Դավանանքի ազատություն-2009, Վրաստան. զեկույցը քննադատում է Վրաստանի իշխանություններին այլ դավանանքների հոգևոր կառույցները յուրացնելու համար

Այս շաբաթ ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած դավանանքի ազատության մասին ամենամյա միջազգային զեկույց 2009-ում ասվում է, որ Վրաստանում կոմունիստական վարչակարգի օրոք բռնագրավված սեփականության վերադարձի հարցը մնում է վիճահարույց:

Զեկույցում ասվում է, որ Վրաստանի իշխանությունները չեն վերադարձրել այլ դավանանքներին պատկանող եկեղեցիներ, մզկիթներ, սինագոգներ ու ժողովատեղիներ:

18 տարի առաջ անկախության հռչակումից ի վեր Հայաստանյայց Առաքելական եկեղեցին պահանջում է հետ վերադարձնել իրեն պատկանող 6 չգործող եկեղեցիները: Այսպես կոչված «վիճահարույց եկեղեցիները» պատկանում են (Վրաստանի) պետությանը: Իշխանության դիրքորոշումը հետևյալն է` խնդիրները պետք է լուծվեն կառավարության, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու և Վրաց ուղղափառ եկեղեցու փոխհամաձայնությամբ:

Զեկույցն անդրադառնում է նաև Նորաշեն եկեղեցու (որը փակ է 1995 թ.) պատկանելության շուրջ` Հայաստանյայց Առաքելական եկեղեցու և Վրաց ուղղափառ եկեղեցու միջև ծագած տարաձայնություններին: Զեկույցում ասվում է, որ անցյալ տարվա նոյեմբերին Վրաց ուղղափառ եկեղեցու քահանա հայր Տարիել Սիքինչելաշվիլին բուլդոզեր էր բերել եկեղեցու բակ, որը վրացական և Նորաշեն եկեղեցիների ընդհանուր տարածքն է:

Որպեսզի բուլդոզերը կարողանար անցնել, բակի մի քանի հայկական տապանաքարեր էր տեղաշարժել, իսկ հետո նորից տեղը դրել: Հայ հոգևորականությունը սա որակել էր անհարգալից վերաբերմունք այդտեղ թաղված հայերի աճյունների նկատմամբ: Ամռանը գործունեությունը դադարեցվել է, և հայկական տապանաքարերի վրայից շինարարական աղբը մաքրվել է: «Վիճահարույց եկեղեցիների» հարցը քննարկելու նպատակով ստեղծված հանձնաժողովը զեկույցի պատրաստման ընթացքում ոչ մի առաջընթաց քայլ չի կատարել:

Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևորականները կարծում են, որ սեփականությանն առնչվող վիճաբանությունները լուծվում են ոչ թե թափանցիկ իրավական գործընթացում, այլ մասնավոր դեպքերի հիման վրա` բավարարելով Վրաց ուղղափառ եկեղեցու պահանջները: Նրանք ասում են, որ կառավարությունը չի ցանկանում լուծել եկեղեցական վիճահարույց շինություններին առնչվող խնդիրները` վախենալով վիրավորել Վրաց ուղղափառ եկեղեցու հավատացյալներին:

Զեկույցում նաև նշվում է, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, ինչպես նաև այլ եկեղեցիներ (Հռոմի կաթոլիկ և բողոքական եկեղեցիների դավանանքներ) դեռևս խոչընդոտների են հանդիպում նոր եկեղեցիներ կառուցելու թույլտվություն ստանալու հարցում, որը պայմանավորված է տեղական ինքնակառավարման մարմինների անբարյացակամությամբ: Նրանք չեն ցանկանում շինարարության թույլտվություն տալ` Վրաց ուղղափառ եկեղեցու սպասավորներին չվիրավորելու համար:

2009 թ. ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցին նշել է, որ դպրոցում ուսուցիչները երեխաներին ասել են, թե նա, ով խաչակնքում է ուղղափառների նման, «Աստծո նշանն է անում», իսկ այն երեխաները, որոնք Հռոմի կաթոլիկների նման են խաչակնքում, «սատանայի նշանն են անում»:

Սրան հակառակ զեկույցում նշվում է, որ Վրաց ուղղափառ եկեղեցին վերականգնել է իր սեփականությունների մեծ մասը: Խորհրդային տարիներին պետությունը եկեղեցուց բռնագրավել էր նրա սեփականության մեծ մասը, որը գրեթե ամբողջությամբ վերադարձվել է եկեղեցուն: Բացի Վրաց ուղղափառ եկեղեցուն սեփականությունը վերադարձնելուց, կառավարությունը նաև ամեն տարի դրամաշնորհներ է հատկացնում եկեղեցուն` որպես խորհրդային տարիներին հասցված վնասների փոխհատուցում: 2009 թ. դրամաշնորհը կազմել է 15 մլն դոլար: