Սպորտ. բռնցքամարտի արքա Արթուր Աբրահամը հերքում է գրիպով հիվանդանալու մասին լուրերը, առաջիկա մրցամարտը Դիրելի հետ է նախատեսված

Արթուր («Արքա») Աբրահամի թիմը հերքել է շրջանառվող այն լուրերը, թե բռնցքամարտի չեմպիոնի առաջիկա մրցամարտը հնարավոր է չկայանա, քանի որ նա հարբուխով հիվանդ է:

Ավելի վաղ բռնցքամարտը լուսաբանող մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են, թե Սուպերվեցնյակի մրցաշարի շրջանակներում կազմակերպվող առաջիկա մրցամարտը, որը նախատեսված էր հունվարի 23-ին, կհետաձգվի մինչև մարտի 7-ը, քանի որ Աբրահամը գրիպով ծանր հիվանդացել է, ինչն ամենայն հավանականությամբ բացասաբար է անդրադառնում նրա մարզումների օրակարգի վրա միչիգանցի Անդրե «Մատրիքս» Դիրելի հետ մրցամարտից առաջ:

Երեքշաբթի Աբրահամի «Սաուրլանդ» թիմը հաղորդագրություն էր տարածել, որում հերքում էր այդ հայտարարությունները:

«Դա բացարձակ սուտ է,- ասել է «Սաուրլանդ» թիմի գլխավոր մենեջեր Քրիս Մեյերը: - Արթուրը փայլուն մարզավիճակում է: Շաբաթ նա նույնիսկ մասնակցել է Դորթմունդի երեխաներին նվիրված բարեգործական միջոցառմանը: Արթուրն անհամբեր սպասում է, թե որտեղ է անցկացվելու Դիրելի հետ մրցամարտը, և ցանկանում է որքան հնարավոր է շուտ ռինգ դուրս գալ նրա հետ: (Շաբաթ Գերմանիայի «Քինդերլախն» բարեգործական կազմակերպությունը Արթուր Արքային պարգևատրեց բարեգործության համար: Կազմակերպությունը Արթուրին մրցանակ շնորհեց հասարակական ակտիվ գործունեության համար:)

2008 թ. Արթուրը մեկ անգամ հետաձգել է մրցամարտը գրիպով հիվանդանալու պատճառով: IMF վարկածով չեմպիոնի գոտին պաշտպանելու համար Արթուրը Ռաուլ Մարկեսի հետ մրցեց նախապես որոշված օրից շաբաթներ անց:

Մրցամարտի հնարավոր հետաձգման մասին լուրերը, որոնք լայնորեն շրջանառվում էին մարզական լրատվամիջոցներում, հնարավոր է, որ մրցակցի թիմի տարածած ապատեղեկատվության արդյունք լինեն:

29-ամյա հայազգի բռնցքամարտիկը, որը հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո, այս տարվա սկզբին հրաժարվեց IBF վարկածով չեմպիոնի գոտուց և դիտարժան մեկնարկ տվեց` հանդես գալով Սուպերվեցնյակի մրցաշարում, որին մասնակցում են գերմիջին քաշային վեց բռնցքամարտիկ:

Հոկտեմբերի վերջին Բեռլինում մրցաշարի շրջանակներում իր առաջին մրցելույթում Արթուրը (31 հաղթանակ` 25-ը նոկաուտով, ոչ մի պարտություն) 12-րդ ռաունդի վերջին վայրկյաններին անակնկալ հարվածով տապալեց արքանզասցի բռնցքամարտիկ Ջերմեն Թեյլորին («Չար մտադրություններ»):

Սուպերվեցնյակի մրցաշարը (Super Six World Boxing Classic), որը կազմակերպել է «Showtime» ընկերությունը «Sauerland Event»-ի հետ համատեղ, WBA և WBC վարկածներով գերմիջին քաշի բռնցքամարտիկների մրցաշար է, որին մասնակցում են գերմիջին քաշային կարգի աշխարհի վեց ուժեղագույն բռնցքամարտիկներ (երեք բռնցքամարտիկ ներկայացնում են Եվրոպան, երեքը` Ամերիկան): Մասնակիցների թվում են նաև Անդրե Դիրելը և Անդրե Ուորդը (երկուսն էլ ԱՄՆ-ից), ինչպես նաև Կարլ Ֆրոշը և Միկկել Կեսլերը (համապատասխանաբար` Մեծ Բրիտանիայից ու Դանիայից):

Դիրելը (18 հաղթանակ, 1 պարտություն) իր առաջին մրցելույթում պարտվել է Մեծ Բրիտանիան ներկայացնող Ֆրոշին: