Վերլուծություն. Էրդողանի այցն ԱՄՆ ընդգծում է Թուրքիայի մեծ դերը իսլամական և արաբական հարաբերություններում

Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը ԱՄՆ տեղի ունեցավ շատ կարևոր մի ժամանակաշրջանում, երբ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ պաշտոնական Անկարան ձգտում է դառնալ ոչ միայն թյուրքական, այլև իսլամական աշխարհի կենտրոնը, ուստի սերտ հարաբերություններ է հաստատում արաբական երկրների հետ:

Նման քաղաքականությունն ուղեկցվում է Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածության աննախադեպ աճով, ընդ որում` Անկարան պաշտոնապես մեղադրում է Թել Ավիվին «Պաղեստինի արաբ ժողովրդի ցեղասպանության համար»:

Էրդողանի այցի կարևորությունն ընդգծվում է նաև հայ-թուրքական հարաբերությունների վերջին ակտիվ զարգացումների ֆոնի վրա, որը պայմանավորված է Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն առնչվող փաստաթղթերի ստորագրմամբ:

Իր հերթին` ղարաբաղյան հիմնախնդիրը մտնում է կարգավորման նոր փուլ, և այս գործընթացում նույնպես Թուրքիան իրեն կարևոր դերակատարություն է վերագրում:

Այսպիսով, մերձավորարևելյան տարածաշրջանը քաղաքական վերադասավորումների նոր փուլ է թևակոխում, ինչը չի կարող չազդել ԱՄՆ շահերի վրա, որի համար այս տարածաշրջանը պաշտոնապես հայտարարված է «կենսական շահերի գոտի»:

Էրդողանի այցին առանձնակի կարևորություն է տալիս Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածության ընդհանուր ֆոնը` հաշվի առնելով ԱՄՆ-ում հրեական ազդեցիկ համայնքի առկայությունը:

Հենց հրեական կամ նրանց մոտ կանգնած ԱՄՆ քաղաքական շրջանակները, որպես կանոն, խոչընդոտել են, որ Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ անող «հայկական բանաձևը» չընդգրկվի Կոնգրեսի քննարկման օրակարգում:

Այսօր թուրք-իսրայելական հարաբերությունների լարվածության ֆոնի վրա իրավիճակը կարող է փոխվել:

Արդյո՞ք նրանց հարաբերությունները կջերմանան Էրդողանի` Նահանգներ այցից հետո:

Ահա այն գլխավոր հարցը, որը տալիս էին փորձագետները և քաղաքական մեկնաբանները:

Հարցին բացասական պատասխան տվեց հենց ինքը` Էրդողանը` ելույթ ունենալով Վաշինգտոնում Ջոն Հոփկինսի համալսարանում:

«Իսրայելի անվտանգությունը, իհարկե, կարևոր է տարածաշրջանի համար, սակայն մեզ չի բավարարում, թե ինչ կերպ է այդ երկիրն ապահովում իր անվտանգությունը»:

«Արաբ բնակչության ցեղասպանություն» եզրը ԱՄՆ-ում չօգտագործվեց, սակայն Թուրքիայի վարչապետը նոր բնորոշում գտավ` «բանտ բաց երկնքի տակ»:

«Եթե Գազայի հովտում երեխաներին սպանում են ֆոսֆորային ռումբերով, սա արդեն անվտանգության ապահովում չէ, այլ ամենաիսկական ողբերգություն,- հայտարարեց նա: - Այսօր Գազան հիշեցնում է բանտ բաց երկնքի տակ. 21 –րդ դարում պետք է վերջ դնել նման այլանդակությանը»:

Որոշ չափով Էրդողանը խոսեց նաև հօգուտ Իրանի (ինչը կրկին մեկնաբանվում է իսլամական աշխարհում Թուրքիայի նոր դերի համատեքստում:)

«Մենք դեմ ենք, որ Իրանը սեփական միջուկային զենք ունենա, սակայն միաժամանակ դեմ ենք, որ այդ զենքը տարածաշրջանի այլ երկրներ ունենան»,- նշեց նա` բնականաբար նկատի ունենալով Իսրայելին:

Կոնգրեսի քննարկման օրակարգում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդգրկման առնչությամբ հայկական և հրեական լոբբիների հնարավոր համերաշխության մասին խոսելով` արտասահմանյան ԶԼՄ-ները հաղորդում են, թե ԱՄՆ-ում հայտարարվել է, որ «Անկարան կոշտ կարձագանքի Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման փորձերին` դիմելով դիվանագիտական, քաղաքական և տնտեսական միջոցների»:

Թուրքիայի վարչապետը նաև խուսանավեց այն հարցից, թե արդյո՞ք ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը:

Թուրքիայի Sabah թերթի հաղորդմամբ` Էրդողանը հայտարարել է, թե «զրույցի ընթացքում Օբաման խնդրել է ինձ արագացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և համոզել Ադրբեջանին, որ դեմ դուրս չգա դրան»:

«Սակայն ես հերթական անգամ բարձրաձայնեցի Օբամայի մոտ Անկարայի դիրքորոշումը, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացը կախված է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումից»,- պատասխանել է Էրդողանը: