Երևան-Հալեպ-Երևան. «Արմավիան» վերսկսում է չվերթները պատերազմական Սիրիայից փախչող հայերի համար

Երևան-Հալեպ-Երևան. «Արմավիան» վերսկսում է չվերթները պատերազմական Սիրիայից փախչող հայերի համար

Ֆոտոլուր

«Արմավիա» ավիաընկերությունն այսօր առաջին անգամ կիրականացնի մարտի վերջից դադարեցված Երևան-Հալեպ-Երևան թռիչքը, որը կարևոր նշանակություն ունի Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով բարդ իրավիճակում հայտնված քրիստոնյա սիրիահայերի համար:

Ինչպես «ԱրմենիաՆաուին» փոխանցեց «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան, ավիաընկերությունն առայժմ շաբաթական մեկ թռիչք կիրականացնի, հետագայում` պահանջարկի դեպքում, կարող են ավելացնել թռիչքների թիվը:

Ազգային ավիափոխադրողը մարտի վերջին դադարեցրել էր Երևան-Հալեպ-Երևան չվերթը` դա պայմանավորելով Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի հետ կապված վտանգներով: Սակայն քանի որ սիրիահայերը շարունակում են Հայաստան գալ (նրանց թիվը հասել է արդեն մոտ 3000-ի), իսկ Երևան-Հալեպ-Երևան չվերթն իրականացնող «Սիրիական ավիաուղիները» մինչև սեպտեմբեր արդեն վաճառել է իր բոլոր տոմսերը, ապա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմել էր «Արմավիային»` չվերթը վերականգնելու խնդրանքով:

21-ամյա Մեղրի Հայիթյանը, որն ընտանիքի հետ Հայաստան է եկել մոտ չորս ամիս առաջ, «ԱրմենիաՆաուին» պատմեց, որ ինքը շարունակում է տեղեկանալ նորանոր հայերի գալուստի մասին:

«Հուլիսի 11-ին իմ բարեկամներից մի քանիսը ևս օդանավով գալու են Հայաստան»,- ասաց Հայիթյանը:
Սակայն ինչպես «ԱրմենիաՆաուին» ասաց սիրիահայ լրագրող Հարութ Եկմանյանը, սիրիահայերն ավելի շատ նախընտրում են գնալ հարևան Լիբանան, ինչպես նաև եվրոպական երկրներ, քան Հայաստան: (Սփյուռքի նախարարության տվյալներով՝ Սիրիայում ապրում է 50 հազարից ավելի հայ): Ըստ Եկմանյանի` տարվա այս ժամանակահատվածում Հալեպ-Երևան չվերթերը միշտ ծանրաբեռնված են, և սխալ է ենթադրել, որ սիրիահայերը սկսել են մեծ հոսքով Հայաստան գալ:

«Այսինքն` գալիս են նրանք, ովքեր միշտ եկել-գնացել են Հայաստան»,- եզրակացնում է Եկմանյանը:
Մամուլում օրերս լուրեր տարածվեցին, որ «Արմավիան» կտրուկ բարձրացրել է Երևան-Հալեպ չվերթի գինը` այն 119 հազարից (մոտ 285 դոլար) դարձնելով 237 հազար (մոտ 568 դոլար): Ավետիսովան փոխանցեց, որ ավիատոմսի գինը դարձել է 128 հազար դրամ (մոտ 306 դոլար), իսկ թանկացումը պայմանավորված է առկա վտանգներով և Սիրիայի` ապահովագրություն չտրամադրելով: Սակայն երևանյան ավիագործակալություններում 306 դոլարով տոմս անհնար է գտնել: Օրինակ` «Գեոգրաֆիկ թրավելում» փոխանցեցին, որ մինչև օգոստոս սպառված են էկոնոմ կլասի տոմսերը, իսկ բարձր կարգի տոմսերն արժեն 250 հազար դոլար` 600 դոլար: