Վաֆա Գուլուզադե. «Ղարաբաղին սատարելու պատճառով ԱՄՆ-ը` ի դեմս Ադրբեջանի, մահմեդական աշխարհում ևս մի հակառակորդ է ձեռք բերում»

Ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի խոսքով` Ադրբեջանն արդեն կուշտ է ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ԱՄՆ-ի կողմնակալ անարդար դիրքորոշումից:

«ԱՄՆ վերջին տարիների բոլոր քայլերն ուղղված են հակաադրբեջանական և հակաթուրքական գործունեությանը»,- 1news.az-ի հետ հարցազրույցում նշեց քաղաքագետը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղին 10 մլն դոլար ֆինանսական օգնություն տրամադրելու ավելի քան 30 ամերիկացի կոնգրեսականների դիմումը:

Կոնգրեսականների նամակն ուղարկվել է Ներկայացուցիչների պալատի և Սենատի հատկացումների հանձնաժողովներին: Նախաձեռնողներն են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունեն և Ֆրենկ Լոբիոնդոն: Ամերիկացի կոնգրեսականները կոչ են անում «ուշադրություն դարձնել Արցախի իրավիճակին» և հավանություն տալ որպես մարդասիրական օգնություն 10 մլն դոլարի հատկացմանը` «1991-1994 թթ. ադրբեջանական ագրեսիայի» հետևանքները վերացնելու համար:

«Եթե այդ կոնգրեսականներն ժողովրդավարության և մարդու իրավունքների ջատագովներ են, ապա ինչո՞ւ ուշադրություն չեն դարձնում ադրբեջանցի փախստականների վիճակին և օկուպացիայի փաստին: Եթե ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղին օգնություն է հատկացնում, ապա Ադրբեջանում նրանց ողջ ազդեցությունն ի չիք կդառնա, իսկ այն վերականգնելն այստեղ ահավոր դժվար կլինի: Ամեն ինչ կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ը` ի դեմս Ադրբեջանի, մահմեդական աշխարհում ևս մի հակառակորդ ձեռք ձեռք կբերի: Այնպես որ, ԱՄՆ վարչակազմը թող մտածի այդ քայլի հետևանքների մասին»,- ասաց Գուլուզադեն: