Պաշտոնական. նախագահ Սարգսյանն ընդունել է «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամի նախագահին

Նոյեմբերի 7-ին նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամի նախագահ, «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի հիմնադիր, ամերիկահայ նշանավոր բարերար Ջերարդ Գաֆեսճյանին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ջերարդ Գաֆեսճյանի գործընկեր «Սի էս մեդիա»-ի նախագահ Բագրատ Սարգսյանը:

Նախագահի պաշտոնական կայքէջում նույն օրը տեղադրված հաղորդագրության համաձայն, Ջերարդ Գաֆեսճյանը կիսվել է իր ստացած տպավորություններով և նշել, որ յուրաքանչյուր այցելության ընթացքում ականատեսն է դառնում Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխությունների, ինչն անչափ ուրախալի է Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի համար:

Նախագահ Սարգսյանն ու Ջերարդ Գաֆեսճյանը համակարծիք են եղել, որ դեռ մեծ աշխատանք պետք է տարվի աշխարհասփյուռ հայության անգնահատելի պոտենցիալը համախմբելու եւ այն աշխարհում հայկական գործոնի հզորացմանն ու Մայր Հայաստանի բարգավաճմանը ծառայեցնելու գործում: «Հայաստանը դատապարտված է հաջողության, եւ մեր յուրաքանչյուր հայրենակից իր բաժին աշխատանքն ունի այս կարեւոր գործում», - նշել է Ջերարդ Գաֆեսճյանը:

Հայաստանի Հանրապետության նախագահն ու ամերիկահայ բարերարը քննարկել են համազգային նշանակության հարցերի ու նախաձեռնությունների ուղղությամբ ջանքերի համադրմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաեւ Ջերարդ Գաֆեսճյանի կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի եւ մշակութային նախաձեռնությունների ուղղությամբ ծրագրված անելիքների վերաբերյալ:

Շաբաթ օրը Երևանում կայացել է Գաֆեսճյան կենտրոնի հանդիսավոր բացումը: