Կրթաթոշա՞կ, թե՞ուսանողական ֆոնդ. հնարավոր բարեփոխման մասին նախարարի ակնարկը` բանավեճի առարկա

Ուսանողական կրթաթոշակների համակարգի վերացման վերաբերյալ նախարարի հայտարարությունը լուրջ դժգոհության ալիք է բարձրացրել ուսանողների շրջանում, ովքեր նման ծրագիրը որակում են որպես «ուսանողի իրավունքների կոպիտ խախտում»:

Նոյեմբերի 17-ին`Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ուսանողների կողմից բարձրաձայնված` կրթաթոշակի փոքր չափի և անբավարար լինելու վերաբերյալ հարցին պատասխանել է, որ իրենք ընդհանրապես «հակված են ապագայում վերացնելու ուսանողական կրթաթոշակը»:

«Քանի որ ոչ մի ուսանողի համար այդ կրթաթոշակը, որը մոտ 5000 դրամ է (12 դոլար), կյանքի որակի լուրջ բարելավում չի բերում, մինչդեռ 19700 ուսանողի համար տարեկան տրվող կրթաթոշակը մեծ գումար է կազմում, որը, կարելի է ասել, փոշիացվում է»,- ասել է ՀՀ կառավարության ամենաերիտասարդ նախարարը:

Հրազդանցի ուսանողը չի համաձայնել նախարարի հետ:

«Փոխանակ մեզ զրկեն կրթաթոշակից, որը մենք վաստակել ենք մեր գիտելիքների շնորհիվ, թող վարձավճարներն իջեցնեն, սարսափելի գներ են: Ճիշտ է` ամիսը 5000 դրամը մեծ փող չի, բայց մարզից եկող ուսանողների համար գոնե ճանապարհածախս է ու ինչ-որ չափով թեթևացնում է ծնողների հոգսը»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Մելանյա Գասպարյանը:

(Բացի այն, որ պետպատվերով սովորող ուսանողների ուսման վարձը վճարում է պետությունը, նրանք նաև ամսական կրթաթոշակ են ստանում, որն այժմ կազմում է 5000 դրամ: Իսկ ոչ պետական սեկտորի ուսանողները իրենք են վճարում ուսման վարձը և պետությունից էլ կրթաթոշակ չեն ստանում:)

Նախարարը պարզաբանել է, որ ամսական կրթաթոշակների ֆոնդը տարեկան կազմում է 125-130 մլն դրամ, իսկ այդ գումարով հնարավոր կլիներ շուրջ 300 ուսանողի ուսման վարձի փոխհատուցում տալ:

«Տարվա ընթացքում շատ ուսանողներ են կիսատ թողնում ուսումը`ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով, կրթաթոշակների այդ գումարով կարող ենք ստեղծել ուսանողական վարկային ֆոնդ» - ասում է ԿԳ նախարարը:

Մինչդեռ ուսանողները պնդում են, որ այդ ֆոնդը հնարավոր է ստեղծել վարձավճարներից կամ այլ ֆոնդերից:

«Ինչու են աչքները տնկել մեր 5000 դրամներին, իսկ իրենք միլիոններ են տալիս, մեքենաներ են առնում»,- ասում է Երևանի պետական համալսարանի երրորդ կուրսի աշտարակցի ուսանող Միհրան Սիմոնյանը:

Ուսանողը նկատի ունի նախարարի համար վերջերս գնված և մեծ աղմուկ հանած ծառայողական մեքենան:

Բավական ճոխ Volksvagen Touareg ջիպը գնվել է 32 մլն դրամով (մոտ 90 000 դոլար), այն ժամանակ, երբ ՀՀ վարչապետը կոչ էր անում կառավարության անդամներին «սեղմել գոտիները», իսկ Ազգային ժողովը հաստատում էր 2010 թ. կրճատված բյուջեն, որով մոտ 25 տոկոսով կրճատվել է կրթության նախարարությանը հատկացվող ֆինանսավորումը:

Ինչպես պարզաբանել է նախարարը, մեքենան ձեռք է բերվել ոչ պետական միջոցների և պետբյուջեի հաշվին.

«Մեքենան ձեռք է բերել «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն, որի գործերն այնքան հաջող ու այնքան լավ են, որ շահույթ ունի, և իր շահույթից գնել է այդ մեքենան և նվիրել կրթության և գիտության նախարարությանը: Դա ոչ մեկի սեփականությունը չէ, դա պետական է: Մնացած շահարկումներն ուղղակի քաղաքական են»,- «Ա1+» ինտերնետային թերթին ասել է Աշոտյանը:

Մինչդեռ շատերի կարծիքով`կրթության ազգային ինստիտուտն այդ գումարը կարող էր ուղղել կրթական զարգացման ծրագրերի իրականացմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, որը հենց ինստիտուտի գործառույթն է, կամ էլ ուսանողական վարկային ծրագրին: (Գնված միայն մեկ ծառայողական այս մեքենայի գնով հնարավոր կլիներ ապահովել առնվազն 20 ուսանողի հինգ տարվա ուսման վարձը:)

Ուսանողները ոչ միայն դեմ են կրթաթոշակների վերացման գաղափարին, այլ նաև թերահավատ են, թե ստեղծվելիք ուսանողական ֆոնդից կկարողանան օգտվել իրականում դրա կարիքն ունեցողները:

«Ես թոշակ չեմ ստանում, բայց դեմ եմ, քանի որ վստահ չեմ, որ այդ ֆոնդը էլի իրենք ու իրենց բարեկամ ընկերների մեջ չեն կիսելու: Ավելի լավ է մտածեն թոշակները բարձրացնելու մասին»,- «ԱրմենիաՆաուին» ասում է գյուղատնտեսական ակադեմիայի չորրորդ կուրսի ուսանողուհի Անի Սարգսյանը: