Հայոց բանակը 20 տարեկան է

Այն, որ Հայաստանում զինված ուժերին վերաբերող տոն կա այս օրերին, կարելի է հասկանալ նույնիսկ Երևանի սուպերմարքեթներից մեկում վաճառվող «զինվորական համազգեստով» տորթերից: Հունվարի 28-ին` շաբաթ, կլրանա ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձը, և, բնականաբար, կլոր հոբելյանի առթիվ տոնակատարությունները սովորականից ճոխ են:

1992 թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշումը, որով իրավականորեն ազդարարվեց ազգային բանակի ստեղծումը: 1992-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու ավանդույթին: Դրանից առաջ Ադրբեջանի հետ Ղարաբաղյան պատերազմի մեջ ներգրավված ոչ կանոնավոր բանակը համալրվում էր ինքնաբուխ հայրենասերներով:

Հայաստանում զինված ուժերի կազմավորման օրը ավելի մեծ հանդիսավորությամբ սկսեցին նշել հինգ տարի առաջ` 2007-ին, երբ լրացավ կազմավորման 15-ամյակը: Այդ թվականին ստեղծվեցին բանակային թեմաներով մի քանի նոր երգեր, որոնք այսօր սովորեցնում են նույնիսկ մանկապարտեզներում, իսկ երեխաները առավոտյան մարմնամարզությունը երբեմն կատարում են այդ երգերի ներքո:

Այսօր երեկոյան տոնական համերգ տեղի կունենա «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում: Շաբաթ առավոտյան պաշտպանության նախարարութան ԶՈՒ բարձրագույն սպայակազմը կայցելի «Եռաբլուր» զինվորական պանթեոն, այնուհետև նախարարությունում տեղի կունենա հանդիսավոր նիստ, որի ընթացքում կհանձնվեն ՀՀ պետական ու գերատեսչական պարգևներ: Երեկոյան ժամը 22-ին կլինի տոնական հրավառություն` հրետանային 20 համազարկերով, իսկ կիրակի Մայր Աթոռ Սբ Էջմիածնում տոնի առթիվ կմատուցվի Սուրբ պատարագ: Զորամասերի մատուռներում և զորամասերին մերձակա եկեղեցիներում ևս գոհաբանական մաղթանք կմատուցվի: