Իրազեկությունն ընդդեմ խտրականության. ՀԿ-ները նշում են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը

Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման գործում, ըստ ոլորտի հասարակական կազմակերպությունների, խոչընդոտ է հասարակության հանդուրժողականության ցածր մակարդակը, ինչը խոցելի խմբերի շրջանում հասարակությունում մերժված լինելու վախի մթնոլորտ է ստեղծում:

Դեկտեմբերի 1-ին` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, Հայաստանում վարակի կանխարգելման հարցերով զբաղվող մի քանի ՀԿ-ներ Երևանում երթ են կազմակերպել` «կոտրելու հասարակության անտարբերությունն ու խտրականությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակակիրների նկատմամբ»:

Կազմակերպիչ ՀԿ-ներից մեկի` «Դրական մարդկանց հայկական կենտրոնի» նախագահ Անահիտ Հարությունյանի համոզմամբ` Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների թիվն աճում է, իսկ կանխարգելման միջոցառումների արդյունավետությունը չի բարձրանում, քանի որ խնդրի մասին զանգվածաբար խոսում են միայն ամեն տարի դեկտեմբերի 1-ին:

«Դեռ քանի՞ մարդ պետք է վարակվի, որ մենք ընդունենք, որ այս խնդիրն արդիական է»,- հարցնում է Հարությունյանը:

Հայաստանում ՄԻԱՎ վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988-ից: Այս տարվա տվյալներով` Հայաստանում գրանցված է 808 վարակակիր, որոնց զգալի մասը` ավելի քան 200 դեպք, գրանցվել է վերջին երկու տարում:

2007-ին արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 109, իսկ 2008-ին` 118 նոր դեպք: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով` իրականում Հայաստանում ապրում է ավելի քան 2800 վարակակիր:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ նախագահ Հովհաննես Մադոյանի գնահատմամբ` վերջին տարիներին պաշտոնապես գրանցված դեպքերի ցուցանիշներն աճել են, քանի որ Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրանտները, աշխատանքի թույլտվություն ստանալու համար նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի առկայության/բացակայության մասին տեղեկանք են ներկայացնում:

«Հայաստանում վարակի դեմ բուժում իրականացվում է, սակայն մատչելիություն առավել վտանգի ենթակա խմբերի համար չի ապահովվում: Ու ես կարծում եմ, որ կարգախոսը` «Համընդհանուր մատչելիություն բոլորի համար», որով առաջնորդվելու է գալիք տարի աշխարհը, Հայաստանում 2010-ին չի հաջողվելու կյանքի կոչել»,- նշում է Մադոյանը:

(Ավանդաբար ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների ռիսկային խմբին դասվում են մարմնավաճառները, ներերակային թմրամիջոցներ օգտագործողները, համասեռամոլները:)

Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների գրեթե 60 տոկոսը 25-39 տարեկան է, ընդ որում` վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (49 տոկոս) և թմրամիջոցների ներերակային օգտագործման միջոցով վարակումը (44 տոկոս): Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի դեպքերի 46 տոկոսն արձանագրվել է Երևանում:

Ըստ Մադոյանի` Հայաստանում կիրառվող հակառետրովիրուսային բուժումը, որն անվճար է ու մարդու կյանքը երկարացնում է 20-30 տարով, ստանալու համար ոչ բոլորն են դիմում, քանի որ «հասարակությունում առկա է բացասական վերաբերմունք», օրինակ` թմրամիջոցներ օգտագործողների կամ սեռական բնույթի ծառայություններ մատուցողների նկատմամբ:

«Խնդիրն այն է, որ այստեղ ցանկացած մարդ, մինչև իր մոտ ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի ախտորոշումը, ինքն էլ դրսևորում է խտրական վերաբերմունք»,- ասում է Մադոյանը:

«Հանրային տեղեկատվություն ու գիտելիքի կարիք» ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանը համոզված է` հասարակությունն իր խտրական վերաբերմունքով է հենց նպաստում վարակի տարածմանը:

Մասնագետներն ասում են, որ Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի տարածման ու կանխարգելման գործում անգամ ուսանողությունը լիիրավ գիտելիքներ չունի, ինչը դառնում է նաև նրանց խտրական վերաբերմունքի հիմք:

Երթի կազմակերպիչ «Հայաստանի ուսանողական ֆորում» ՀԿ նախագահ Վարդգես Սողոյանն ընդգծում է, որ իրենք միացել են միջոցառմանը` հենց ուսանողների շրջանում ճիշտ տեղեկություններ տարածելու համար. «Ուսանողները նույնիսկ հստակ չգիտեն, թե ինչի դեմ են պայքարում»: