Սլանալով ողջ արագությամբ. ըստ ԱՄՀ-ի` Հայաստանի տնտեսությունը նոր շարժիչի կարիք ունի

Ժամանա՞կն է արդյոք շարժիչը փոխելու: Արժույթի միջազգային հիմադրամի կարծիքով` ժամանակն է, իսկ ՀՀ կառավարությունը խոսում է միայն մասնակի վերանորոգման անհրաժեշտության մասին:


Հուլիսի 26-ին Արժույթի միջազգային հիմնադրամը Երևանում քննարկում էր կազմակերպել «Հայաստանի տնտեսական քաղաքականությունը. հետագա ուղին» թեմայով: Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչը Գիերմո Տոլոսան Հայաստանի տնտեսությունը համեմատել է ավտոմեքենայի հետ, որը 1998-2008 թթ. բավական սրընթաց շարժվում էր, բայց երբ ձյունամրրիկ եղավ, մեքենան դուրս եկավ մայրուղուց:

Կառավարությանն ու կենտրոնական բանկին ԱՄՀ-ի շնորհիվ հաջողվեց օպերատիվ արձագանքել և ավտոմեքենան մայրուղի դուրս բերել: Սակայն շարժիչն այնպես է խափանվել, որ անհրաժեշտ է ուշադիր զննել այն:

«Նոր քաղաքականությունը պետք է վերաբերի նաև նոր շարժիչին, տվյալ պահին` մակրոտնտեսական քաղաքականությանը»,- ասել է ԱՄՀ ներկայացուցիչը:

Տոլոսայի կարծիքով` անհրաժեշտ է նոր շարժիչ, որի համար կպահանջվեն ավելի մրցունակ արտադրանք թողարկող ձեռնարկություններ, ավելի շատ աշխատատեղեր` ավելի բարձր աշխատավարձերով, ավելի լավ ենթակառուցվածքներ` որակյալ ինտերնետ և այլն, միջավայր, որտեղ ձեռնարկությունների համար հեշտ կլինի գործ ունենալ բյուրոկրատիայի հետ, և նրանք չեն հայտնվի իշխանությունների քմահաճույքից ու չարաշահումներից կախված վիճակում, հստակ սոցիալական ծրագրեր երաշխավորված ծախսերով:

Ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդգծել է, որ երբ կան խնդիրներ շարժիչի հետ, հարկավոր է նախ քննարկել հարցը` ընդհանրապես փոխե՞լ այն, թե՞ վերանորոգել: Ըստ նրա` սովետական «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենան ամերիկյան ճանապարհներին շարքից դուրս է գալիս նույնքան արագ, որքան «Մերսեդեսը» մեր ճանապարհներին:

Եվ այդպես Հայաստանում փոխաբերական իմաստով շարունակվեցին երկրի տնտեսության զարգացման ուղու մասին բանավեճերը: ՄԻջազգային ֆինանսական կազմակերպությունները, որոնք սատարեցին տնտեսությունը կրիտիկական շրջանում, պնդում են լիակատար շուկայական տնտեսության անցման մասին, որում մենաշնորհներ և օլիգոպոլիաներ չկան, կա հավասար մրցակցություն, և «ստվերը» նվազագույնի է հասցված: ՀՀ կառավարությունը Հայաստանի տնտեսությունը համեմատում է սովետական «Ժիգուլիների» հետ` ըստ էության ընդունելով, որ տնտեսությունը շարժվում է հետխորհրդային ճանապարհով, և նրա ուժից վեր են այն բարեփոխումները, որոնք առաջարկվում են: Այսինքն` կառավարությունն ընդունում է իր անզորությունը կամ իր ցանկության բացակայությունը մենաշնորհների դեմ պայքարելու, խոշոր բիզնեսին ստիպելու հարկերը վճարել, խթանելու փոքր բիզնեսը և զարգացնելու արտահանումը:

Երիցյանի խոսքով` 21-րդ դարում մրցունակ կլինեն այն պետությունները, որոնք գիտելիքահենք կլինեն: Էկոնոմիկայի նախարարի կարծիքով` Հայաստանի տնտեսության առաջնայնությունները արտահանման զարգացումն է, նորամուծությունները, բիզնեսի խթանումը, բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ձեռնարկությունների ապահովումը, և միայն վերջում, գրեթե աննկատ` տնտեսության կառուցվածքային բարեփոխումը: Սակայն ճիշտ այս վերջին պահանջն են որպես գլխավոր պահանջ առաջ քաշում միջազգային կազմակերպությունները:

Հիշեցնենք, որ հակաճգնաժամային միջոցառումներ անցկացնելու համար ԱՄՀ-ը Հայաստանին էր տրամադրել ավելի քան 800 մլն դոլարի վարկ: Հայաստանի արտաքին պետական պարտքը 2010 թ. մարտի 31-ի դրությամբ կազմել է 2,98 մլրդ դոլար: 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտաքին պարտքն ավելացել է 66,6 տոկոսով: Հայաստանի արտաքին պարտքը կտրուկ ավելացել է ԱՄՀ-ի (823 մլն դոլար), Համաշխարհային բանկի (545 մլն դոլար) և Ռուսաստանի (500 մլն դոլար) տրամադրած վարկային միջոցների հաշվին: