն» ֆիլմը, որը ցուցադրվել է «Երկիր մեդիա» հեռուստաալիքով և բացասական տեսանկյունից է ներկայացրել կրոնական փոքրամասնությունների խմբերին` պիտակավորելով նրանց որպես աղանդների և մեղադրելով ազգային անվտանգությունը խարխլելու մեջ: Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևորականներից մեկը ֆիլմում հայտարարում է, թե այդ կազմակերպությունները միտված են ստրկացնելու մարդկանց և խորամանկ հնարքներ են օգտագործում նոր մարդիկ անդամագրելու նպատակով:

Վավերագրական այս ֆիլմում կադրեր կան, որում օտարերկրացի հավատացյալները տրանսի մեջ են, բռնության են ենթարկում երեխաներին, թատերականացված ներկայացումներ անում: Այս արխիվային կադրերը ներկայացված են` որպես տեղի կրոնական կազմակերպությունների գործունեության օրինակներ:

Զեկույցում ընդգծվում է նաև, որ կարևորելով կրոնական դավանանքի ազատությունը` Հայաստանում բարեփոխումներ և դրական զարգացումներ կան, արձանագրելով, որ ի տարբերություն նախկին զեկույցի ժամանակաշրջանի` հայկական լրատվական դաշտում հակահրեական հրապարակումներ չեն եղել:

ԱՄՆ դեսպանության պաշտոնյաները սերտ կապ են պահպանում Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, ինչպես նաև երկրում առկա այլ կրոնական և էկումենիկ խմբերի առաջնորդների հետ: Դեսպանության պաշտոնյաները, ներառյալ դեսպանը, մասնակցել են կրոնական համայնքների բազմաթիվ միջոցառումների` աջակցելու կրոնական ազատությանը: