Ձգենք գոտիները. 2010 թ. բյուջեի ծախսերի կրճատումը մի շարք ոլորտներում նախարարներին թևաթափ չի արել

Ընդդիմության կողմից որպես «հրաժարականի» բյուջե որակված 2010 թ. բյուջեի նախագծով կրճատվել են մի շարք նախարարությունների ծախսերը, ինչը, սակայն, նախարարներին թևաթափ չի անում:

2010-ի բյուջեի ծախսային մասը 859 մլրդ դրամ է ծրագրված (մոտ 2 մլրդ 230 մլն դոլար), ինչը 75 մլրդ դրամով (մոտ 195 մլն դոլար) պակաս է այս տարվա համար պլանավորված եկամտային մասից և 21 մլրդ դրամով (մոտ 55 մլն դոլար)` սպասվող ծախսային մասից:

Կրճատումներից զերծ մնացած ոլորտներից է տարածքային կառավարումը: Նոյեմբերի 9-ին (երկուշաբթի) անդրադառնալով բյուջե 2010-ին` տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ գալիք տարի համայնքների դոտացիաներն ավելանալու են 4,6 մլրդ դրամով (մոտ 12 մլն դոլար)` կազմելով 32,5 մլրդ դրամ (մոտ 84 մլն դոլար), իսկ Երևանին` որպես առանձին համայնքի, տրամադրվելու է 24 մլրդ դրամ ֆինանսավորում:

Ֆինանսավորման ավելացման առումով տարածքային կառավարման նախարարության հաջողությունը չեն ունեցել կրթության և գիտության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության հարցերի, պաշտպանության ու մի շարք այլ նախարարություններ:

Անցյալ շաբաթ իրենց ոլորտներում կրճատումներին են անդրադարձել նաև նախարարները: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է 293 մլն դրամով մարզական ծախսերի (ավելի քան 760 000 դոլար) կրճատումը:

«Չնայած հատկացվող ֆինանսական միջոցների կրճատում է տեղի ունեցել, այնուամենայնիվ, վստահ եմ, որ կկարողանանք կյանքի կոչել անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ սպորտային շինարարության համար գումարներ չեն հատկացվել: Տեղում չդոփելու համար մի քանի մարզադպրոցներ, իհարկե, կվերականգնվեն այլ աղբյուրներից ներգրավվելիք միջոցների հաշվին»,- նոյեմբերի 6-ին լրագրողներին ասել է նախարարը:

«Հիմնական շեշտը դնելու են Վանկուվերի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցների ֆինանսավորմանը»,- ասել է Գրիգորյանը:

Մեկ օր անց` նոյեմբերի 7-ին, լրագրողներին հանդիպելով, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ 2010-ին մշակույթը ֆինանսավորվելու է 355 մլն դրամով (ավելի քան 920 000 դոլար) պակաս, քան այս տարի:

«Նախորդ տարվա համեմատ այս տարվա մշակույթի ոլորտին տրամադրվող գումարի նվազման պատճառով ոչ մի ցնցում մշակույթի ոլորտում չի լինի: Ճգնաժամային իրավիճակում, կարծես թե, հասարակության ինքնապաշտպանական բնազդը սկսում է աշխատել, իսկ հասարակությունն ինքը հասկանում է, որ մշակույթը պետք է պահպանել: Այսինքն` շատ ճյուղեր այս տարի հովանավորել է մասնավոր հատվածը»,- նշել է Պողոսյանը:

Ավելի քան 31 մլրդ դրամով (մոտ 80 մլն դոլար) կրճատվել են նաև կրթության ու գիտության ոլորտի ծախսերը:

Ճգնաժամի պատճառով 2010-ի համար կրճատվել են նաև արտաքին գործերի նախարարության ծախսերը: Այսպես, ֆինանսներ խնայելու նպատակով որոշվել է, որ 2010-ին արտերկրում հայկական նոր դեսպանատներ չեն բացվի:

«Հույս ունենք` նոր դեսպանատների բացման ծրագիրը կիրականացնենք 2011-ին»,- ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նոյեմբերի 6-ին 2010-ի պետբյուջեի նախագիծը քննադատող հայտարարություն էր տարածել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` շեշտելով, որ դրանում «անտեսված են մեր երկրի առջև ծառացած իրական խնդիրները և մարտահրավերները»։