«Ամերիկայի բոյ սկաուտները» մեկ օր են նվիրում Ամերիկայի հայոց ցեղասպանության թանգարանին

Վաշինգտոն. Ամերիկայի հայոց ցեղասապնության թանգարանի (ԱՀՑԹ)հաղորդմամբ` շաբաթ` հոկտեմբերի 31-ին, ամբողջ Վաշինգտոնից կամավորներ են միացել «Ամերիկայի բոյ սկաուտներին», որոնք մեկ օր հասարակական աշխատանք կատարեցին ԱՀՑԹ-ի տարածքում:

Ապագա թանգարանի տեղում մեկ օր աշխատելու նպատակով «Ամերիկայի բոյ սկաուտներին» են միացել «Ջոկատ 50»-ը` Անանդալե արվարձանից (Վիրջինիայի նահանգ), կամավորներ «Վարդանանց ասպետներ-Անի օթյակից», Ամերիկայի հայ քրիստոնեական երիտասարդական կազմակերպությունից (ԱՀՔԵԿ) Վաշինգտոնի Հայաստանյայց Առաքելական Սբ Մարիամ եկեղեցուց, Ամերիկայի հայկական ցանցից, Ջորջ Վաշինգտոն համալսարանի «Սիգմա Չի» ուսանողական հայրենակցական միությունից և Ամերիկայի հայկական համագումարի աշխատակազմն ու բարեկամները:

«Տարիներ շարունակ Վաշինգտոնի Ազգային բանկի (ՎԱԲ) շենքը, որտեղ պետք է հանգրվանի ԱՀՑԹ-ը, անուշադրության էր մատնված: Թեև այն հաշվառված էր պատմական շինությունների ազգային ռեգիստրում, շենքը բարձիթողի վիճակում էր,- ասաց թանգարանի հոգաբարձու Վան Գրիգորյանը, որը տնօրինում է ծրագրի զարգացման ու իրականացման հետ կապված հարցերը: - Նոր ղեկավարության մշակած ճարտարապետական նախագծերն արժանացել են Կոլումբիայի պատմական հուշարձանների պահպանության խորհրդի հավանությանը: Ներկայացվել են, թե պատմական շինության որ հատվածներն են վերանորոգվելու և որոնք` վերացվելու»:

«Երբ «Ամերիկայի բոյ սկաուտներն» իրենց ծառայությունները առաջարկեցին ԱՀՑԹ-ին,- հավելեց ԱՀՑԹ-ի տնօրեն դոկտոր Ռուբեն Ադալյանը,- մենք ողջունեցինք բանկի շենքի պատմական հատվածների պահպանությանն ուղղված ևս մեկ քայլ ձեռնարկելու այդ հնարավորությունը` վերացնելու հետագայում ավելացված կցակառույցները, որոնք թաքցնում էին ներքին տարածքի ճարտարապետական նախաստեղծ առանձնահատկությունները: «Ամերիկայի բոյ սկաուտների»` համայնքում արթնացրած խանդավառության շնորհիվ` ավելի քան 50 կամավորների ջանքերով մենք հիմնովին բարեզարդեցինք տեղանքը: Արդյունքներն ինքնըստինքյան տպավորիչ են: Բոլոր մասնակիցների համար ակնբախ դարձավ բնական լուսավորության շնորհիվ ասես կերպարանափոխված բաց ներքին տարածքի նպատակահարմարությունը բանկի շենքում նախատեսվող ցուցասրահների համար»:

Մինչ շարունակվում են Հայոց ցեղասպանությունը ներկայացնող ցուցանմուշների համար ցուցասրահների պատրաստումը, ԱՀՑԹ-ն ակնկալում է, որ թանգարանը կծառայի նաև այլ միջոցառումների, որոնք հնարավորություն կընձեռեն տեղի համայնքի անդամներին հաղորդակցվելու պատմական շինության զարմանահրաշ ճարտարապետությանը, որն այժմ էլ ավելի ակնհայտ է` շնորհիվ այն կամավորների, որոնք աջակցեցին պատմական շենքի պահպանմանը՝ նախապատրաստելով այն ապագա թանգարանի համար:

Ամերիկայի հայոց ցեղասպանության թանգարանի ստեղծումը Ամերիկայի հայկական համագումարի նախաձեռնությունն է, որը սկիզբ առավ Անուշ Մաթևոսյանի` Վաշինգտոնում նման թանգարան կառուցելու նախնական խոստումից: