Ճգնաժամի կառավարում. ԱՄՀ-ը դրական է գնահատում կառավարության գործելաոճը և հորդորում է պահպանել դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությունը

Միջազգային ֆինանսական կառույցի ներկայացուցիչը դրական է գնահատում Հայաստանի կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը, բայց միաժամանակ նշում է, որ երկրում ֆինանսական ու տնտեսական տարբեր սխալ քայլեր ու մոտեցումներ են կիրառվել, որոնք դեր են խաղացել 2009 թ. տնտեսության կտրուկ անկման գործում:

Հինգշաբթի լրագրողներին ներկայացնելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսումները տարածաշրջանում 2010-ի համար` ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նինկե Օմեսն ասել է, որ, ըստ իրենց կանխատեսումների, 2009-ը Հայաստանը կփակի 15,5 տոկոս տնտեսական անկումով:

2009-ի անցած 9 ամիսներին Հայաստանի տնտեսությունն անկում է ապրել 18,3 տոկոսով:

Այդուհանդերձ, Օմեսն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության հակաճգնաժամային գործողությունները:

«ԱՄՀ-ն խելամիտ է գնահատում կառավարության գործելաոճը ճգնաժամի պայմաններում, քանի որ ճգնաժամի պայմաններում կառավարությունը պետք է պարտքեր վերցնի ու խթանի տնտեսությունը, այլ ոչ թե կրճատի սոցիալական ծախսերը»,- ասել է նա:

Այդ պարտքերից մեկը ԱՄՀ տրամադրած վարկն է: Ու թեև ԱՄՀ` Հայաստանին տրամադրած վարկային միջոցները, որպես կանոն, ուղղվում են Կենտրոնական բանկի արժութային պահուստների համալրմանը, ճգնաժամը հաշվի առնելով` միջազգային կառույցը բացառիկ քայլի է դիմել: Այս տարվա համար հաստատված 480 մլն դոլար (առաջիկա մի քանի տարիների համար ԱՄՀ` Հայաստանի համար հաստատած վարկը 820 մլն դոլար է) վարկային միջոցներից 150 մլն դոլարը հատկացվել է պետբյուջեի համալրմանը:

Նաև ԱՄՀ խորհուրդներով ու ֆինանսական օգնությամբ կառավարությունը կարողացել է անցյալ տարվա համեմատությամբ չկրճատել բյուջեի ծախսային մասը` և, չնայած հարկային եկամուտների կրճատմանը, փաստացի ավելացնել իր ծախսերը:

Սակայն, ԱՄՀ ներկայացուցիչը նաև շեշտել է, որ կառավարությունը պետք է անցած մի քանի տարիներին սկսեր բազմազանացնել տնտեսությունը ու շինարարության ոլորտ ուղղվող գումարները տեղափոխել նաև տնտեսության այլ ոլորտներ:

«Մինչդեռ շինարարության ոլորտը կամ չէր հարկվում, կամ հարկերից խուսափելն էր հեշտ, ու մեծ կապիտալ էր ուղղվում այնտեղ: Սրա հետևանքով ճգնաժամի պայմաններում այդ ոլորտի անկումը մեծապես անդրադարձավ ողջ տնտեսության վրա»,- նշել է Օմեսը:

2009-ին բյուջեի դեֆիցիտը` 230 մլն դոլար, կազմել է ՀՆԱ 7,5 տոկոսը, մինչդեռ 2008-ին այդ ցուցանիշը ՀՆԱ-ի 1,6 տոկոսն էր: Ըստ Օմեսի` կառավարության 2010-ի համար նախատեսված բյուջեի դեֆիցիտի` ՀՆԱ 5,8 տոկոս ցուցանիշը իրատեսական է ու այն տարեցտարի նվազելու է:

Առաջիկա մի քանի տարիների համար ԱՄՀ-ը Հայաստանում նաև տնտեսության աճ է կանխատեսում. 2010-ին` 1,2 տոկոս, 2011-ին` 3, 2012-ին` 3,5, 2013-ին` 4 և 2014-ին` 4,5 տոկոս:

Միաժամանակ, Օմեսը հավակնոտ է գնահատել հարկեր/ՀՆԱ 16,6 տոկոս հարաբերությունը, որ ընտրել է կառավարությունը 2009-ի բյուջեում:

«Պետք է այնպիսի հարաբերություն սահմանել, որն իրագործելի լինի: Եթե կառավարությունը հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարձր շեմ է սահմանում, հարկային մարմիններն ամեն ինչ անում են, որ հավաքեն այդ հարկերը: Ու գնում են ոչ թե այն մարդկանց մոտ, ումից դժվար է հարկ վերցնել, այլ նրանց մոտ, ովքեր միշտ վճարում են և ումից հեշտ է»,- ասել է նա:

Ըստ ԱՄՀ հայաստանյան ներկայացուցչի` սա ցույց է տալիս, որ Հայաստանում ստվերը դեռ մեծ է.

ԱՄՀ պաշտոնյան առաջիկա երկու ամիսների համար գնաճ է կանխատեսել` դրամի արժեզրկմամբ ու միջազգային շուկայում որոշ ապրանքատեսակների գների աճով պայմանավորված:

Օմեսը նաև ասել է. «Ես կարծում եմ, Հայաստանի կենտրոնական բանկը չափից ավելի երկար ժամանակ էր փորձում կառավարել դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ այս տարեսկզբին: Որոշ երկրների մենք խորհուրդ ենք տալիս կառավարվող լողացող փոխարժեք ունենալ, սակայն չափից ավելի երկար փոխարժեքը կառավարելը վատ գաղափար էր»:

ԱՄՀ պաշտոնյան լրագրողներին ասել է, որ 2009-ի հունվարից ամեն օր կենտրոնական բանկի նախագահի աշխատասենյակում է եղել ու նրան խորհուրդ է տվել հրաժավել ֆիքսված փոխարժեքից, որը Հայաստանին 700 մլն դոլար արտաքին պահուստների կորուստ է արժեցել:

2008-ի վերջին ու 2009-ի առաջին երկու ամիսներին դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակում էր կայուն մնալ` ի հակադրություն միջազգային միտումների, երբ դոլարն արժևորվում էր: Հայաստանի կենտրոնական բանկն անցավ լողացող փոխարժեքի միայն մարտի 3-ին`այսպես որակված «սև երեքշաբթի» օրը, երբ արտարժույթի փոխանակման կետերում երկար հերթեր էին գոյացել, և խուճապահար մարդիկ, խանութներից ու սուպերմարքեթներից գնումներ անելով, փորձում էին ազատվել իրենց դրամական խնայողություններից:

Իհարկե, ԱՄՀ-ն ընդունում է Հայաստանի ֆինանսական կառույցի պատճառաբանությունները, որ փոխարժեքի շուկայում կտրուկ փոփոխությունները նպատակահարմար չեն ներմուծողների ու արտահանողների համար, ովքեր մշտապես վախենում են անորոշությունից և նախընտրում կանխատեսելիության երկար ժամկետներ: Սակայն, ինչպես նշել է Օմեսը, չպետք է դիմադրել ֆինանսական միտումներին:

Նա նշել է, որ թեև միջազգային պահուստների համալրման գործում մինչև հիմա ԱՄՀ-ն օգնել է Հայաստանին, բայց կա թիրախային սահմանաչափ, որը պետք չէ գերազանցել:

«Անցած մի քանի շաբաթվա ընթացքում ԿԲ-ն նորից միջամտել է` շուկայում փոխարժեքի կայունությունն ապահովելու նպատակով (ծախսել է 180 մլն դոլար): Նրանք, իհարկե, դեռևս սահմանագծին չեն հասել, բայց եթե շարունակեն նույն տեմպով, ինչպես վերջին շաբաթներին են արել, արդեն կարող են խնդիրներ ունենալ»:

Ըստ ԿԲ սահմանած փոխարժեքի` այսօր 1 դոլարը 388 դրամ է, ինչն արդեն գերազանցում է մարտին ԿԲ սահմանած փոխարժեքի տատանման 360-380 միջակայքը: Ի դեպ, Օմեսը նշել է, որ ԱՄՀ-ը դեմ է եղել փոխարժեքի տատանման միջակայք սահմանելու գաղափարին. «Մենք երբեք խորհուրդ չենք տվել նման սահմաններ գծել: Պետք է թողնել, որ փոխարժեքը լողացող լինի»: