Պաշտպանության պաշտոնյա. մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը երեկ ռուսական «ՌԻԱ-Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում «միանգամայն հնարավոր» է համարել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը:

«Նման հանգամանքներում, մեր անվտանգության տեսանկյունից մենք ճիշտ ենք համարում ելնել նրանից, որ ռազմական գործողությունները կարող են սկսվել ցանկացած պահի, և պատրաստ լինենք դրան, քան թե ենթադրենք, թե արդյոք Ղարաբաղում նոր պատերազմ կլինի՞: Այս համատեքստում ուզում եմ նշել, որ պակաս կարևոր չէ, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բանակների համագործակցությունը շատ բարձր մակարդակում է գտնվում»,- ասել է Տոնոյանը:

Նույն հարցազրույցում Տոնոյանը նաև հաստատել էր արդեն բավական ժամանակ շրջանառվող լուրերն այն մասին, որ Հայաստանի տարածքում գործելու է հայ-ռուսական պաշտպանական ոլորտի համատեղ ձեռնարկություն: Նա ասել է, որ ձեռնարկությունը զբաղվելու է զրահատանկային և հակաօդային պաշտպանության տեխնիկայի և ռուսական արտադրության տարբեր տեսակի ուղղաթիռների, ինչպես նաև ՈՒԱԶ ավտոմեքենաների պարկի նորոգմամբ և տեխնիկական սպասարկմամբ:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը նաև հայտարարել է, որ Հայաստանը պատրաստվում է վաճառելու իր անօդաչու ինքնաթիռները և այլ ռազմաարդյունաբերական արտադրանք:

«Արդեն մի քանի տարի է, որ մեր գիտահետազոտական ինստիտուտները և ռազմաարդյունաբերական ձեռնարկությունները տարբեր տիպի անօդաչու ինքնաթիռներ են մշակում, որոնց շարքում մենք առանձնացնում ենք «Կռունկ-25» մոդելը: Բոլոր անօդաչու ինքնաթիռները հաջողությամբ օգտագործվում են հետախուզության և տեղեկատվություն հավաքելու համար, և մենք կարծում ենք, որ մեր մշակումները միանգամայն մրցունակ կլինեն միջազգային շուկայում»,- ընդգծել է Տոնոյանը:

Հայաստանն առաջին անգամ տեղական արտադրության անօդաչու ինքնաթիռները ցուցադրեց սեպտեմբերի 21-ին` անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ: