Նոր տեղեկություն խոզի գրիպի մասին. Հայաստանում մտավախություն կա, որ գրանցվել է A/H1N1 գրիպի առաջին զոհը

Ենթադրաբար` խոզի գրիպի զոհ է գրանցվել Հայաստանում: ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել է, որ Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված A/H1N1 տիպի գրիպի ախտանշաններով 51-ամյա տղամարդը մահացել է:

ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը «ԱրմենիաՆաուին» ասաց, որ չնայած հիվանդը հոսպիտալացվել է խոզի գրիպի ախտանշաններով, դեռ վաղ է պնդել, որ դա դարձել է մահվան պատճառը: Ըստ Ասոյանի` 3 շաբաթ ժամանակ կպահանջվի այդ կասկածը հաստատելու կամ հերքելու համար:

«Հիվանդը դիմել է բժշկի հիվանդության 8-րդ կամ 9-րդ օրը: Խոսել այն մասին, թե նրա մահվան պատճառը խոզի գրիպն է, այս պահին ճիշտ չէ: Մահվան պատճառները պարզաբանելու համար պետք է լաբորատոր հետազոտություն անցկացնել»,- ասաց Ասոյանը:

Հայաստանում արձանագրվել է A/H1N1 գրիպի 25 դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության Մեծ Բրիտանիայի ռեֆերենտ լաբորատորիան հաստատել է A/H1N1 վարակի առկայությունը նոյեմբերի սկզբին Լոնդոն ուղարկված արյան նմուշներում: 23 մարդ արդեն բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից: Երկու մարդ շարունակում են բուժում ստանալ հիվանդանոցային պայմաններում:
Հայաստանի առողջապահության պաշտոնյաները դեռ պնդում են, որ խուճապի մատնվելու կարիք չկա: Սակայն նրանք նաև հորդորում են բնակչությանը նախազգուշական միջոցներ ձեռնարկել (հետևել հիգիենայի կանոններին, օգտագործել բժշկական դիմակներ, խուսափել համբուրվելուց ու գրկախառնվելուց և այլն):

A/H1N1ի ախտանշանները սովորական գրիպի նման են` բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, հարբուխ կամ քթի խցանում, մկանային ցավեր, դող, թուլություն, ինչպես նաև սրտխառնոց և փորլուծություն:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` աշխարհում հաստատված խոզի գրիպի դեպքերն անցնում են 525 հազարից, որից 6750-ը` մահացու ելքով: Խոզի գրիպի վարակի դեպքեր են հաստատվել աշխարհի 206 երկրներում: