Գրիպի սարսափ. H1N1-ի մասին խոսակցությունները պատճառ են, որ սովորական մրսածությունը խուճապ առաջացնի

Ուշ աշունը, որը հայտնի է որպես մրսածության ու սեզոնային սովորական գրիպի տարածման շրջան, այս տարի Հայաստանում ավելի շատ անհանգստության առիթ տվեց` Ուկրաինայից, Ռուսաստանից, Թուրքիայից և տարածաշրջանի մյուս հարևան երկրներից ստացվող մոլեգնող խոզի գրիպի մասին լուրերի ֆոնի վրա:

Հայաստանի առողջապահության ոլորտի մասնագետները շարունակում են պնդել, որ անհանգստանալու կարիք չկա: Ըստ նրանց` Հայաստանում դեռ խոզի գրիպի դեպք չի արձանագրվել, չնայած այն արագորեն տարածվում է հարևան և այն երկրներում, որոնց հետ Հայաստանը սերտ հարաբերություններ ունի: Վերջին օրերի ընթացքում Թուրքիայում խոզի գրիպից մահացել է 9 մարդ, իսկ Ուկրաինայի արևմտյան շրջաններում, որտեղ արդեն 70 մարդ է մահացել, կարանտին է հայտարարվել, և արգելվել են զանգվածային միջոցառումները, ներառյալ` նախընտրական: (Խոզի գրիպի բռնկումը ստվերեց նաև անցյալ երեկո ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի` «Դինամո» (Կիև)-«Ինտեր» (Միլան) հանդիպումը: Շատերը մտավախություն ունեին, թե գրիպի տարածման պատճառով այն նույնպես կարող էր հետաձգվել:)

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը չորեքշաբթի հայտարարեց, որ հարևան երկրներից ժամանողների նկատմամբ վերահսկողությունը խստացված է: Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանում պահեստավորվել է մեծ քանակությամբ «Տամիֆյլու» դեղամիջոց, ինչպես նաև հրահանգել է ձեռք բերել լրացուցիչ դոզաչափ, որը գրիպի ցանկացած տեսակով հիվանդ կարող է ընդունել:

Հայաստանը դեռ խոզի գրիպի դեմ պատվաստանյութ չունի:

«Պատվաստանյութը դեռ նոր է արտադրվում Ռուսաստանում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: Կան հակասական տվյալներ պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ: Երբ ստույգ կունենանք արդյունավետության տվյալները, որ դրանք անվտանգ են և կարելի է օգտագործել, մենք էլ ձեռք կբերենք»,- ասաց նախարարը:
Մասնագետները կարծում են, որ այս շրջանում եղանակի փոփոխությունների հետ կապված սովորական սեզոնային գրիպի դեպքերի ավելացումը բնականոն է:

«Այս պահին Հայաստանում սեզոնային գրիպի համաճարակային իրավիճակ չկա, սակայն նորմալ է, որ այս շրջանում այն ակտիվանում է»,- «ԱրմենիաՆաուին» ասաց պետական հիգենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության համաճարակաբանության բաժանմունքի պետ Լիլիթ Ավետիսյանը:

Ըստ Ավետիսյանի` հանրապետության բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում ամենօրյա մոնիթորինգ է իրականացվում` իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար:

(Ամենօրյա մոնիթորինգի և խիստ հսկողության պատճառը նաև խոզի գրիպն է: Ըստ մասնագետների` իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար սահմանային անցակետերում իրականացվող հսկողությունից բացի կարևոր է նաև խիստ հսկողություն հաստատել կրթական հաստատություններում: Խոզի գրիպի (H1N1 հարուցիչի) ներթափանցման վտանգը բավական մեծանում է հատկապես տարվա այս եղանակին, երբ տարածված է սովորական սեզոնային գրիպը, մանավանդ որ երկու գրիպների ախտանշանները շատ նման են իրար (բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա և այլն):

«Ամեն առավոտ մասնագետը (սա իրականացվում է նաև քաղաքապետարանների և մարզպետարանների օգնությամբ) բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում գրանցում է բացակայությունները, այնուհետև դրանց պատճառներն են ճշտվում: Եթե բացական հիվանդ է գրիպով, նրան խորհուրդ են տալիս տանը մնալ, բուժվել, հիգենիկ պրոցեդուրաներ ընդունել»,- ասում է Ասատրյանը:

Գրիպով չվարակվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հաճախակի լվանալ ձեռքերը, հազալիս կամ փռշտալիս փակել բերանը, չհամբուրվել, չշփվել հիվանդների հետ, ձեռքով չբարևել:

Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի վարիչ Սուսաննա Չոբանյանն ասում է, որ բժիշկների կանչերը «մի քիչ շատացել են», սակայն նորից հավաստում է, որ սեզոնային գրիպի համաճարակ չկա:

«Կանչերի թիվը, կարելի է ասել, որ մեխանիկորեն է շատացել, քանի որ խոզի գրիպի հետ կապված կրթական հաստատություններում հսկողությունը բավական խստացվել է»,- ասում է Չոբանյանը:

Երևանի թիվ 5 մանկապարտեզում, որտեղ 94 երեխա է հաճախում, նոյեմբերի 4-ին բացակայել են 14-ը: Մանկապարտեզի տնօրեն Զվարթ Զաքարյանն ասում է, որ բացականերից ընդամենը երկուսն են հիվանդ:

«Մյուսները կենցաղային պատճառներով չեն հաճախել, ասենք` երեխան չի ուզում մանկապարտեզ գալ, տանն է մնում, կամ էլ ավելի հաճախ ծնողները չեն բերում, երբ ցուրտ եղանակ է լինում»,- ասում է Զաքարյանը: