Շախ, մատ. Գաբրիելն ապահովում է Հայաստանի հաղթանակը Ադրբեջանի նկատմամբ Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը մասնակցում է Սերբիայի Նովի Սադ քաղաքում կազմակերպված Եվրոպայի թիմային առաջնությանը, 7-րդ տուրում 2,5:1,5 հաշվով կարևոր հաղթանակ տարավ գլխավոր մրցակցի` Ադրբեջանի հավաքականի նկատմամբ: Հաղթական միավորը բերեց գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, որը երրորդ խաղատախտակի վրա խաղում էր սևերով Գադիր Հուսեյնովի հետ: Հավաքականի մյուս առաջատար շախմատիստներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, ինչպես նաև Տիգրան Լ. Պետրոսյանը, որը խաղում էր չորրորդ խաղատախտակի վրա, ոչ-ոքի խաղացին: Այսինքն` Հայաստանը, առաջ անցնելով Ադրբեջանից, Ռուսաստանի հավաքականի հետ առաջատար դիրք գրավեց:

Հինգշաբթի Հայաստանը խաղում է Ռուսաստանի հետ 8-րդ տուրում, որով էլ, հավանաբար, կվճռվի հաղթողը:

Նովի Սադում Հայաստանի հավաքականը առաջնության մեկնարկում հաղթանակ տարավ Դանիայի հավաքականի նկատմամբ, սակայն հետո անսպասելիորեն պարտվեց հյուրընկալող թիմին` Սերբիայի հավաքականին և ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի հավաքականի հետ: Օլիմպիական կրկնակի չեմպիոնները, այդուհանդերձ, հետո ցույց տվեցին իրենց ոգու կորովը (ինչպես Թուրինի 2006 և Դրեզդենի 2008 թթ. օլիմպիական խաղերում)` տանելով մի շարք կարևոր հաղթանակներ և հայտնվելով առաջատարների շարքում: Մրցաշարի եզրափակիչ` 9-րդ տուրը, նախատեսված է ուրբաթ:

Կանանց ազգային հավաքականը (գրոսմայստերներ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Նելլի Աղինյան և միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյան) նույնպես փայլուն հանդես եկավ Սերբիայում: 7-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 3,5:0,5 հաշվով հաղթանակ տարավ Ռումինիայի հավաքականի նկատմամբ և ներկայումս զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

Ավելի վաղ Ադրբեջանի հավաքականի հետ խաղում Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց:

Հինգշաբթի` 8-րդ տուրում, Հայաստանի հավաքականը կխաղա Ուկրաինայի հավաքականի հետ:

Մրցաշարային աղյուսակին և մանրամասն արդյունքներին ծանոթանալու համար այցելե´ք առաջնության պաշտոնական կայք` www.eurons2009.com: