Հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող արձանի ապամոնտաժման դեմ հանդես եկող թուրք նկարիչը հարձակման ենթարկվելուց հետո էլ չի երկնչում

Հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող արձանի ապամոնտաժման դեմ հանդես եկող թուրք նկարիչը հարձակման ենթարկվելուց հետո էլ չի երկնչում

Photo: www.wikipedia.org

Բեդրի Բայքամը

Հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող արձանի ապամոնտաժման դեմ պայքարող հայտնի թուրք նկարիչ Բեդրի Բայքամը, որը երկուշաբթի դանակահարվել էր Ստամբուլում, պնդում է, որ անգամ դանակահարությունից հետո շարունակելու է պայքարել արձանի ապամոնտաժման դեմ, ու ապրիլի 23-ին իր համախոհները բողոքի ակցիա են կազմակերպելու Կարսում:

Նախօրեին Ստամբուլի «Աքաթլար» մշակութային կենտրոնում հայտնի նկարիչը և մի քանի տասնյակ արվեստագետներ կազմակերպել էին հանդիպում` քննարկելու Կարսի հայ-թուրքական բարեկամության հուշարձանի ապամոնտաժման դեմ ապրիլի 23-ին բողոքի երթ անցկացնելու հարցը։

Ժողովից դուրս գալու ընթացքում նրան և իր համախոհ, «Պիրամիդա» գեղարվեստի սրահի աշխատակից Թուղբա Քուրթուլմաշին դանակահարել էր միջին տարիքի մի մարդ` բացականչելով. «Դու դավաճան ես, կա միայն մի աստված»:

«ԱրմենիաՆաուին» տված հարցազրույցում նկարիչ Բայքամն ասաց, որ դա ակնհայտորեն կապված է արձանի պաշտպանության և ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին իր դրական դիրքորոշման հետ:

«Այդ արձանը մեզ համար շատ կարևոր է, դա երկխոսության հնարավորություն էր տալիս հայերի հետ, սակայն ցավում եմ, որ մեր երկրում կան նման մոլեռանդներ, որոնք ընդդիմանում են առաջընթացին»,- «ԱրմենիաՆաուի» ասում է Բայքամը, որը դժվարությամբ էր խոսում և այժմ, բուժող բժշկի գնահատմամբ, դեռ մեկ շաբաթ էլ կմնա հիվանդանոցում` ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Ըստ Բայքամի` դանակահարողն «ավելի շատ ոչ թե ազգայնամոլ է, այլ իսլամիստ ֆանատ, որոնք դեմ են ցանկացած զարգացման»:

2008 թ. կառուցված Կարսի հուշարձանի քանդման որոշումը կայացվել էր հունվարին, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս այցելության ժամանակ արձանն անվանել էր «հրեշավոր» և կարգադրել քանդել այն:

Մարտին դատարանը բավարարել էր Կարսի քաղաքապետարանի հայցը ապամոնտաժման թույլտվություն ստանալու համար և չնայած բողոքի տարբեր ակցիաների, մի քանի օր առաջ արդեն սկսվել էին ապամոնտաժման աշխատանքները, որի համար Ստամբուլից հատուկ տեխնիկա է բերվել, պետական բյուջեից տրամադրվել է մոտ 200.000 դոլար:

Դեռ ամիսներ առաջ վերլուծաբանները արձանի քանդման քայլը որակել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «ֆուտբոլային դիվանագիտության» ավարտի խորհրդանշան: Մինչդեռ արվեստագետները հույս ունեն, որ պայքարն արդյունք կտա, և կկարողանան պաշտպանել արձանը:

«Մենք ամեն ինչ անելու ենք արձանը պահպանելու համար, ես հիվանդանոցում եմ, բայց դա նշանակություն չունի, միևնույն է` պայքարը շարունակվելու է»,- ասում է Բայքամը:

Վիրավորված ու զայրացած է նաև արձանի հեղինակ քանդակագործ Մեհմեդ Աքսոյը:

«Իհարկե, ահավոր է ինձ համար, բայց դեռ հույս ունեմ, որ կմնա»,- «ԱրմենիաՆաուի» հետ հեռախոսազրույցում ասաց Աքսոյը (որը խոստացել է ավելի մանրամասն հարցազրույց տալ առաջիկայում):