Խրթին ու դժվարըմբռնելի. մասնագետներն ասում են` դասագրքերը չափազանց բարդ են երեխաների համար

Կրթության ոլորտի շատ մասնագետներ, դպրոցների ուսուցիչներ ու ծնողներ համոզված են, որ ներկայումս դպրոցներում դասավանդվող առարկաների դասագրքերի մեծ մասը գրված է խրթին լեզվով ու հասկանալի չէ համապատասխան տարիքի երեխաներին: Շատերի համոզմամբ` այս հանգամանքը խոչընդոտում է նոր գիտելիքներ ստանալու աշակերտի մղումը, որը նյութի մատուցման դժվարության պատճառով չի ուզում սովորել:

Վարդուհի Մելիքյանը, որը դպրոցահասակ երեք երեխա ունի, ասում է, որ իր երեխաները վերջին երկու-երեք տարում դասերը հասցնելու համար երեկոյան 12-ից շուտ հազվադեպ են քնում:

Մելիքյանն ասում է, որ իր 6-րդ դասարանցի աղջիկը շատ է դժվարանում հատկապես պատմողական առարկաներից, որոնց նյութը դասագրքում «մատչելի ներկայացված չէ»:

«Երեխան համարյա ամբողջ օրն անցկացնում է էդ դժվար տեքստը սովորելով ու շատ է հոգնում»,- ասում է Մելիքյանը:

Դասագրքերում ակադեմիական խրթին ոճի գերակայությունը կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի տնօրեն Կարինե Հարությունյանը բացատրում է նրանով, որ դասագրքերի վրա միասին աշխատող գիտնականների խումբը միշտ էլ ճնշում է փոքրաթիվ ուսուցիչների խմբին. արդյունքում անցնում է նրանց տարբերակը:

(Դպրոցական դասագրքերի հրատարակության համար գործում է 1998 թվականից հաստատված կարգը, համաձայն որի մրցույթին մասնակցում են ոչ պետական հրատարակչություններ: Հրատարակչություններն են գտնում հեղինակներին, և մրցույթին ներկայացվում է նրանց հեղինակի տարբերակը` դասագրքի համապատասխան ձևավորմամբ: 2009-ի սեպտեմբերից դասագրքերի մրցութային կարգը մի փոքր փոխվել է):

«Այս տարվա մրցույթին յուրաքանչյուր առարկայի դասագրքերի տարբերակները գնահատելու համար լինելու են երկու անկախ հանձնաժողովներ, մեկը` միայն ուսուցիչներից կազմված, մյուսը` դասախոսներից ու մեթոդիստներից: Դասագիրքը կազմվելու է նրանց միջինացված գնահատականի հիման վրա»,- ասում է Հարությունյանը:

Նոր կարգի համաձայն` հրատարակչությունները պետք է փետրվարին ԿԳ նախարարություն ներկայացնեն դասագրքի 60 տոկոսը (դասագրքերի վրա աշխատելու ժամանակահատվածը երկարաձգվել է):

Դասագրքի նախնական տարբերակը 2-3 ամիս պետք է փորձաշրջան անցնի հանրապետության 50 դպրոցներում, որից հետո էլ հուլիս-օգոստոս ամիսներին կընդունվի դրա զանգվածային տպագրության մասին որոշումը, եթե դասագիրքն իրեն արդարացնի դպրոցում:

Հայաստանում ներկայումս կա 140 անուն դասագիրք 1-12-րդ դասարանների համար: Ամեն տարի հրատարակության է ներկայացվում շուրջ 20-30 անուն դասագիրք: Մեկ դասագրքի ինքնարժեքը մոտ 1500-1600 դրամ է (մոտ 5 դոլար), ընդ որում` դասագրքերի համար վճարում են դպրոցականները դրա արժեքի մեկ քառորդի չափով):

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, որը երկար տարիներ դպրոցի տնօրեն է եղել, կարծում է, որ նոր կարգով խախտվում է «Դասագրքերի մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի դասագիրքը պետք է մեկ տարի փորձաշրջան անցնի դպրոցում:

Բախշյանն ասում է, որ պատմության, գրականության և հայոց լեզվի արդեն գործող դասագրքերում կան բազմաթիվ սխալներ, ինչպես քերականական, այնպես էլ բովանդակության, այդ թվում նաև` պատմական տարեթվերի ու իրադարձությունների:

«Օրինակ` նորագույն պատմության դասագրքում 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ տեքստում խորհրդարան անցած կուսակցությունների ցանկից հեղինակները բաց են թողել «Ժառանգությանը», որը զարմացրել էր, մասնավորապես, 27-րդ դպրոցի աշակերտներին, որոնք շատ լավ գիտեն, թե ես որ կուսակցության մեջ եմ և անցել եմ ընտրություններում»,- ասում է Բախշյանը:

Հարությունյանը համաձայն է, որ հայագիտական բլոկի դասագրքերում կան բազմաթիվ անհամաձայնություններ: Ըստ նրա` դրա պատճառը հայ գիտնականների միջև գոյություն ունեցող տարաձայնություններն են:

«Մի հեղինակի համար տվյալ քերականական կարգը, հոլովների թիվը, ուղղագրական կանոնը կարող է ճիշտ լինել, մյուսի համար` սխալ»,- բացատրում է Հարությունյանը: