Դեսպան Մորգենթաուի անձնական գրադարանը նվիրել են Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանին

Վաշինգտոն. Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի անձնական գրադարանը, ով ամերիկյան և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է Հայոց ցեղասպանության փաստին, հանձնվել է Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանին:

«Մենք չափազանց երախտապարտ ենք Մորգենթաուների ընտանիքին այն բանի համար, որ նրանք թանգարանին վստահեցին գրքերի այս անգին հավաքածուն, որը ներկայացնում է մարդասեր դեսպանի մտքի ողջ խորությունը,- ասել է Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վան Գրիգորյանը: - Ցեղասպանության ուրացման դեմ պայքարող հերոսների պանթեոնում Մորգենթաուի անունն անմահ է»:

Մորգենթաուի անձնական գրադարանը 1946 թվականից` դեսպանի մահից հետո, տնօրինում էր նրա ընտանիքը: Գրադարանն ԱՀՑԹ-ին է հանձնել Հենրի Մորգենթաու Երրորդը` Հենրի Մորգենթաու Կրտսերի որդին` դեսպանի թոռը: Գրադարանը նվիրելով ԱՀՑԹ-ին` Մորգենթաու Երրորդն ասել է. «Ես պարզապես դեսպան Մորգենթաուի ժառանգությունը փոխանցում եմ նրանց, ում այն իրավամբ պատկանում է»:

Դեսպան Մորգենթաուի անձնական գրադարանում այն գրքերն են, որոնք նա ձեռք է բերել Օսմանյան կայսրությունում դիվանագետ աշխատելու տարիներին, ինչպես նաև նախքան դեսպան նշանակվելը, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմի տարածաշրջանի, դրա պատմության և այնտեղ ապրող ժողովուրդների մասին:

Գրիգորյանի խոսքով` դեսպան Մորգենթաուի գրքերն իրենց արժանի տեղը կզբաղեցնեն գիտական գրադարանում: Այդ գրքերից կցուցադրվեն նաև դեսպանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշների շարքում: Դեսպան Մորգենթաուն սերում էր Գերմանիայի հրեական ընտանիքից, որը բնակություն էր հաստատել Ամերիկայում: Նա նաև որպես հաջողակ իրավաբան բուռն գործունեություն է ծավալել Դեմոկրատական կուսակցության քաղաքական գործունեության մեջ: Վուդրո Վիլսոնի` ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո 1913 թ. նշանակվել է ԱՄՆ դեսպան Թուրքիայում:

Դեսպան Մորգենթաուի անձնական գրադարանը վեցերորդ հարուստ հավաքածուն է ցեղասպանության և դրան հաջորդած ժամանակաշրջանի նյութերի առումով, որոնք վերջին երկու տարվա ընթացքում որպես նվիրատվություն հանձնել են թանգարանին կամ որոնք հասանելի են դարձել ԱՀՑԹ-ի օգտագործման համար: ԱՀՑԹ-ին թույլ են տվել օգտվել «Մերձավոր Արևելք» հիմնադրամի և Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվներից:

Ամերիկայի հայոց ցեղասպանության թանգարանի ստեղծումը Ամերիկայի հայկական համագումարի և Հայկական ազգային ինստիտուտի (ՀԱԻ) նախաձեռնությունն է, որի համար խթան էր Անուշ Մաթևոսյանի` Վաշինգտոնում նման թանգարան կառուցելու նախնական խոստումը: