H1N1. Հայաստանում խոզի գրիպով վարակվածների թիվը հասել է 15-ի

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով` Հայաստանում խոզի գրիպով վարակվածների թիվը հասել է 15-ի, սակայն, սա դեռ չի նշանակում, թե երկրում համաճարակ է, ու չպետք է խուճապի մատնվել:

Ինչպես «ԱրմենիաՆաուին» տեղեկացրել է առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը` ներկայումս «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 8 հիվանդ:

«Ամենայն հավանականությամբ, այսօր էլ դուրս գրվողներ կլինեն: Բժիշկները հիվանդներից ոմանց վիճակը նորմալ են գնահատում, նրանց պարզապես պահում են հիվանդանոցում վարակի հնարավոր տարածումը կանխելու համար: Մյուս յոթ հիվանդներն ավելի վաղ են դուրս գրվել»,- ասել է Հունանյանը:

Ըստ Հունանյանի` 15 հիվանդների մոտ խոզի գրիպ է ախտորոշվել լաբորատոր հետազոտության միջոցով: Սակայն 15 հիվանդների տվյալները ուղարկվել են նաև Լոնդոն` վերջնական հաստատման համար:

«Որպես Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ` Հայաստանում H1N1 տեսակի գրիպի առկայության մասին պաշտոնապես հայտարարելու համար հիվանդների տվյալները պետք է ուղարկվեն ստուգման տարածաշրջանային ռեֆերենտ լաբորատորիա, մեր դեպքում այն գտնվում է Լոնդոնում»,- ասել է Հունանյանը:

Միայն պաշտոնապես Լոնդոնում հաստատվելուց հետո է ԱՀԿ-ն որոշելու, թե երբ ու որքան պատվաստանյութ է տրամադրելու Հայաստանին` թիրախային խմբերին այս վիրուսի դեմ պատվաստելու համար: