Քաղաքապետը մետրոյի մասին. ուղեվարձը կրկնապատկելը բխում է անխափան շահագործման նկատառումներից

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս մեկնաբանել է մետրոյի ուղեվարձը կրկնապատկելու (50-ից կդառնա 100 դրամ (15-ից` 30 սենթ) մասին վերջին որոշումը, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:


Նա ասել է, որ այդ քայլին գնացել են ստորգետնյա տրանսպորտային միջոցի անխափան շահագործումն ապահովելու նպատակով:

Ավելի վաղ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններն իրենց դժգոհությունն են հայտնել որոշման առնչությամբ` պնդելով, որ ցանկացած սակագին 100 տոկոսով բարձրացնելը չափազանց է և նույնիսկ ապօրինի: Թանկացումը դժգոհության ալիք է բարձրացրել նաև ուսանողության շրջանում, որոնցից մի քանիսը սոցիալական ցանցում էջ են բացել:

Օգտագործելով նույն կիբեռտարածքը` քաղաքապետ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ես հասկանում եմ մետրոպոլիտենի ուղեվարձի բարձրացման հետ կապված ձեր մտահոգությունը»։

«Չգնալով այս քայլին` մենք կվտանգեինք մետրոպոլիտենի շահագործման համար բոլոր անհրաժեշտ պայմանների ապահովումը»,- ասել է Կարապետյանը:

Երևանի քաղաքապետը կրկին նշել է, որ մետրոյի ուղեվարձը բարձրացնելուց հետո նույնիսկ երթևեկության ինքնարժեքը չի ծածկվում (մեկ ուղևորի փոխադրման ընդհանուր արժեքը կազմում է 160 դրամ), և քաղաքապետարանը կշարունակի սուբսիդավորել տրանսպորտի այս միջոցը:

«Մենք չենք կրճատելու մետրոպոլիտենի դոտացիան, բայց նաև հնարավորություն չունենք այն ավելացնելու, այնինչ մետրոպոլիտենի պահպանման և զարգացման համար անհրաժեշտ ծախսերի ծավալի աճը բավականին մեծ է։ Նշեմ նաև, որ նույնիսկ 100 ՀՀ դրամ ուղեվարձը մնում է ԱՊՀ քաղաքների համեմատ ամենացածր սակագներից մեկն է»,- ասել է Կարապետյանը։

1981-ից շահագործվող Երևանի մետրոպոլիտենն ունի 10 կայարան և սպասարկում է օրական մոտ 60.000 ուղևոր: Մեկ միլիոնանոց քաղաքում մետրոյից քչերն են օգտվում: Երևանում մարդկանց մեծ մասը (90 տոկոս) նախընտրում է վերգետնյա տրանսպորտի միջոցները: Սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունները նաև ասում են, որ թանկացումից հետո կկրճատվի մետրոյից օգտվողների թիվը, քանի որ ստորգետնյա տրանսպորտի միջոցի ուղեվարձը կհավասարվի միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձին:

Կարապետյանն ավելի վաղ ասել էր, որ քաղաքային իշխանությունները նախատեսում են աջակցել մետրոպոլիտենին` կրճատելով այն միկրոավտոբուսների թիվը, որոնց երթուղին համընկնում է մետրոյի երթուղիներին: