ԼՂՀ վարչապետ. «Մենք չենք պատրաստվում տարածքներ զիջել»

Վերջին օրերին մի նորություն հայտնվեց, որն առանձնանում է անգամ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարի վերաբերյալ ծավալվող թեժ քննարկումների և բանավեճերի ֆոնի վրա:

Հոկտեմբերի 31-ին պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղում մտադիր չեն տարածքներ զիջել»:

«Մադրիդյան սկզբունքները չեն կարող մեզ համար փաստաթուղթ լինել»,- նշել է ԼՂՀ վարչապետը:

2007 թ. նոյեմբերին առաջարկված մադրիդյան սկզբունքները ենթադրում են հայկական զորամիավորումների դուրսբերում խորհրդային Ադրբեջանի նախկին 7 շրջաններից:

Առաջարկվում է «ազատել» Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի և Զանգելանի, մասամբ Լաչինի և, հնարավոր է, մասամբ նախկին Քելբաջարի շրջանները:

Հիշատակված միավորների ընդհանուր մակերեսը (8.810 քառ. կմ) Խորհրդային Ադրբեջանի (86.600 քառ. կմ) տարածքի 10%-ից փոքր-ինչ ավելի է:

Մադրիդյան սկզբունքները ենթադրում են նաև` միջազգային խաղաղարար ուժերի` որպես անվտանգության երաշխավորի տեղակայումը դիմակայության գծում:

Ի պատասխան նման փոխզիջման` Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը կընձեռվի պլեբիսցիտ անցկացնելու հնարավորություն` Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերջնական որոշման համար:

Մադրիդում առաջարկված փաստաթղթի առանձին կետերից մեկն էլ տեղահանված անձանց վերադարձն է և անկախության հանրաքվեի անցկացումը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածքում, այլև, հնարավոր է, նաև հարակից շրջաններում:

Այսպիսով, «Մադրիդյան սկզբունքները չեն կարող մեզ համար փաստաթուղթ լինել» ԼՂՀ վարչապետի հայտարարությունը վկայում է, որ Հայաստանի իշխանությունները չեն ընդունում առաջարկված տարբերակի հիմնարար սկզբունքները:

Հարկ է նշել, որ ընդհուպ մինչև վերջին ժամանակները նման հայտարարություններ չեն արվել: Այս հայտարարությունն արվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ղարաբաղ այցելությունից անմիջապես հետո, ինչը, բնականաբար, չի կարող սովորական զուգադիպություն լինել:

ՀՀ նախագահի ԼՂՀ կատարած վերջին այցից հետո մամուլում, ինչպես նաև Ղարաբաղի որոշ քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում, որ ԼՂՀ պաշտպանության բանակի սպայակազմի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը իբր խոսել է Աղդամը հանձնելու մասին:

Հիշեցնենք, որ դեռ 2005 թ. մարտին Սերժ Սարգսյանը` այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը, Երևանում ղարաբաղյան հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունենալով` հնարավոր տարածքային զիջումների մասին խոսելիս ընդգծել է. «Ի վերջո, Աղդամը մեր հայրենիքը չէ»:

Սարգսյանի այս առաջարկն անմիջապես արժանացավ հայկական մամուլի և բազմաթիվ քաղաքական գործիչների հատուկ ուշադրությանը և ներկայացվեց տարածքային զիջումներ անելու իշխանությունների պատրաստակամության համատեքստում:

Բուն «Աղդամ» անվանումը հավաքական է դարձել, երբ ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները, որոնք այժմ վերահսկվում են ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից:

«Մենք իրավունք չունենք կասկածելու, որ իր կյանքի վերջին 20 տարիները Լեռնային Ղարաբաղին նվիրած ՀՀ նախագահը կարող է հակահայկական կամ Արցախի հանդեպ սխալ քայլ կատարել»,- հայտարարել է Ղարաբաղի վարչապետը:

Սարգսյանի` Ստեփանակերտ կատարած այցից անմիջապես հետո հնչեց մեկ այլ սենսացիոն հայտարարություն: Խոսքը Լեռնային Ղարաբաղի պատմական տարածքում գտնվող երկու քաղաքները`Մարտակերտն ու Աղդամը, կապող նոր ճանապարհի կառուցման մասին:

Ոչ միայն ժամանակի, այլև ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ արկերից քանդված և ձևախեղված հին ճանապարհը շահագործվում է նաև այսօր, սակայն կարևորն այն է, որ ներկայումս ֆինանսներ ու միջոցներ են հատկացվում նոր ասֆալտապատ ծածկույթով ճանապարհի համար:

Այս փաստն արդեն իսկ Աղդամն Ադրբեջանին հանձնելու անհնարինության ֆոնի վրա է ներկայացվում: Հակառակ դեպքում, ինչպես պնդում են այդ կարծիքի կողմնակիցները, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը հազիվ թե միջոցներ հատկացնեին նոր ճանապարհի համար:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հայտնել է, որ Աղդամը Մարտակերտի հետ կապող նոր ճանապարհը կառուցվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ:

«Դա ապացուցում է, որ Սերժ Սարգսյանի կողմից Աղդամը հանձնելու մասին խոսակցությունները հերյուրանքներ են` որոշ մարդկանց համար ձեռնտու հայտարարություններ»,- հայտարարել է վարչապետը: