«Հատիսը» վերադառնում է. Հայաստանի բասկետբոլի թիմը նշանավորեց իր վերադարձը` հաղթանակ տոնելով Եվրոպական ակումբային մրցաշարում

Հինգշաբթի կանանց բասկետբոլի Եվրոպական ակումբային մրցաշարի երկրորդ տուրում Երևանի «Հատիսը» 103:99 հաշվով հաղթանակ տարավ «Չևակատայի» (Ռուսաստան, Վոլոգդա) նկատմամբ: Այս իրադարձությանը բասկետբոլի հայ մարզասերները սպասում էին գրեթե 20 տարի:

Բասկետբոլի վաղեմի սիրահարները, որոնք ներկա էին «Միկա» փակ մարզասրահում, պետք է որ հիշեն, թե ինչպես էր խորհրդային տարիներին հանդես եկող «Հատիսի» (որն այն ժամանակ Աբովյանի թիմն էր) խաղը մարզասերներով լի դահլիճներ հավաքում: Լեգենդար թիմում ընդգրկված էին ոչ միայն հայ, այլև ռուս և ուկրաինացի բասկետբոլիստներ: 1989 թ. «Հատիսը» նվաճեց ԽՍՀՄ գավաթը: Այդ հաջողությունը հավասարազոր էր խորհրդային ֆուտբոլում «Արարատի» հաղթանակներին:

Այս տարի վերածնված «Հատիսի» մեկնարկը հավակնոտ էր: Թիմի խաղացողները, վրացահայ մարզչի գլխավորությամբ, չեն թաքցնում, որ խաղում են ոչ թե պարզապես միջազգային մրցաշարերին մասնակցելու, այլ հաղթանակներ տոնելու համար: Այս մրցաշրջանում թիմը նպատակ ունի առնվազն դուրս գալ Եվրոպական ակումբային մրցաշարի «փլեյ-օֆ» փուլ:

Ակտիվ ջանքերի շնորհիվ թիմում ներգրավվել են ոչ միայն հայ բասկետբոլիստներ, այլև Սերբիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Ուկրաինայից և նույնիսկ ԱՄՆ-ից ու Ճամայկայից մարզուհիներ: «Հատիսը» ղեկավարում է վրացահայ Գիա (Գեորգի) Ղազանչյանը:

Մասնագետներն ասում են, որ համաշխարհային ճգնաժամը հավանաբար օգնել է «Հատիսին» և Հայաստանի առաջնությանը` ավելի գրավիչ լինելու եվրոպական այլ ակումբների մարզուհիների համար: Բասկետբոլի եվրոպական ակումբային որոշ թիմեր անցյալ տարի ցրվել են համաշխարհային ճգնաժամի հարուցած ֆինանսական դժվարությունների պատճառով: Բազմաթիվ լեգեոներ խաղացողների համար Հայաստանում խաղալու հրավերը փրկարար օղակ և առիթ հանդիսացավ` Եվրոպական ակումբային մրցաշարին մասնակցելու:

Հինգշաբթի կազմակերպված խաղի իսկական հերոս դարձավ «Հատիսի» ավագ սերբացի 25-ամյա Բոյան Վուլիչը (հասակը` 193 սմ): Նա ոչ միայն իր հաշվին գրանցեց գնդակների մեծ մասը, այլև թիմի շարժիչ ուժն էր: Նա թիմակիցներին վստահություն էր ներշնչում, երբ ռուսները մի պահ նախաձեռնությունն իրենց ձեռքն էին վերցրել:

Խաղավարտի սուլիչից անմիջապես հետո Վուլիչը բազմաթիվ լրագրողների և օպերատորների առաջ պարային շոու ցուցադրեց` ապացուցելով, որ գերազանց մարզուհի լինելուց զատ նա նաև հմայիչ աղջիկ է, որը սիրում է պարել և զվարճանալ:

F խմբում ընդգրկված «Հատիսի» մրցակիցներն են «Սոնի Աթինաիկոսը» (Հունաստան), «Բեշիկթաշը» (Թուրքիա) և «Չևակատան»: (Անցյալ շաբաթ առաջին խաղում Հայաստանի թիմը պարտվեց Աթենքի հունական թիմին:) Խաղերը կազմակերպված են սեփական հարկի տակ և արտագնա սկզբունքով: «Հատիսի» հաջորդ մրցակիցը Թուրքիայի թիմն է: Խաղն անցկացվելու է նոյեմբերի 26-ին Ստամբուլում: Թուրքերի և հույների հետ պատասխան հանդիպումները նախատեսված են Երևանում, համապատասխանաբար, դեկտեմբերի 3-ին և 17-ին: Դեկտեմբերի 10-ին «Հատիսը» կմեկնի Ռուսաստան: Յուրաքանչյուր խմբում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, այդ թվում նաև` 11 թիմերից այն 10 թիմերը, որոնք կզբաղեցնեն երրորդ տեղը, կանցնեն «փլեյ-օֆ»: Սա նշանակում է, որ երևանյան ակումբը մեծ հնարավորություն ունի անցնելու «փլեյ-օֆ», որտեղ խաղալու են Եվրոպայի լավագույն թիմերը: