Կգործարկվի. Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը կշահագործվի այս շաբաթավերջին

Հրազդանի ջերմաէլեկտրակայանի (ՋԷԿ) երկար սպասված հինգերորդ էներգաբլոկը կշահագործվի հունվարի 15-ին: Այս մասին երեքշաբթի հայտնել է էներգաբլոկի սեփականատեր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ներկայացուցիչը:

Հինգերորդ էներգաբլոկի կառուցումը սկսվել էր 1980-ականներին, սակայն շինարարությունն անավարտ էր մնացել Խորհրդային Միության փլուզման հետևանքով: «ՀայՌուսգազարդը» հինգերորդ էներգաբլոկի շինարարությունը վերսկսել է 2006-ին` որպես ՀՀ կառավարության հետ կնքած համաձայնագրի մաս, որով ընկերությունը ավելացրել է Հայաստանի գազամատակարարման ոլորտում իր վերահսկողական փաթեթը: Ըստ «ՀայՌուսգազարդի»` ընկերությունը 456 մլն դոլարի ներդրում է կատարել էներգաբլոկի շահագործման մեջ:

Ակնկալվում է, որ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկն ավելի հզոր և արդյունավետ կլինի, քան մյուս չորսը: Բացի այդ, այն էապես կավելացնի Հայաստանի էներգաարտադրության ծավալը:

Ըստ սեփականատերերի`հնարավոր է, որ ՋԷԿ-ի արտադրած էներգիան արտահանվի Թուրքիա և Իրան: