Պատարագ Աղթամարում. Թուրքիայում շրջադարձային կրոնական արարողությունն անցավ առանց խաչի և անհանգիստ մթնոլորտում

Թուրքիայի արևելյան մասում գտնվող Վանա լճի Աղթամար կղզու` 10-րդ դարում կառուցված եկեղեցում գրեթե մեկ դար ընդմիջումից հետո առաջին անգամ քրիստոնյա հայերը պատարագ մատուցեցին:


Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ սրբազան Աթեշյանի կողմից պատարագ մատուցվեց, առանց գմբեթին խաչ տեղադրելու (խաչը պարտադիր նշան է հայկական բոլոր եկեղեցիների համար):

Թուրք պաշտոնյաներն ասում են, թե մտադիր էին խաչ տեղադրել գմբեթին, սակայն չհասցրեցին: Բացի այդ, ներկայումս (2007 թ. վերակառուցումից հետո) եկեղեցին պաշտոնապես թանգարանի կարգավիճակ ունի, որտեղ ուրբաթ, CNN-ի հաղորդմամբ, կաթոլիկ մի քահանայի քաղաքավարի արգելել էին աղոթել` բացատրելով, թե թանգարանում բարձրաձայն աղոթելն արգելվում է:

Հայաստանյայց Առաքելական եկեղեցին հրաժարվեց ուղարկել իր պատվիրակներին` մասնակցելու պատարագին, երբ տեղեկացավ, որ Թուրքիայի իշխանությունները հավատարիմ չեն մնացել իրենց խոստմանը, այսինքն` պատարագի ժամանակ քրիստոնեական խորհրդանիշը եկեղեցու գմբեթին չի լինի:
Սա նաև պատճառ դարձավ շատ հայաստանցիների և սփյուռքահայերի համար` չեղյալ հայտարարելու իրենց` նախօրոք պատվիրած ճանապարհորդությունը Թուրքիա:

Այդուհանդերձ, կիրակի մատուցված պատարագը կարևոր իրադարձություն էր ներկաներից շատերի համար:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան Թուրքիայում բնիկ հայ բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանությունից հետո առաջին անգամ Թուրքիայի իշխանությունները թույլատրեցին մեկ անգամ պատարագ մատուցել, որի ժամանակ կարմրավուն քարից հայկական եկեղեցում կրկին լսվեց պատարագի ձայնը, և տարածվեց խնկաբույրը:

Կղզու շուրջ 6700 այցելուներից գրեթե հազարը հայեր էին, որոնք եկել էին աշխարհի տարբեր ծագերից` Եվրոպայից, ԱՄՆ-ից, Հայաստանից: Սակայն մեծ մասը Ստամբուլից էր, որտեղ դեռևս հայերի համեմատաբար մեծ համայնք կա:

Ուխտավորները մոմեր էին վառում եկեղեցու բակում, համբուրում Սուրբ Խաչի պատերն ու աղոթքներ մրմնջում:

Թուրքիայի իշխանությունները փորձեցին ցույց տալ, թե դրական փոփոխություն են կատարել այլադավան ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրենց քաղաքականության մեջ: Այս կերպ նրանք հույս ունեին բարձրացնել երկրի միջազգային վարկանիշը և մեծացնել Եվրամիություն մտնելու իրենց հնարավորությունները:

Աղթամարի միջոցառումը շատերը դիտեցին որպես փոխվող Թուրքիայի նման հերթական շոուներից մեկը:

Աղթամարի պատարագը պետք է խոշոր ազդեցություն ունենար նաև թուրքերի և հայերի միջև մշակութային կամուրջներ կառուցելու գործում ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում, որի հետ Անկարան դեռևս դիվանագիտական հարաբերություններ չունի:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը միջազգային աջակցություն էր վայելում, ապրիլին փակուղի մտավ այն բանից հետո, երբ Թուրքիան նախապայմաններ առաջ քաշեց հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկու ստորագրված արձանագրությունները խորհրդարանում վավերացնելուց առաջ:

Սակայն լայնորեն գովազդված միջոցառումը չարդարացրեց սպասումները, քանի որ այն ընթացավ խաչի չտեղադրման շուրջ բարձրացած մեծ աղմուկի ֆոնի վրա:

1,5 մլն դոլար արժողությամբ հայկական եկեղեցու վերակառուցումից հետո Թուրքիայի կառավարությունը Սուրբ Խաչին թանգարանի կարգավիճակ տվեց, ինչը ենթադրում է, որ եկեղեցում ժամերգությունը, աղոթքն ու մոմ վառելն արգելված են: Հետագայում, ինչպես Անկարան է ներկայացնում` որպես բարի կամքի դրսևորում, Թուրքիան թույլատրեց հայերին տարին մեկ անգամ պատարագ մատուցել եկեղեցում, ինչը բազմաթիվ հայերի դեռևս դժգոհելու տեղիք է տալիս:

Ավելի ուշ Թուրքիայի իշխանություններն ասացին, թե սկզբնական կառույցը թույլ չի տալիս ծանր խաչը գմբեթին տեղադրել, որը կարող էր վնասվել կիրակնօրյա պատարագից առաջ: Սակայն նրանք ասում են, որ խաչը կարող է տեղադրվել միջոցառումից հետո:

«Թող չկարծեն` մեծ բան են անում: Թող ասեն, թե ինչի են վերածել մեր մյուս սրբատեղիները` ախոռների ու գոմերի: Իսկ այսօր էլ պատարագ են անում առանց խաչի, սա թուրքական դիվանագիտության հերթական խայծն է»,- ասում է արմատներով Խարբերդից, ներկայումս Գերմանիայում բնակվող Մուրադ Քեյանը, որը Վան էր եկել միջոցառումից օրեր առաջ:

Համանման կարծիք էին հայտնել Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` որպես բողոքի ակցիա անցկացված մեկ այլ պատարագի մասնակիցները, որոնք Աղթամարի միջոցառումն անվանեցին Թուրքիայի հերթական շոու:

Միջազգային լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում` 25 հայ և 150 թուրք լրագրողներ, լայնորեն լուսաբանում էին Աղթամարի միջոցառումը: Սակայն, ըստ էության, սահմանափակ թվով լրագրողների թույլատրվեց պատարագի ժամանակ եկեղեցի մտնել:

Այդուհանդերձ, եկեղեցու պատերից դուրս ևս լուսաբանելու շատ բան կար:

Աղթամարի Սուրբ Խաչ էին ժամանել նաև Թուրքիայում ապրող մահմեդականություն ընդունած հայեր` իրենց հայրենակիցներին տեսնելու համար:

«Ջարդերի ժամանակ իմ պապին պահել մեծացրել են քրդերը: Պապս մեզ ասում էր, որ մենք արմատներով հայ ենք: Ես այսօր հատուկ եմ եկել այստեղ ուղղակի հայերի տեսնելու համար,- ասում է Բաղեշում ապրող 70-ամյա Ֆարսանդան: - Ես ամուսնացել եմ քրդի հետ, քույրս նույնպես: Վերջերս գտել եմ Հայաստանում ապրող իմ հորեղբոր տղաներին»:

Կղզու մի հատվածում էլ հյուրերին խաղող էին բաժանում Մուշում ապրող մահմեդականացած հայեր` Թեքիմը (Հայկ), Դանիելը, Մաշալան, Հայրենտինը (Սերոբ):

«Հայկն ու Սերոբը մեր հայկական անուններն են: Իսկ խաղողը բերել ենք Մուշից 2 կմ հեռու գտնվող Մոնքոնք գյուղից, որը հին հայկական գյուղ է եղել, և որտեղ խաղողի տնկիներն ի սկզբանե հայերն են տնկել: Անուշ արեք»,- ասում է Թեքիմը:

Նա ասում է, որ մի քանի տարի առաջ Հայաստանի Թալինի շրջանի Սասնաշեն գյուղում գտել է իր ազգականներին և տարին մեկ անգամ այցելում է նրանց:

Եկեղեցու բակում մոմ էին վաճառում: Կղզի այցելած հայերը շրջակայքից քարեր էին հավաքում, հող լցնում տոպրակների մեջ, շշերի մեջ` Վանա լճի ջուր` որպես իրենց պապերի երկրից հիշատակ տանելու:

Կղզում տեղադրված տեղեկատվական վահանակի վրա գրված է, որ Սուրբ Խաչ եկեղեցին կառուցել է Գագիկ Ա թագավորը: Սակայն չի հիշատակվում, որ նա հայ թագավոր է եղել, և որ այն կառուցել է Մանուել ճարտարապետը 915-921 թվականներին` Վասպուրականի թագավոր Գագիկ Ա-ի պատվերով:
Իսկ Վանի մասին պատմող գրքույկներում ասվում է, թե քաղաքը կառուցել են քրդերը:

«Սա ողբերգություն է: Ո՞վ չգիտե, որ սա հայկական եկեղեցի է, որ այն հայերն են կառուցել: Եկեղեցին [Թուրքիայի] իշխանությունները պետք է հանեն թանգարանի կարգավիճակից, և հայերին միշտ թույլատրել Սուրբ Խաչում կրոնական արարողություններ կատարել: Եթե ոչ, ապա սա թուրքերի հերթական քաղաքական ինտրիգն է»,- ասում է արմատներով Սեբաստիայից, այժմ Ստամբուլում բնակվող Նուրան Աքայան: