Փաշինյանը մեղավոր ճանաչվեց. հետընտրական դեպքերի առնչությամբ ընդդիմադիր գործչին դատապարտեցին 7 տարվա ազատազրկման

Փաշինյանը մեղավոր ճանաչվեց. հետընտրական դեպքերի առնչությամբ ընդդիմադիր գործչին դատապարտեցին 7 տարվա ազատազրկման

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Փաշինյանը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման:

Երեքշաբթի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում 2008 թ. հետընտրական դեպքերի առնչությամբ մեղադրվող արմատական ընդդիմադիր գործիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 34-ամյա Փաշինյանին մեղավոր ճանաչեց Երևանում 2008 թ. մարտի 1-2-ին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար, սակայն նրա վրայից հանվեց ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռություն գործադրելու մեղադրանքը` «ապացույցի բացակայության պատճառով»: Փաշինյանի դատապաշտպանն ասաց, որ վճիռը բողոքարկելու են:

Փաշինյանի դատավարությունը սկսվել էր հոկտեմբերի 20-ին: 2008-ի փետրվարի 19-ին անցկացված նախագահական ընտրությունների (որոնցում հաղթեց ներկայիս նախագահը, որը վայելում էր իշխանության աջակցությունը) արդյունքներից դժգոհ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը փետրվարի 20-ից անընդմեջ հանրահավաքներ էր կազմակերպում: Բողոքի ակցիաները 2008 թ. մարտի 1-2-ին վերաճեցին ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումների, որոնց զոհ գնացին տասը մարդ ու ավելի քան 200-ը վիրավորվեցին և վնասվածքներ ստացան:

Այդ օրերին Փաշինյանը կենտրոնական դեմք էր և բողոքի ակցիաների (որոնք իրենց կիզակետին հասան քաղաքապետարանին հարակից փողոցներում) կազմակերպիչներից մեկը: Երբ ընդդիմությանն ալիքը ճնշվեց, ինչպես նախկին պատգամավոր և մեծահարուստ Խաչատուր Սուքիասյանը, այնպես էլ Փաշինյանը թաքնվում էր իրավապահ մարմիններից: Ազգային ժողովի հայտարարած համաներումից հետո Փաշինյանը հանձնվեց իշխանություններին: Համաներման պայմաններում Փաշինյանը կարող էր ազատ արձակվել, եթե դատապարտվեր ազատազրկման 5 տարուց պակաս ժամկետով:

«ԱրմենիաՆաուի» խնդրանքով, մեկնաբանելով դատավճռը, Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի անդամ, ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանն այն որակեց «ընդդմության ներկայացուցչի նկատմամբ Լինչի դատաստան»:

Դատարանի շենքի բակում մոտ 100 մարդ էր հավաքվել` սատարելու Փաշինյանին: Նրանք հանդես էին գալիս հակաիշխանական կոչերով և սպառնալիքներ հնչեցնում ՀՀ նախագահի հասցեին: Երբ դահլիճում հնչեց դատավճիռը, դատարանի շենքից դուրս իրավիճակը մի պահ շիկացավ, և ընդդիմադիրների ու իրավապահ մարմինների միջև հրմշտոց սկսվեց: