Մեծամորի ատոմային էլեկտրակայանի անվտանգությունը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին

Մեծամորի ատոմային էլեկտրակայանի անվտանգությունը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին

Ֆոտոլուր

Հայաստանի ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) անվտանգության մակարդակը համապատասխանում է ՄԱԳԱՏԵ-ի կողմից ներկայացվող չափանիշներին, այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում հայտարարել է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը` անհեթեթ համարելով չորեքշաբթի թուրքական Haber հեռուստաընկերությամբ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի կողմից ատոմակայանի վտանգավորության կեղծ «մտահոգությունները»:

Թուրք նախարարը հիշեցրել էր, որ հայկական ատոմակայանն աշխատում է ավելի քան 40 տարի, և ընդգծել էր, որ վտանգ են ներկայացնում հատկապես «հին» կայանները:

Թուրքիայում Մեծամորի ատոմակայանի շուրջ քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ լրատվամիջոցները հաղորդեցին, որ պաշտոնական Երևանը որոշել է ևս 10 տարով երկարաձգել միջուկային կայանի աշխատանքը՝ մինչև 2023 թվականը:

Թաներ Յըլդըզը նաև հայտարարել էր, թե ՄԱԳԱՏԵ-ն պահանջել է փակել ատոմակայանը: «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հատուկ առաքելությունը խիստ լայնածավալ և բարդ ստուգումներ է անցկացրել, որի արդյունքներով` հայկական ատոմակայանի անվտանգության մակարդակը դրական գնահատականի է արժանացել»,- ընդգծել է Մարկոսյանը:

ՀԱԷԿ-ի տնօրենի խոսքով՝ հիմնադրման օրվանից չորս տարին մեկ անգամ ատոմակայանում անցկացվում են կապիտալ վերանորորգման, վառելիքի դատարկման և այլ կարգի աշխատանքներ: «2012 թվականին ատոմակայանի անվտանգության բարձրացմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների համար ստանդարտ համարվող 65-օրյա դադարը երկարել է` հասնելով 89 օրվա»,- նշել է Մարկոսյանը:

Մեծամորի ատոմակայանը արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայիի 40 տոկոսը: