Ազգային ժառանգություն. Հայաստանում ստեղծվել է աշխատանքային խումբ ոչ նյութական արժեքները պահպանելու համար

Ազգային ժառանգություն. Հայաստանում ստեղծվել է աշխատանքային խումբ ոչ նյութական արժեքները պահպանելու համար

Ֆոտոլուր

Երկու հասարակական կազմակերպություններ մի խումբ փորձագետների հետ ստեղծել են աշխատանքային խումբ՝ հայկական մշակութային արժեքների վերհանման, դրանց մասին ուսումնասիրությունների կատարման, հրապարակման և ժողովրդականացման նպատակով, որպեսզի կանխեն հարևան երկրների փորձերը՝ յուրացնելու հայկական մշակութային ժառանգությունը:

Նախաձեռնության հեղինակներ` «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ու «Սերունդ հայապահպան միավորում» ՀԿ-ների ներկայացուցիչները չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին, որ նման խմբի կազմավորման համար հիմք է դարձել վերջին տարիներին հարևան պետությունների կողմից «հայկական մշակութային արժեքները յուրացնելու փորձերը»:

«Ազգային խոհանոցն ազգի ինքնության կարևոր հանգամանքներից է, և մեր հարևան երկրները, դա շատ լավ հասկանալով, իրենց ինքնությունը հաստատելու և իրենց ազգը ներկայացնելու համար մեր մշակույթի ոչ նյութական այս ժառանգության նկատմամբ ոտնձգություն են կատարում: Մասնավորապես` Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանն իրենց են վերագրում հայկական մի շարք ուտեստներ, և այս գործընթացները կանխելու համար համակարգված աշխատանք է հարկավոր»,- ասում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» (ՀԽԱԶՊ) ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական ժառանգության» ցուցակում՝ որպես թուրքական ազգային կերակրատեսակ ընդգրկվել էր քեշքեք անունով հայկական հարիսան, որը հայ խոհարարների ու ազգագրագետների զայրույթն էր առաջացրել: Ըստ նախաձեռնող խմբի անդամների՝ հիմա էլ վրացիներն են հայտ ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ` կարասագործությունն իրենց ազգային արհեստ ճանաչելու վերաբերյալ, մինչդեռ ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանում հայտնաբերվեց աշխարհի հնագույն հնձանը: Ավելին` Վրաստանի պատգամավորներից մեկն էլ հանդես է եկել հայտարարությամբ, որ Վրաստանը հայտարարվի մեղրի հայրենիք:

«Առաջիկա օրերին մենք կհավաքվենք, կբաշխենք պարտավորությունները և կսկսենք համակարգված աշխատանք, որը կլինի փուլային: Մենք պատրաստվում ենք հոդվածներ հրատարակել և ծրագրում ենք ֆիլմ նկարահանել»,- ասում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ քարտուղար Վահե Անթանեսյանը՝ կոչ անելով, որ աշխատանքային խմբին միանան նաև բոլոր այն անհատները, հասարակական և պետական կառույցները, որոնք շահագրգռված են հայկական մշակութային արժեքների պահպանմամբ:

Խմբի նախաձեռնող անդամները ցավով արձանագրում են, որ մինչ օրս հայկական որևէ կերակրատեսակ ամրագրված չէ, մինչդեռ Վրաստանում այս գործընթացները պետական քաղաքականության ոլորտում են:

Ըստ պատմաբան, վերլուծաբան Ռուբեն Նահատակյանի՝ տեղի է ունենում քաղաքակրթությունների պատերազմ, և այսօր «ոչ բարեկամական տրամադրված մեր հարևանները փորձում են կողոպտել ամբողջ Հայկական լեռնաշխարհը, ՀՀ-ին պատկանող և չպատկանող տարածքները», ահա թե ինչու հայոց քաղաքակրթությունը վտանգված է:

«Հարևանը միշտ էլ յուրացնելու է, եթե դու քոնը չես պաշտպանում, իսկ այսօր մեր հարևանները բավական ճիշտ ծրագրված գործում են, սակայն մենք չենք կարողանում դիմադրել նրանց խարդավանքներին»,- ասում է պատմաբանը` հավելելով, որ խնդիրը հարթելու համար հարկավոր է այն դարձնել պետական հոգածության առարկա: